Հողերի պահպանման գլխավոր ուղղությունը էրոզիայի դեմ պայքարն է: Էրոզիայի դեմ պայքարը բազմաբնույթ միջոցառումների համալիր է, որի նպատակն է պաշտպանել հողի վերին` առավել բերրի շերտը տեղատարումից, վերականգնել և բարելավվել հողատարածությունները: Հակաէրոզիոն և բարելավման միջոցառումների շարքում առանձնանում են հետևյալ առավել կարևորները.
·
Առաջավոր ագրոտեխնիկան
·
Հողաբարելավումը
·
Հողերի վերականգնումը
·
Պայքարը հողերի աղտոտման դեմ
Առաջավոր ագրոտեխնիկան հատուկ նշանակություն է տալիս հողի մշակմանը,
որի ընթացքում ոչ միայն բացառվում է դրա քայքայումն ու տեղատարումը, այլև բարելավում
է հողի վերին շերտի կառուցվածքը, հողը դառնում է ավելի արգավանդ: Լավ արդյունք է տալիս,
օրինակ, թեք լանջերի հերկումը ոչ թե վերից վար, այլ լայնակի: Լայնակի վարուցանքի դեպքում
դանդաղում է ջրի հոսքը, հետևաբար և նվազում հողի էրոզիան:
Միջոցառումների մի ամբողջ համալիր է իրանից ներկայացնում հողաբարելավումը`
հողերի մելիորացիան: Հողաբարելավման բոլոր միջոցառումների հիմնական նպատակն ու արդյունքը
նույնն է` հողային շերտի պահպանություն և բերրիության բարձրացում:
Հողերի մելիորացիայի տեսակները բազմազան են` մինչև 30 տեսակ: Դրանցից
մի քանիսն ունեն նաև կարևոր հողապաշտպան, հակաէրոզիոն նշանակություն: Հատկապես աչքի
է ընկնում ագրոանտառամելիորացիան, երբ ստեղծվում են դաշտապաշտպան անտառաշերտեր, կատարվում
է զառիթափ լանջերի, ձորակներ և ավազուտների անտառապատում: Ագրոանտառամելիորացիան լավ
արդյունք տալիս հատկապես տափաստանային և անտառատափաստանային զոնաներում:

Հողերի պահպանության տարածված եղանակ է հողերի վերականգնումը (ռեկուլտիվացիա):
Հողերի ռեկուլտիվացիան միջոցառումների մի համալիր է, որն ուղղված է մարդու կողմից խախտված
հողերի վերականգնմանը: Հողաշերտը ամենից շատ խախտվում է բաց հանքերի շահագործման և
լայնածավալ շինարարական աշխատանքների ժամանակ: Շինարարական աշխատանքների ավարտից հետո
և արդեն սպառված հանքերի տեղում կատարում են հողի ռեկուլտիվացիա: Հողերի ռեկուլտիվացիան
բաղկացած է երկու փուլից` տեխնիկական և կենսաբանական: Տեխնիկական ռեկուլտիվացիայի փուլում
կատարվում է տարածքի հատակագծում և հարթեցում, այն ծածկվում է բերրի հողաշերտով: Դա
այլ վայրերից բերվող կամ էլ նախկինում, շինարարական աշխատանքներն սկսելուց առաջ հավաքված
ու տեղում կուտակված բերրի հողն է: Կենսաբանական փուլում կատարվում է քարերի հավաքում,
հարթեցում, հողի վարուցանք, պարարտացում: Վերջնական փուլում կատարվում է ծառատունկ,
բույսերի մշակում և խոտացանություն:
