
Հողը կազմված է մի քանի շերտերից, որոնք առաջանում են մայրական
լեռնային ապարների, կլիմայի, բույսերի և կենդանիների ու տեղանքի ռելիեֆի փոխազդեցության
հետևանքով: Մակերեսային շերտը բնակեցված է կենդանիների, մանրէների, բույսերի բազմաթիվ
տեսակներով և դրանց մնացորդներով, որոնք կազմում են հումուսի հիմքը: Հումուսը կայուն
օրգանական նյութ է, որը պահպանվում է քայքայման հիմնական գործընթացների ավարտից հետո:
Հողը կազմող տարրերը կարող են գտնվել երեք ֆիզիկական վիճակներում՝ պինդ, հեղուկ, գազային:
Պինդ վիճակում գերակշռում են հանքային գոյացությունները և օրգանական նյութերը, այդ
թվում և հումուսը: Հողի հեղուկ վիճակը, այսպես կոչված, հողային լուծույթը, կազմում
է ջուրը՝ նրանում լուծված հանքային միացություններով, ինչպես նաև՝ գազերով: Ջրից զուրկ
հողային տարածքներում գոյանում է <<հողային օդը>>, որն իր մեջ ներառում
է զանազան գազեր:

Բացառպես
մեծ է հողի՝ որպես սանիտարական պաշտպանիչ շերտի նշանակությունը: Այն հանդես է գալիս որպես հզոր բակտերիալ ֆիլտր ջրային լուծույթների մաքրման համար և օժտված է քիմիական միացությունները կապելու մեծ ընդունակությամբ: Հողի մաքրող դերը հիմնականում կախված է նրա ֆիզիկական ու քիմիական հատկություններից:
Հողը բարդ բնական համակարգ
է, որտեղ կենդանի օրգանիզմների և այլ գործոնների ազդեցությամբ տեղի է ունենում բարդ
օրգանական միացությունների առաջացում և քայքայում: Հանքային նյութերը բույսերի միջոցով
կլանում են հողից, մտնում են նրանց օրգանական միացությունների կազմի մեջ, ապա՝ բուսակեր
օրգանիզմների օրգանական նյութերի, իսկ հետո՝ միջատակեր և գիշատիչ կենդանիների: Բույսերի
և կենդանիների մահից հետո օրգանական նյութերն անցնում են հողի մեջ: Հողային մանրէները քայքայում են այդ օրգանական միացությունները,
որոնք էլ բազմաթիվ բարդ և բազմաստիճան ռեակցիաների արդյունքում վերածվում են բույսերի համար մարտչելի նյութերի:

Հողը, ի տարբերություն մյուս բոլոր արտադրամիջոցների, ճիշտ օգտագործելու
դեպքում ոճ միայն չի սպառվում, այլ ընդհակառակը՝ անընդհատ բարելավվում է, բարձրացնում
բերրիությունը:
Բնական պայմաններում 1սմ հաստությամբ
բերրի հողի շետը ձևավորվում
է 125-140 տարվա ընթացքում: Այդ գործընթացն էապես արագացավ մարդկային
գործունեության և օպտիմալ ագրոտեխնիկայի
կիրառման հետ: Բայց նույնիսկ այդ դեպում 1սմ բերրի հողաշերտ ստանալու համար պահանջվում է ոչ պակաս քան 40 տարի: