
Ջրհեղեղներ: Այլ տարերային աղետների մեջ ավելի հաճախ դիտվում են ջրհեղեղները։ Ջրհեղեղները բնության ուժերի գործողության հետևանքով ցամաքի զգալի մասի ժամանակավոր ջրածածկումներ են։ Ջրհեղեղները տարերային աղետների մյուս տեսակներից տարբերվում են այն բանով, որ որոշ չափով կանխատեսելի են։ Դա հնարավորություն է տալիս շատ դեպքերում վաղօրոք որոշել ջրհեղեղի ժամը, բնույթը և մասշտաբները։ Ջրհեղեղի հիմնական պատճառներն են՝ տեղատարափ, երկարատև անձրևները, ձնհալը, պատվարների ու ամբարտակների ճեղքվածքները, փլուզումները, սողանքները, այլ բնական երևույթները։ Հայաստանի Հանրապետության տարածքում նյութական մեծ վնասներով ու ավերածություններով ջրհեղեղները հազվադեպ չեն։ Աղետալի ջրհեղեղներ են եղել 1936, 1938, 1946, 1951, 1953, 1956, 1963,
1968 և 1997 թթ.: Մասնավորապես հսկայական ավերածություններ առաջացրին 1956 թ. օգոստոսին տեղացած հորդ անձրևի հետևանքով Ողջի և Գեղի գետերի վարումների ջրհեղեղները։
Ջրհեղեղը վնասում
է արդյունաբերական և գյուղատնտեսական օբյեկտները, աճեցրած բերքով դաշտերը, քայքայում է շենքերը, հիդրոտեխնիկական կառույցներն ու հաղորդակցության ուղիները, փչացնում ձեռնարկությունների սարքավորումները։ Սովորաբար միջին և խոշոր ջրհեղեղների առաջին ժամերին խախտվում է հաղորդակցությունը բնակավայրերում ու նրանց միջև։ Էլեկտրամատակարարումն ու կապը, որպես կանոն, առաջին ժամվա ընթացքում շարքից դուրս են գալիս։ Ջրամբարներում ջրի գերլցման և երկարատև ներգործության հետևանքով պատվարների ու ամբարտակների վրա կարող են առաջանալ ճեղքվածքներ ու թողանցքեր, ինչը սպառնում է աղետալի ջրածածակման գոտու ստեղծման։ Խոշոր ու աղետալի ջրհեղեղների դեպքում ջրի հոսանքներն արմատախիլ են անում ծառեր, քշում քարե պատնեշներ, ոչ մեծ տներ, շրջում տրանսպորտային միջոցներ։ Ջրհեղեղները վտանգավոր են նաև այն բանով, որ շենքերն ու կառույցները կորցնում են իրենց ամրությունը։ Փայտյա շինությունները սկսում են փտել, մետաղական կառույցները ժանգոտում են։

Քարաթափում: Բեկորների կուտակում, որն առաջանում է լեռնային ապարների հողմահարման ու քայքայման ժամանակ լեռների ստորոտներում ու լանջերի վրա։
Բացի այդ, քարաթափում-փլուզումներ տեղի են ունենում ծանրության ուժի ազդեցության տակ տարբեր պատճառներից՝ ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների ներգործությունից, սառչելիս ջրի ընդարձակումից, երկրաշարժից։ Սովորաբար քարաթափումները ծածկում են լեռնալանջերի ստորին, երբեմն էլ միջին մասը։
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий