Ինչպես նշված էր նախագծում, այս եռօրյա ճամփորդության հիմնական իմաստն ու նպատակը հենց ուսումնական քայլքի միջոցով ճանապարհ անցնելն էր, բնության հետ անմիջական շփումն ու տեղանքի բացահայտումը: Սակայն բնությունը երբեմն որոշում է խմբագրել մեր նախապես կազմված ծրագրերը։
Մինչ Տավուշ հասնելը, մեր ուսումնական երթուղու առաջին և առանցքային կանգառներից մեկը Սևանա թերակղզին էր։ Այստեղ բնությունը և պատմությունը միահյուսվել էին՝ ստեղծելով իդեալական միջավայր բաց դասերի համար։
Սովորողները տեղում ներկայացրեցին Սևանա լճի բնապահպանական հիմնախնդիրները՝ ակտիվ քննարկում ծավալելով ջրի մակարդակի տատանումների , կենսաբազմազանության պահպանման և լճի էկոհամակարգին սպառնացող այլ մարտահրավերների շուրջ։ Բնապահպանական այս զրույցին անմիջապես հաջորդեց պատմամշակութային բաց դասը. մասնակիցները ներկայացրեցին Սևանա վանքի հարուստ պատմությունը՝ տեղում ծանոթանալով վանական համալիրի ճարտարապետությանն ու պատմական նշանակությանը։
Ըստ մեր նախնական երթուղու՝ պետք է իրականացնեինք քայլարշավ դեպի Գոշի լիճ։ Այնուամենայնիվ, նախորդող տեղումների պատճառով դեպի լիճ տանող ճանապարհը խիստ ցեխոտ էր ու գործնականում՝ անանցանելի, հատկապես մեծ խմբի համար։ Անվտանգության կանոններից ելնելով՝ ստիպված եղանք դիմել արագ իմպրովիզների և մշակել նոր պլան։
Որոշվեց անտառային քայլքը փոխարինել դիլիջանյան քաղաքային քայլքով։ Մեր նոր երթուղին սկսվեց Հին Դիլիջանի պատմական թաղամասից և շարունակվեց դեպի վեր՝ մինչև անտառամերձ ստորոտ։
Այս որոշումն արդարացրեց իրեն. հասնելով անտառի եզրին՝ մեզ առջև բացվեց Դիլիջանի քաղաքային համայնապատկերի հիանալի տեսարանը, որը թույլ տվեց սովորողներին վերևից ուսումնասիրել քաղաքի ռելիեֆն ու կառուցապատումը։
Այս ճամփորդությունը ևս մեկ անգամ ապացուցեց կարևոր մի ճշմարտություն. չնայած եղանակային բարդություններին ու անկանխատեսելի խոչընդոտներին՝ միշտ կարելի է և պետք է գտնել այլընտրանք։ Նախատեսված 8 կիլոմետրի փոխարեն մենք քայլեցինք 6 կիլոմետր, բայց փոխարենը սովորեցինք լինել ճկուն, հարմարվել փոփոխվող պայմաններին և բացահայտել գեղեցիկը այնտեղ, որտեղ չէինք պլանավորել:







0 Մեկնաբանություն:
Отправить комментарий