2026/03/30

Դեպի Լոռվա մարզ ճամփորդության ամփոփում


 Ուսումնական ճամփորդության կազմակերպումը որպես խոստում 9-րդ դասարանցիներին տրվել էր դեռևս նոյեմբեր ամսին՝ ռազմամարզական ճամբարի ժամանակ, իսկ գարնանային արձակուրդները դրանք իրականացնելու լավագույն ժամանակն էր, գոնե առաջին հայացքից այդպես էր թվում։ Քանի որ ճամփորդությանը մասնակցում էին հիմնականում 9-րդ դասարանցիներ, ծրագիրը լիովին հարմարեցված էր աշխարհագրության դասընթացների ժամանակ սովորածը տեսնելուն։

Եվ իրոք ճամփորդությունը հագեցած էր աշխարհագրությամբ, քանի որ ուղեկցող դասավանդողները՝ Աննա Օհանյանը և Լուսինե Խաչատրյանը, ևս աշխարհագրության մասնագետներ էին։ Այս հանգամանքը ճամփորդությունը վերածեց նաև յուրահատուկ մասնագիտական փորձի փոխանակման հարթակի. կրթահամալիրում աշխարհագրություն դասավանդողների համար այն ծառայեց որպես ճամփորդությամբ ուսուցման մենթորության հրաշալի գործնական օրինակ:

Ճամփորդությունը ինքնանպատակ չէր, և դրան նախորդել էր լուրջ նախապատրաստական աշխատանք։ Աշխարհագրության դասընթացի շրջանակներում սովորողները մանրամասն ծանոթացել էին Հայաստանի բնակլիմայական պայմաններին և լանդշաֆտների վերընթաց գոտիականությանը: Այդ փոփոխություններն անձամբ նկատելը ճամփորդության առանցքային նպատակներից էր։

Քանի որ մասնակիցների մի մասը շուտով ներկայացնելու է քննական նախագծեր, մեր առջև դրված էին հետևյալ խնդիրները՝

  • Նյութերի հավաքագրում քննական նախագծերի համար անմիջապես բնական միջավայրից։

  • Էկոտուրիզմի զարգացման հնարավորությունների բացահայտում և գնահատում ՀՀ-ում:

  • Հատուկ պահպանվող տարածքների ուսումնասիրություն։

  • Բնական միջավայրում բաց դասերի կազմակերպում և տեսական գիտելիքների խորացում։

Կարելի է վստահորեն փաստել, որ ճամփորդությունն արդարացրեց բոլոր սպասելիքները: Սովորողներն ունեցան անմիջական հաղորդակցություն բնական միջավայրի հետ, տեղանքի հայրենագիտական ճանաչումը տեսականից վերածվեց գործնականի: Իսկ ամենակարևորը՝ հավաքագրվեց հարուստ նյութ (լուսանկարներ, տեսագրություններ, գործնական դիտարկումներ), որն առաջիկայում հիմք կհանդիսանա 9-րդ դասարանցիների պաշտպանելիք քննական նախագծերի համար։

Լոռին մեկ անգամ ևս ապացուցեց, որ այն անսպառ ռեսուրս է աշխարհագրական, բնապահպանական և հայրենագիտական բացահայտումների, ինչպես նաև ճամփորդությամբ ուսուցումն արդյունավետ կազմակերպելու համար: 

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий