Բոլոր կենսաքիմիական շրջանների համեմատությամբ ածխածնի շրջանառությունը
ընթանում է ավելի ուժգին: Ածխածնի շրջանառության գործընթացում կարևոր դեր են խաղում
ածխածնի ենթօքսիդը (CO) և երկօքսիդը (CO2): Կենսոլորտում ածխածինն ավելի
հաճախ հանդիպում է իր ավելի շարժուն ձևով (CO2): Կենսոլորտում ածխաթթու
գազի (CO2) միգրացիան ընթանում է երկու ճանապարհով: Առաջին, ածխաթթու գազը
կլանվում է ֆոտոսինթեզի ժամանակ, որի արդյունքում սինթեզվում են բույսերի հյուսվածքները
կազմող գլյուկոզ և այլ օրգանական նյութեր: Հետագայում գլյուկոզը և այլ օրգանական նյութերը,
տեղափոխվելով սննդային շղթաներով, առաջացնում են էկոհամակարգի մնացած բոլոր կենդանի
օրգանիզմների հյուսվածքները: Ֆոտոսինթեզի գործընթացում բույսերի կողմից ածխաթթու գազը
կլանվում է ցերեկվա ժամերին: Գիշերը դրա որոշ քանակություն նորից արտազատվում է մթնոլորտ:
Բույսերի և կենդանիների մահից հետո օրգանական նյութերը հանքայնացվում են, անջատվում
է CO2 գազ, որն էլ անցնում է միջավայր (մթնոլորտ): Ածխածնի ատոմները մթնոլորտ
են անցնում նաև օրգանական նյութերի այրման հետևանքով: Ածխածնի շրջանառության կարևոր
և հետաքրքիր առանձնահատկությունն այն է, որ միլիոնավոր տարիներ առաջ ֆոտոսինթեզի արդյունքում
սինթեզված օրգանական նյութերի զգալի մասը չի օգտագործվել ո’չ կոնսումենտների, և ո’չ
էլ ռեդուցենտների կողմից, այլ կուտակվել է քարոլորտում` նավթի, ածխի, տորֆի և այլ նյութերի
ձևով: Այժմ էներգետիկ պահանջների բարելավման համար այդ նյութերը լայն ծավալներով արտահանվում
են: Այդ նյութերի այրման հետևանքով ավարտին է հասցվում ածխածնի շրջանառությունը:
Ածխածնի շրջանառության երկրորդ ուղղությունը կատարվում է ծովային
ավազաններում: Այս դեպքում արդեն ածխածաթթու գազը միանալով այլ նյութերի կրաքարերի
տեսքով կուտակվում է շրային ավազանների հատակին: Ծովային օրգանիզմներն օգտագործում
են ածխածնի միացությունները իրենց կմախքը կազմելու համար: Այնուհետև մահացած օրգանիզմների
մնացորդները նույնպես իջնում են ծովերի ու օվկիանոսների հատակը և առաջացնում կրաքարի կիտումներ: Այսպիսով աշխաթթու
գազի մի զգալի մասը դուրս է գալիս ածխածնի ընդհանուր շրջանառությունից:
Ծծմբի շրջանառությունը:
Ծծումբը
նույնպես մեծ դեր է կատարում կենսոլորտում տեղի ունեցող նյութերի շրջապտույտում: Ծծմբի
միացությունները մասնակցում են կենդանի բջջի կենսագործունեության պրոցեսում, մտնում
են հողերի քիմիական կազմի մեջ, մեծ քանակությամբ պարունակվում են ստորգետնյա ջրերում: Գոյություն ունեն ծծմբի բազմաթիվ գազային միացություններ,
սակայն ծծմբի շրջանառությունը հիմնականում կատարվում է հողում և ջրում: Երկրի կեղևում
պարունակվում է մոտ 0.05% ծծումբ: Ի տարբերություն Ազոտի ու ածխածնի, ծծումբը մեծ քանակությամբ պարունակվում
է քարոլորտում: Ծծումբը նաև վերոհիշյան նյութերի համեմատ էկոհամակարգերին ավելի քիչ
քանակությամբ է անհրաժեշտ, բայց այնուամենայնիվ մեծ դեր ունի: 





0 Մեկնաբանություն:
Отправить комментарий