2012/10/17

Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը

  
      Թեև հսկայական է երկրագնդի ջրային զանգվածը (1.4մլրդ խկմ), սակայն դրա մեծ մասը աղի է պիտանելի չէ մարդու կողմից օգտագործման համար: Քաղցրահամ ջրի պաշարները կազմում են ողջ ջրային զանգվածի 2.5%-ը, ընդ որում դրա միայն մի մասն է պիտանի խմելու համար:
   Քաղցրահամ ջուրն աշխարհում աստիճանաբար ձեռք է բերում կարևոր ռազմավարական նշանակություն և միջազգային հարաբերություններում դառնում է լուրջ քաղաքական գործոն: Թեպետ այդ ռեսուրսը համարվում է վերականգնվող, բայց նրա պաշարներն արդեն դասվում են սպառվող ռեսուրսների շարքին, որովհետև գնալով ավելի շատ են աղտոտվում և կորցնում իրենց պիտանելիությունը, մեծանում են նրա օգտագործման ծավալները, թուլանում է վերարտադրությունը: Քաղցրահամ ջուրը սահմանափակ և խոցելի ռեսուրս է:
 Երկրագնդի ցամաքում ջրային պաշարները չափազանց անհավասար են բաշխված: Համաձայն որոշ ուսումնասիրությունների, զարգացող երկրներում մեկ մլրդ մարդ զրկված է մաքուր ջուր օգտագործելու հնարավորությունից, իսկ աշխարհի բնակչության 20 տոկոսը զգում է նրա անբավարարությունը: Ներկայումս Պարսից ծոցի արաբական երկրներում մեկ լիտր հում նավթի փոխանակումը մեկ լիտր ջրի հետ համարվում է շահավետ գործարք: Ջրի անբավարարությամբ են տառապում Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր արևելքի, Ասիայի  մի շարք երկրները: Ջուրը վճռորոշ սահմանափակող գործոն է դարձել Հարավային Աֆրիկայի զարգացման համար: Հսկայական քանակի ջուր է օգտագործում Եվրոպան:
    Քաղցրահամ ջրերի հետագա դեֆիցիտը չխորացնելու համար անհրաժեշտ է բարձրացնել նրա օգտագործման արդյունավետությունը: Բնության վրա ներգործող մարդածին մյուս գործոնների հետ միասին քաղցրահամ ջուրը հետզհետե դառնում է կայուն զարգացման ռազմավարության իրականացմանը խանգարող վճռորոշ գործոն: Միանգամայն ընդունելի է, որ 21-րդ դարում քաղցրահամ ջուրը եւ ոչ թե նավթը կդառնա Երկրի գլխավոր ռազմավարական ռեսուրսը: ՄԱԿ-ի զեկույցում նշվում է, որ ջրի անբավարարության մշտական աճը կարող է վերածվել ավելի սուր հիմնախնդրի, քան գլոբալ տաքացումը: Ըստ որոշ կանխատեսումների, 2050 թվականին 50 երկրներում ջրի անբավարարությունից կտառապի 3 մլրդ մարդ: Ենթադրվում է, որ արդեն 2050թ. հասարակածային գոտում կբնակվի երկրագնդի բնակչության 1/3-ը, որը զգալիորեն կբարձրացնի էկոլոգիական լարվածությունն աշխարհում: Աֆրիկայում եւ Մերձավոր արեւելքում ջրի հարցն արդեն սրված է և պատճառ է հանդիսանում ոչ միայն հետամնացության եւ աղքատության, այլև քաղաքական անկայունության, էթնիկական եւ միջպետական կոնֆլիկտների: Եգիպտոսը, Սուդանը եւ Եթովպիան մշտապես թշնամանքի մեջ են Նեղոսի ջրերի համար: Այդպիսի խնդիր կա պաղեստինցիների եւ հրեաների միջեւ Հորդանանի ջրերի, Թուրքիայի եւ Իրաքի միջեւ՝ Տիգրիս գետի ջրերի, Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ՝ Եփրատի ջրերի, Հնդկաստանի եւ Բանգլադեշի միջեւ՝ Գանգես գետի հոսքի համար: 

2012/10/15

Երկրաշարժ

Երկրակեղևում ապարաշերտերերի կտրուկ տեղաշարժերի հետևանքով առաջացած ցնցումներն ու տատանումները:

Երկրակեղև

Երկրի միջնապատյանը վերևից ծածկող կարծր ապարներից կազմված թաղանթը: 

Եղանակ

Ներքնոլորտի ստորին շերտի վիճակը տվյալ տեղում տվյալ պահին 

Դելտա

Բնական դելտա տառի ձև ունեցող գետաբերան

Դաշտավայր

Հարթավայր, որն ունի մինչև 200մ բացարձակ բարձրություն:

Հարթավայր

Երկրի մակերևույթի ընդարձակ, հարթ կամ բլրապատ մեղմաթեք տարածք:

Գրաբեն

Երկու կողմից խզվածք ունեցող երկրակեղևի իջաց տեղամաս:

Գետի անկում

Գետի ակունքի ու գետաբերի բացարձակ բարձրությունների տարբերությունը

Գետի ակունք

Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը:

Գետաբերան

Այն տեղը որտեղ գետը թափվում է ծովի, լճի կամ մեկ այլ գետի մեջ:

Գեոսինկլինալ

Երկրակեղևի շարժունակ, անկայուն տեղամասեր, որտեղ ընթանում են ապարաշերտերի ծալքավորումներ, լեռնագոյացում, խզվածքների առաջացում:

Գեյզեր

Պարբերաբար տաք ջուր և գոլորշիներ շատրվանող աղբյուր

Աշնանային գիշերահավասարի օր

Սեպտեմբերի 23-ին, երբ Արեգակի ճառագայթներն ուղղահայաց ընկնում են հասարակածի վրա, և գիշերն ու ցերեկը ամբող Երկրի վրա հավասար են:

Գարնանային գիշերահավասարի օր

Մարտի 21-ին, երբ Արեգակի ճառագայթներն ուղղահայաց ընկնում են հասարակածի վրա, և գիշերն ու ցերեկը ամբող Երկրի վրա հավասար են:

2012/10/14

Ջրային ռեսուրսների պահպանումը

 Բնապահպանության տեսանկյունից  ջրային ռեսուրսների ամենակարևոր առանձնահատկությունը պետք է համարել  ինքնամաքրման առանձնահատկությունը: Ջուրն ինքնամաքրվում է գոլորշիանալիս, հողի մեջ ներծծվելիս, ինչպես նաև մանրէների միջոցով: Գոլորշիանալիս այն ազատվում է հիմնական աղերից, ներծծվելիս` մեխանիկական մասնիկներից, իսկ մանրէները ջուրը մաքրում են օրգանական մնացորդներից:
 Գիտնականների կարծիքով` Երկրի վրա ներկայումս ջրերի աղտոտվածությունն այնդիսին է, որ օվկիանոսի լրիվ ինքնամաքրման համար կպահանջվի 2600 տարի, ստորերկրյա ջրերի համար` 5000 տարի, լճերի համար 3-4 տարի, հողաշերտի ջրերի համար`1 տարի, իսկ գետերի համար` մի քանի օր, իհարկե, եթե ենթադրենք, որ նոր աղտոտում տեղի չի ունենում:
 Ջրային ռեսուրսների պահպանման և ջրամատակարարման հարցերը լուծելիս մեծ տեղ է տրվում ջրի արհեստական մաքրմանը: Կիրառվում են ջրերի արհեստական մաքրման տարբեր մեթոդներ: Դրանք կազմում են 3 խումբ` մեխանիկական, ֆիզիկաքիմիական, կեսաբանական:
 Մեխանիկական միջոցով մաքրվում են հիմնականում ջրի մեջ լողացող և կախված նյութերը(կենդանի օրգանիզմներ, բուսակենդանական մնացորդներ, կենցաղային թափոններ, ավազի և կավի մասնիկներ): Այդ նպատակով օգտագործվում են տարբեր չափի անցքեր ունեցող ցանցեր, ֆիլտրեր, տիղմազատիչ ավազաններ, սեպերատորներ:
 Քիմիական մեթոդներից հատկապես տարածված է մակարդման մեթոդը, երբ քիմիական որոշ նյութերի ազդեցությամբ ջրի մեջ եղած խառնուրդները մակարդվում են և նստում հատակին, ապա հեռացվում են: Այս ձևով ջրերը մաքրվում են հատկապես ֆոսֆորական միացություններից: Քիմիական մեթոդներից լայն տարածում ունի կլանման մեթոդը, երբ որևէ նյութի միջոցով ջրից կլանվում և հեռացվում են վնասակար նյութերը: Ամենից լայն տարածված է ջրերի քլորացումը և օզոնացումը, երբ քլորի ու օզոնի օգնությամբ ոչնչացվում են ջրի մեջ եղած կենդանի օրգանիզմները, վերացվում անցանկալի հոտերը:
 Կենսաբանական մաքրման մեթոդը կիրառելիս հոսող ջրերը բաց են թողնում խիտ բուսածածկի կամ փայտի թեփի միջով: Մեծ տարածում ունի արհեստական ակտիվ տիղմի օգնությամբ ջրերի մաքրումը, որի ժամանակ տիղմի մեջ բազմացող մանրէներն արագ խժռում են ջրում եղած վնասակար մանրէներին:
 Աերացիայի մեթոդով ջուրը հարստացնում են թթվածնով, այսինքն`բարելավում են ջրի որակը:
 Երբեմն վերը թվարկված բոլոր ջրամաքրման մեթոդները կիրառվում են նույն օբյեկտում հաջորդաբար, և դրանք իրար լրացնելով` ջրերը ամբողջաբար մաքրում են անցանկալի նյութերից:
 Ջուրը հատուկ նպատակներով օգտագործելիս աղազերծում, գազազերծում, փափկեցնում են, մաքրում հիվանդաբեր մանրէներից, մետաղական միացություններից:
 Ջրային ռեսուրսների պահպանությունը ինչքան կարևոր,այնքան էլ բարդ խնդիր է: Կարևորությունը նրանում է, որ ջուրը օգտագործվում է տնտեսության բոլոր ճյուղերում և սպառման ծավալները տարեցտարի աճում են: Սակայն ջրի պաշարները սահմանափակ են, և ոչ բոլոր շրջաններն են ապահոված տեղական ջրով: Տեղափոխումը մի վայրից մյուսը կապված է հսկայական ծախսերի հետ:

Բևեռներ

Երկրագնդի երկու անշարժ  կետեր, որտեղ երևակայական առանցքը հատվում է Երկրի մակերևույթի  հետ:

Բնակչության խտություն

Բնակչության թիվը մեկ քկմ-ի վրա: Որոշում են բնակչության ընդհանուր թիվը բաժանելով տարածքի մակերեսի վրա:

Բնակչության թվի մեխանիկական շարժ

Բնակչության թվի փոփոխությունը միայն մեխանիկական շարժի շնորհիվ:

Բնակչության թվի բնական շարժ

Բակաչության թվի փոփոխությունը միայն բնական ճանապարհով` ծնունդների ու մահերի միագումարի հաշվին:

Համաշխարհային օվկիանոսի ռեսուրսները, դրանց օգտագործումն ու պահպանումը


  Ծովային երկրաբանությունն ապացուցել է, որ համաշխարհային օվկիանոսը հանդիսանում է ռեսուրսների հսկայական շտեմարան: Այնտեղ ապրում են կենդանիների ու բույսերի բազմազան տեսակներ, իսկ օվկիանոսի ջուրը, հատակը և ընդերքը պարունակում են մարդկանց համար շատ կարևոր տարրերի հսկայական քանակություն:
Ըստ գիտնականների` օվկիանոսի կենսաբանական ռեսուրսները լիարժեք բավարար են 20-30 մլրդ մարդու կերակրելու համար: Մարդկության կողմից օգտագործվող կենսազանգվածի 85%-ը բաժին է ընկնում ձկներին, մնացածը` կակղամորթներին, խեցգետնակերպերին, ծովային որոշ կաթնասունների, ջրիմուռներին: Մարդկությունը օվկիանոսից տարեկան վերցնում է մոտ 110 մլն տոննա կենսաբանական ռեսուրս: Բացի պարենային նպատակներից, այդ ռեսուրսները օգտագործվում են նաև անասնապահության ոլորտում` բարձրորակ կալորիականությամբ ալյուր ստանալու համար: Որսի համար պիտանի կենսազանգվածի ավելի քան 90%-ը բաժին է ընկնում օվկիանոսի ծանծաղուտին, որտեղ շատ են արեգակի լույսը  և օրգանական նյութերը: Օվկիանոսի տարածքի 2/3-ը աղքատ է օրգանական աշխարհով և նման է ցամաքի անապատային տարածքի:
Օվկիանոսի ջուրը պարունակում է մոտ 80 քիմիական տարր: Այն կարևորագույն աղբյուր է նաև բրոմի, յոդի և մագնիսի ստացման համար: Օվկիանոսի ընդերքից արդյունահանվող հանքային ռեսուրսների արժեքի 90%-ը բաժին է ընկնում նավթին ու գազին: Ներկայումս նավթի համաշխարհային հանույթի մոտ 50%-ը ստացվում է օվկիանոսից: Ստորջրյա նավթարդյունաբերության ինքնատիպ ու խոշոր շրջաններ են Կալիֆորնիական և Հյուսիսային ծովերը, Պարսից և Մեքսիկական ծովածոցերը:
Օվկիանոսի հատակին կան նաև այլ օգտակար հանածոներ, մասնավորապես երկաթամանգանային խտացումներ: Հեռանկարային է համարվում աղի ջրի աղազերծումը և օգտագործումը  ինչպես տնեսականան նպատակներով այնպես էլ կենցաղում:
Համաշխարհային օվկիանոսում ընթացող բազբաթիվ բնական երևույթներ էներգիայի անմիջական աղբյուր են: Օրինակ` մակընթացությունների ու տեղատվությունների, ծովային ալիքների ու ջերմային տատանումների էներգիաները, որոնց ներուժը հսկայական է: Միայն մակընթացությունների էներգիան գիտնականները գնահատում են 1-6 մլրդ կվտ: Ընդ որում միայն 1 մլրդ կլվտ-ի դեպքում անգամ գերազանցում է աշխարհի բոլոր գետերի ներուժին:
 Ներկայումս բնապահպանական առավել բարդ խնդիրներից է Համաշխարհային օվկիանոսի պահպանումը աղտոտումից: Համաշխարհային օվկիանոսն առաջին հերթին պետք է պահպանել նավթատար նավերի ծովային վթարների հետևանքով առաջացած նավթային բծերից և ծովային նավթահանքերից եկող արտանետումներից, որոնք հատկապես մեծ վնասներ են պատճառում ծովափնյա շրջաններին: Հարյուրավոր կիլոմետրերի վրա լողափերը ծածկվում են մազութի բծերով, ոչնչանում են ջրլող թռչունները, ծովային կենդանիները, բույսերը: Օվկիանոսային ջրերի լուրջ վնաս են հասցնում խոշոր գետերը, որոնք անցնելով արդյունաբերական շրջաններով` <<հավաքում>> են  հսկայական քանակի թունավոր արտանետումներ և տեղափոխելով օվկիանոս` աղտոտում են ընդարձակ տարածքներ: Հատկապես հսկայական քանակությամբ կեղտաջրեր են բերում Միսսիսիպին, Հռենոսը, Դանուբը, Դոնը: Համաշխարհային օվկիանոսի ջրերի մաքրության պահպանության հիմնական ուղիներից մեկը գետերն աղտոտումից պահպանելն է:
Մեծ վտանգ է ներկայացնում ռադիոակտիվ նյութերն օվկիանոսի խորքում թաղելը: Դրանք, ինչքան էլ խորը թաղված լինեն, այնուամենայնիվ, տասնյակ տարիներ հետո իրենց զգացնել են տալու և հսկայական վնաս են հասցնելու կենդանական աշխարհին ու շրջակա ջրերից օգտվող մարդկանց: