28.01.2013

Հողային ռեսուրսների պահպանումը և ռացիոնալ օգտագործումը


  Հողերի պահպանման գլխավոր ուղղությունը էրոզիայի դեմ պայքարն է: Էրոզիայի դեմ պայքարը բազմաբնույթ միջոցառումների համալիր է, որի նպատակն է պաշտպանել հողի վերին` առավել բերրի շերտը տեղատարումից, վերականգնել և բարելավվել հողատարածությունները: Հակաէրոզիոն և բարելավման միջոցառումների շարքում առանձնանում են հետևյալ առավել կարևորները.
 
·       Առաջավոր ագրոտեխնիկան
·       Հողաբարելավումը
·       Հողերի վերականգնումը
·       Պայքարը հողերի աղտոտման դեմ

Առաջավոր ագրոտեխնիկան հատուկ նշանակություն է տալիս հողի մշակմանը, որի ընթացքում ոչ միայն բացառվում է դրա քայքայումն ու տեղատարումը, այլև բարելավում է հողի վերին շերտի կառուցվածքը, հողը դառնում է ավելի արգավանդ: Լավ արդյունք է տալիս, օրինակ, թեք լանջերի հերկումը ոչ թե վերից վար, այլ լայնակի: Լայնակի վարուցանքի դեպքում դանդաղում է ջրի հոսքը, հետևաբար և նվազում հողի էրոզիան:
Միջոցառումների մի ամբողջ համալիր է իրանից ներկայացնում հողաբարելավումը` հողերի մելիորացիան: Հողաբարելավման բոլոր միջոցառումների հիմնական նպատակն ու արդյունքը նույնն է` հողային շերտի պահպանություն և բերրիության բարձրացում:
Հողերի մելիորացիայի տեսակները բազմազան են` մինչև 30 տեսակ: Դրանցից մի քանիսն ունեն նաև կարևոր հողապաշտպան, հակաէրոզիոն նշանակություն: Հատկապես աչքի է ընկնում ագրոանտառամելիորացիան, երբ ստեղծվում են դաշտապաշտպան անտառաշերտեր, կատարվում է զառիթափ լանջերի, ձորակներ և ավազուտների անտառապատում: Ագրոանտառամելիորացիան լավ արդյունք տալիս հատկապես տափաստանային և անտառատափաստանային զոնաներում:
Հարյուրավոր կիլոմետրեր ձգվող դաշտապաշտպան արհեստական անտառներ են ստեղծվել Ամերիկայում, Կանադայի հարավային նահանգներում, Միջին, Հարավային և Արևելյան Եվրոպայում, Ուկրաինայում, Ռուսաստանում և Ղազախստանում: Դաշտապաշտպան անտառաշերտեր ստեղծելու համար օգտագործում են հատուկ ծառատեսակներ: Որպես գլխավոր ծառատեսակներ են ծառայում կաղնին, սոճին, բարդին, հացենին, սպիտակ ակացիան, կվենին: Այս ամենի շնորհիվ հողը ոչ միայն պաշտպանվում է էրոզիայից, այլ տեղի է ունենում բարելավում, աճում է բերրիությունը: Անտառաշերտերով պաշտպանված դաշտերում, օրինակ, աշնանացան ցորենի, եգիպտացորենի, մի շարք տեխնիկական մշակաբույսերի և ցանովի խոտերի բերքատվությունը 20-25%-ով ավելին է լինում, քանի չպաշտպանված դաշտերում:
Հողերի պահպանության տարածված եղանակ է հողերի վերականգնումը (ռեկուլտիվացիա): Հողերի ռեկուլտիվացիան միջոցառումների մի համալիր է, որն ուղղված է մարդու կողմից խախտված հողերի վերականգնմանը: Հողաշերտը ամենից շատ խախտվում է բաց հանքերի շահագործման և լայնածավալ շինարարական աշխատանքների ժամանակ: Շինարարական աշխատանքների ավարտից հետո և արդեն սպառված հանքերի տեղում կատարում են հողի ռեկուլտիվացիա: Հողերի ռեկուլտիվացիան բաղկացած է երկու փուլից` տեխնիկական և կենսաբանական: Տեխնիկական ռեկուլտիվացիայի փուլում կատարվում է տարածքի հատակագծում և հարթեցում, այն ծածկվում է բերրի հողաշերտով: Դա այլ վայրերից բերվող կամ էլ նախկինում, շինարարական աշխատանքներն սկսելուց առաջ հավաքված ու տեղում կուտակված բերրի հողն է: Կենսաբանական փուլում կատարվում է քարերի հավաքում, հարթեցում, հողի վարուցանք, պարարտացում: Վերջնական փուլում կատարվում է ծառատունկ, բույսերի մշակում և խոտացանություն:
Հողային ռեսուրսները պահպանելու և վերականգնելու հետ միասին մարդիկ շահագրգռված են այդ ռեսուրսների ռացիոնալ օգտագործումով: Դա հողերի այնպիսի օգտագործումն է, երբ ոչ միայն պահպանվում ու բարելավվում են հողի հատկությունները, այլև ստացվում է տնտեսական բարձր արդյունք: Հողային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ռացիոնալ միջոցներից են արհեստական ոռոգումը (իռիգացիա), գերխոնավ հողերի ցամաքեցումը, աղակալած հողերի լվացումը (քիմիական մելիորացիա), հողերի մաքրումը քարերից, ծառերի ու թփուտների կոճղերից:

Քարոլորտի վրա մարդածին բացասական ազդեցություններ




Մարդն իր գոյության ընթացքում ընդերքից հանել է 125 մլրդ տոննա ածուխ, 325 մլրդ տոննա նավթ և 100 մլրդ տոննա այլ օգտակար հանածոներ:  Հերկել և ագրոտնտեսական հողերի է վերածել 1,5 մլրդ հա հող: Մարդու գործունեության պատճառով աղակալվել է 20 մլն հա բերրի հող` 2 մլն հա ոչնչացրել է էրոզիան, ստեղծել է արհեստական դատարկություններ` 4-6 կմ խորությամբ:
Սողնքներ: Սողանքային գործընթացները բնորոշ են թեք լանջերի համար: Սողանքների առաջացման նախապայմանները ուղղակիորեն կախված են լանջի կառուցվածքից, ապարների շերտերի տեղաբաշխումից, ջրերի ակտիվությունից, լանջի անտառածածկույթի կամ խոտածածկույթի խտությունից:
Սողանքային երևույթները առավել խաճախ են հանդիպում, եթե երկրի ներքին շերտերում առկա է լինում կավաշերտ: Հողաշերտի տակ գտնվող կավային շերտը հեշտությամբ տեղատարվում է ստորերկրյա ջրերի կողմից:
Երբ ստորգետնյա ջրերի բալանսը խախտվում է, ջրերի հոսքը մեծանում խախտվում է նաև շերտերի հավասարակշռությունը և հողաշերտը բուսածածկույթի հետ հոսում է լանջն ի վար: Այս երևույթը հաճախ հանդիպում է Դիլիջանի շրջակայքի անտառների համար:
Բացի ջրերի առատությունից, սողանքի պատճառ կարող են դառնալ զանգվածային անտառահատումները, բուսածածկույթի վերացումը կամ շինարարական նպատակով կատարված աշխատանքները: Սողանքային երևույթները կարող են վերածվել իսկական աղետի, քանի որ բացի նյութական վնասներից պատճառում են մարդկային կորուստներ:
Կարստ: Քիմիական ակտիվ միացությունների հարուստ ջրերը ձեռք են բերում կրաքարային և այլ լուծվող ապարները քայքայելու առավել մեծ ընդունակություն: Մեծանում է նրանց քայքայիչ ազդեցությունը քարոլորտի վրա:
Կրաքարային զանգվածներում ճեղքերով հոսող ջրերը ժամանակի ընթացքում քայքայում, լուծում են իրենց մեջ ապարները և տանում ստորգետնյա հոսքերի հետ:     
Արդյունքում առաջանում են ստորգետնյա դատարկություններ, որոնք կոչվում են կարստային քարանձավներ: Այս գործընթացները կոչվում են կարստային :
Հայաստանում կարստային գործընթացները առավել ակտիվ են Վայքի կրաքարային զանգվածներում, որտեղ էլ գտնվում են Հայաստանի ամենախոշոր քարանձավները` Արջերի, Մոզրովի և այլ մանր ու մեծ ստորգետնյա դատարկություններ:
Մարդածին ազդեցությունների հետևանքով ակտիվ նյութերով հարստացված տեղումները ներծծվում են ապարների մեջ, հոսում ճեղքերի միջով, լուծում շրջակա ապարները և, ստեղծելով դատարկություններ, խախտում քարոլորտի հավասարակշռությունը, շինարարական աշխատանքների համար վտանգ ստեղծում, փլուզումների և բնական ձագարների առաջացման պատճառ դառնում:
Մակերեսային ջրերը հոսում են դեպի երկրի խորքը, բուսականությունը վերանում է` ստեղծելով անապատացման վտանգ:
Անապատացում: Գլոբալ ընկալմամբ անպատացումը դա` բնական միջավայրի (էկոհամակարգերի) անհետադարձ կորուստն է:
Հողի գլոբալ դեգրադացիան, քայքայումը, որը հանգեցնում է պտղաբերության նվազման և բուսական ծածկույթի համատարած վերացման, ինչպես նաև միջավայրի բաղադրիչների այնպիսի փոփոխության, երբ նրանց փոխազդեցությունը չի ենթադրում զարգացում, այլ տանում է համատարած ոչնչացման, կոչվում է անապատացում:
Եթե էրոզիան էկոհամակարգերի համար ընդամենը հիվանդություն է, ապա անապատացումը նրա մահն է:
 Այսօր աշխարհում 1 մլրդ հա –ից ավելի անապատացված տարածքներ կան:
Անապատացման պատճառ կարող են դառնալ տարբեր ոլորտներում մարդու գործուեության հետ կապված ամենատարբեր գործողությունները։
Դրանք են՝
•         հողերի գերշահագործումը,
•         շրջակա միջավայրի անբավարար պահպանությունը,
•         բնական պաշարների գերաշահագործումը,
•         մարդու կողմից առաջացրած էկոլոգիական աղետները,
•         բնակության օրենքների վատ իմացությունը կամ չիմացությունը,
•         անիրազեկությունը և սխալ որոշումների ընդունումը,
•         պատերազմները և արտակարգ իրավիճակները,
•         մարդկանց ստիպողական տեղափոխությունները, վերաբնակեցումը և այլն։
Ինչպես նաև բնական մի շարք գործոններ
•         բնակլիմայական ու օդերևութաբանական անբարենպաստ պայմաններ
•         ավազահողերի ու կավահողերի աճը
•         ստորերկրյա ջրերի հոսքի փոփոխությունը
•         քամու և ջրի հողմահարումը












21.01.2013

Օզոնի շերտի քայքայումը:


 Օզոնի շերտի նշանակությունը և ձևավորումը: Մթնոլորտում օզոնի ընդհանուր քանակությունը մեծ չէ` մոտ 3,3 մլրդ տոննա, սակայն, մարդու և մյուս կենդանի էակների համար կենսականորեն անհրաժեշտ է, քանի որ պաշտպանում է ուժեղ կարճալիք ուլտրամանուշակագույն ճառագայթներից և էապես նպաստում է մեր մոլորակի ջերմային ռեժիմի կայունացմանը:
Օզոնը թթվածնի գոյության ձևերից մեկն է` թթվածնի եռատոմը (03): Օզոնը հիմնականում առաջանում է ու կուտակվում վերնոլորտում, թթվածնի մոլեկուլի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության հետևանքով: Արդյունքում` թթվածնի մոլեկուլը քայքայվում է թթվածնի ազատ ատոմների, որոնք էլ միանում են թթվածնի մոլեկուլներին` առաջացնելով օզոն:
Սակայն թթվածինը ամբողջությամբ չի վերածվում օզոնի, և թթվածնի ատոմների մի մասը, միանալով օզոնի մոլեկուլի հետ, առաջացնում են թթվածնի երկու մոլեկուլ: Այսպիսով, մթնոլորտում օզոնի քանակությունն անընդհատ փոխվում է` ներկայացնելով օզոնի առաջացման և քայքայման ռեակցիաների հավասարակշռման արդյունք:
Օզոնի շերտի քայքայումը: Ուսումնասիրությունը ցույց են տվել, որ քլորֆտորածխաջրածինների մոլեկուլները ընդունակ են քայքայել մեր մոլորակի օզոնային շերտը: Ազոտի օքսիդները և քլորի ատոմները, հանդես գալով որպես կատալիզատորներ, առաջ են բերում օզոնի քայքայում և խախտում են օզոնի առաջացման և քայքայման ռեակցիաների միջև ստեղծված հավասարակշռությունը: Հաստատված է, որ քլորի մեկ մոլեկուլը կարող է քայքայել օզոնի մի քանի միլիոն մոլեկուլ:
Մթնոլորտի այն հատվածները, որտեղ նկատվում են օզոնի քանակի կտրուկ նվազումներ, անվանում են օզոնային անցքեր: Օզղոնային շերտի քայքայումը և օզոնային անցքերի առաջացումը պայմանավորված են մարդածին ծագում ունեցող քլորֆտորածխաջրածիններով և ազոտի օքսիդներով մթնոլորտի աղտոտմամբ: Քլորֆտորածխաջրածիններն առավել հայտնի են ֆրեոննոր անվամբ և լայնորեն կիրառվում են սառնարանների, կոսմետիկայի արտադրության մեջ, արդյունաբերության այլ ճյուղերում, իսկ ազոտի օքսիդներն առաջանում են ազոտի և թթվածնի փոխազդեցության արդյունքում` բարձր ջերմաստիճանային պայմաններում և կատալիզատորների առկայության դեպքում, որոնց դերում հանդես են գալիս մետաղները: Մեծ քանակությամբ ազոտի օքսիդներ առաջանում են ինչպես մեքենաների, այնպես էլ հրթիռային շարժիչների աշխատանքի ժամանակ:
Օզոնի շերտի քայքայման հետևանքները: Անհրաժեշտ ուլտրամանուշակագույն ճառագայթների մի մասը, տեսանելի ինֆրակարմիր ճառագայթնորը ազատ անցնում են օզոնի շերտով և հասնում մինչև մեր մոլորակի մակերևույթ, ինչն անհրաժեշտ է կյանքի գոյության բոլոր ձևերի համար: Միաժամանակ օզոնյին շերտը արդյունավետ կլանում է բոլոր կենդանի օրգանիզմների համար մահացու իոնացնող, ռենտգենյան և ուլտրամանուշակագույն ճառագայթների կարճալիք մասը` թույլ չտալով, որ դրանք հասնեն երկրի մակերևույթ: Օզոնի շերտի հաստության նվազումը կվտանգի բոլոր կենդանի օրգանիզմների, այդ թվում նաև` մարդու կյանքը: Հաստատված է, որ օզոնային շերտի հաստության փոքրացման հետ մեծանում է մաշկի քաղցկեղով և կատարակտով հիվանդ մարդկանց թիվը:
Բացի վերը նշված բացասական հետևանքներից օզոնի շերտի քայքայումը կբերի ջերմոցային էֆեկտի ուժեղացման, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության նվազման և հողերի քայքայման:
Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ մթնոլորտի ստորին շերտում օզոնը հանդես է գալիս որպես շատ վտանգավոր աղտոտիչ: Այն առաջացնում է բույսերի քլորոֆիլների քայքայում, իսկ մարդկանց մոտ դժվարացնում է շնչառությունը և վնասում աչքերը: Ներքնոլորտի շերտում օզոնի կուտակումը չի բերում դրա քանակի ավելացման օզոնային շերտում, քանի որ ներքնոլորտի ու վերնոլորտի միջև գազափոխանակություն տեղի չի ունենում: Հետևաբար, անհրաժեշտ է պայքարել ստորին շերտում  օզոնով օդի աղտոտման դեմ:  

17.01.2013

Մթնոլորտն աղտոտող նյութերը


Բնական միջավայրն աղտոտող ֆիզիկական ու քիմիական նյութերի որոշ քանակություն միշտ էլ առկա է օդում, ջրում և հողում: Բայց սովորաբար այդ քանակությունը վտանգավոր չէ, ուստի միջավայրը աղտոտված չի համարվում:
Մթնոլորըում ամենաշատը տարածված աղտոտվող նյութը ածխածնի օքսիդն է` CO-ն: Կենցաղում այն հայտնի է շմոլ անունով:
Բնական վիճակում մթնոլորտի բաղադրության մեջ CO-ի բաժինը չնչին է և մարդու առողջությանը չի վնասում: Սակայն արտադրության աղբյուրներից մթնոլորտ թափանցող CO-ի քանակությունը մարդու առողջության համար դառնում է վտանգավոր:
CO-ի քանակի կտրուկ ավելացման գլխավոր պատճառը հանքային վառելիքի` նավթի, քարածխի, ինչպես նաև կենցաղային ու արտադրական թափոնների և վառելափայտի այրումն է: CO-ի արտադրության ամենամեծ բաժինն ընկնում է ներքին այրման շարժիչներին, հատկապես ավտոմոբիլային տրանսպորտին:
Երկրագնդի մթնոլորտն աղտոտող CO-ի ընդհանուր քանակի 75%-ը առաջանում է բենզինի այրումից, 6%-ը ածխի և 4%-ը փայտի այրումից, 10%-ը արտադրական ու կենցաղային թափոնների այրումից և 5%-ը անտառային հրդեհներից:
CO-ի պարունակությունը բարձր է հատկապես խոշոր քաղաքներում, իսկ քաղաքի ներսում էլ` փողոցների խաչմերուկներում ու կանգառներում, որտեղ ավտոմեքենաների կուտակումներ են լինում:
Մթնոլորտն աղտոտող նյութերի շարքում երկրորդը ծծմբային գազն է` ծծմբի երկօքսիդը (SO2): Այս գազի առաջացման աղբյուրը հանքային վառելիքի, առաջին հերթին ածխի, այնուհետև մազութի այրումն է, դրանց բաղադրության մեջ ծծմբի բաժինը բարձր է, կարող է հասնել 5-7%-ի:
Մթնոլորտում ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ SO2-ից գոյանում է SO3`ծծմբային անհիդրիտ, իսկ օդում ջրային գոլորշիների միանալու դեպքում առաջանում է ծծմբնաթու` H2SO4, և թափվում են թթվային տեղումներ:
Մթնոլորտում եղած ծծմբնային միացությունները, մարդու առողջության համար վտանգ ներկայացնելուց բացի, նյութական մեծ վնաս են պատճառում: Օրինակ, մետաղյա կառուցվածքներն ու իրերը 1,5-5 անգամ ավելի արագ են ժանգոտվում և քայքայվում:
Մթնոլորտն աղտոտող վտանգավոր նյութերից են ազոտի միացությունները` ազոտի օքսիդը (NO) և ազոտի երկօքսիդը (NO2): Դրանց գլխավոր աղբյուրը բենզինով և դիզելային վառելիքով աշխատող ներքին այրման շարժիչներն են:
Ազոտի երկօքսիդը դեղին գույնի, բավականին կայուն գազ է և գոյանում է գլխավորապես ավտոմոբիլների արտանետումներից: Այն կարող է մթնոլորտում պահպանվել երեք ժամից ավելի: Հաճախ քաղաքների օդը այդ գազից ստանում է շագանակագույն երանգավորում:
Գազերից բացի , մթնոլորտ են թափանցում և կախված վիճակում լողում են նաև պինդ և հեղուկ նյութերի մանր փոշեհատիկներ: Դրանք հայտնի են աերոզոլ անունով: Աերոզոլային մասնիկները տարբերվում են իրենք ֆիզիկաքիմիական հատկանիշներով: Պինդ մասնիկներն առաջացնում են ծուխ, մառախուղ, ամպեր, մթնոլորտային տեղումներ:
Աերոզոլները մարդու օրգանիզմի վրա ունեցած վնասակար ներգործությունից բացի մեծ չափով կլանում է արեգակնային ճառագայթումը, հետևապես և փոխում է մթնոլորտի ու Երկրի մակերեսի ջերմային ու լուսային ռեժիմները:
Մեծ է շրջապատին սուլֆատների հասցրած վնասը: Դրանք են, որ անջատվելով  մթնոլորտից` այսպես կոչված թթու անձրևների ձևով թափանցում են ցած և մարդկանց, բույսերի ու կենդանիների զանգվածային թունավորման պատճառ են դառնում:
Որոշակի կլիմայական պայմաններում արեգակնային, հատկապես ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ տեղի է ունենում օդի երկրորդային աղտոտում, այսինքն` առաջնային աղտոտող նյութերը քայքայվում են և առաջացնում նոր նյութեր: Այդ երևույթը հայտնի է լուսաքիմիական սմոգ անունով: Աերոզոլային մասնիկները  և ընդհանրապես սմոգի վտանգը շատ ավելի է մեծանում, երբ դրանց միանում են ռադիոակտիվ իզոտոպերը` այսինքն` երբ առկա է նաև մոնոլորտի ռադիոակտիվ աղտոտումը:

13.01.2013

Մթնոլորտ: Մթնոլորտի դերն ու նշանակությունը

Մթնոլորտը Երկրագունդը շրջապատող օդի շերտն է՝ մի հսկայական գազային օվկիանոս, որի հատակը Երկրի մակերևույթն է:
Մթնոլորտը, որով պայմանավորված է կյանքի գոյությունը Երկրի վրա, մի քանի գազերի՝ ազոտի (78%), թթվածնի (21%), արգոնի (0,93%), ածխաթթվական գազի (0,03%) խառնուրդ է: Այն աննշան քանակով պարունակում է նաև իներտ գազեր՝ նեոն, հելիում, կրիպտոն և այլն: Գազերից բացի, մթնոլորտում միշտ առկա են նաև ջրային գոլորշիներ, փոշու և ծխի մասնիկներ, սառույցի բյուրեղիկներ:
Ենթադրվում է, որ ժամանակակից մթնոլորտն ունի երկրորդային ծագում, այսինքն՝ այն առաջացել է Երկիր մոլորակի կազմավորումից հետո՝ նրա կարծր կեղևից անջատված գազերից: Ժամանակի ընթացքում մթնոլորտը մի քանի գործոնների ազդեցության հետևանքով կրել է զգալի փոփոխություններ: Մթնոլորտի զարգացումը սերտորեն կապված է երկրաբանական և երկրաքիմիական շարժընթացների, կենդանի օրգանիզմների գործունեության հետ:
Մարդկանց համար մեծ կարևորություն ունի հատկապես մթնոլորտի ստորին շերտը՝ ներքնոլորտը (տրոպոսֆերա), որի բարձրությունը Երկրի մակերևույթից 8–17 կմ է: Այստեղ են կուտակված մթնոլորտի զանգվածի 80%-ը և ջրային գոլորշիները, այս շերտում են առաջանում ամպերը, ծնվում ամպրոպները, անձրևներն ու ձյունը: Ներքնոլորտում,  որպես օրինաչափություն, ըստ բարձրության` յուրաքանչյուր 1 կմ-ի վրա ջերմաստիճանը նվազում է 5–60C-ով:
Մթնոլորտի հաջորդ շերտը՝ վերնոլորտը (ստրատոսֆերա), հասնում է մինչև 50–55 կմ բարձրության: Օդն այնտեղ խիստ նոսր է, իսկ երկինքը՝ մուգ մանուշակագույնից մինչև գրեթե սև:
Հաջորդ շերտը՝ միջնոլորտը (մեզոսֆերա), հասնում է մինչև 80 կմ բարձրության: Այդ շերտում երբեմն առաջանում են փայլուն, նուրբ ամպեր: Դրանք կոչվում են արծաթափայլ ամպեր և կազմված են սառցի բյուրեղիկներից ու տիեզերական մանրագույն փոշու մասնիկներից:
Ջերմոլորտը (թերմոսֆերա) կամ իոնոլորտը (իոնոսֆերա) հասնում է մինչև 1000 կմ բարձրության: Այնտեղ օդը չափազանց նոսր է, շատ են գազի առանձին լիցքավորված մասնիկները՝ իոնները: Այդ բարձրությունում են առաջանում բևեռափայլերը, որի աղեղները ձգվում են արևելքից արևմուտք և երբեմն անցնում 5 հզ. կմ-ից, իսկ երկնքում փայփլում են մի քանի ժամ շարունակ:
Մթնոլորտի ամենավերին շերտն արտաքին ոլորտն է (էկզոսֆերա): Այնտեղ գրեթե օդ չկա:
Մթնոլորտը մեր մոլորակի և նրա օրգանական աշխարհի համար ունի չափազանց կարևոր նշանակություն:  Երկրի վրա առանց մթնոլորտի կյանքը չէր առաջանա:
Մթնոլորտը Երկրագնդի և նրա աշխարհագրական թաղանթի ջերմության կարգավորիչն է: Դրա շնորհիվ է, որ Երկրի մակերևույթն Արեգակի ճառագայթներից ցերեկն ուժեղ չի տաքանում, գիշերն էլ շուտ չի սառչում: Դրա համար էլ մթնոլորտը հաճախ անվանում են Երկրագնդի վերմակ:
Մթնոլորտը Երկրագունդը պաշտպանում է երկնաքարերից, որոնք, անցնելով մթնոլորտի միջով, շփումից շիկանում են, այրվում և միայն մանր քարերի ու փոշու ձևով թափվում Երկրի վրա՝ չվնասելով նրան (միայն առանձին դեպքերում են ընկնում մեծ երկնաքարեր, որոնք մեծ զանգվածի պատճառով չեն հասցնում լրիվ այրվել, և Երկրագնդի վրա առաջանում են մեծ խառնարաններ): Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի շրջապտույտ, իրականացվում է կենդանի օրգանիզմների գազափոխանակություն և լուսասինթեզ: Մթնոլորտի գրեթե բոլոր բաղադրիչ գազերն անարգել թողանցում են արեգակնային ճառագայթումը, սակայն, բարեբախտաբար, 24–30 կմ բարձրության վրա ոչ մեծ քանակությամբ կենտրոնացված է օզոն կոչվող գազի շերտը, որը և կասեցնում է Արեգակի` կյանքի համար կործանարար անդրամանուշակագույն ճառագայթների մեծ մասը:
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով փոխվում է նաև մթնոլորտի գազային կազմը: Պարզվել է, որ ածխաթթվական գազի պարունակությունն անընդհատ ավելանում է (վերջին 100 տարում՝ 3–15%-ով), ինչի հետևանքով ուժեղանում է մթնոլորտի ջերմոցային էֆեկտը, և տեղի է ունենում կլիմայի տաքացում: Ներկայումս դա համամոլորակային լուրջ վտանգ է, հետևաբար չափազանց կարևոր են արտանետվող գազերի զտումն ու քանակների սահմանափակումը:
Մթնոլորտի` մասնավորապես մթնոլորտում եղած ջերմոցային գազերի շնորհիվ է, տեղի է ունենում ջերմոցային էֆետկը: Այս առումով մթնոլորտը երկրագնդի համար կատարումէ վերմակի դեր


Հողային ռեսուրսները և դրանց օգտագորգործման առանձնահատկությունները

Երկրագնդի հողային ռեսուրսները կազմում են համաշխարհային հողային ֆոնդը՝ մոտ 13 մլրդ 400 մլն հա: Դա հավասար է երկրագնդի ընդհանուր մակերեսի 26%-ին, իսկ ցամաքային մակերեսի՝ 90%-ին (մնացած 10%-ը կազմում են Անտարկտիդան, Գրենլանդիան և բևեռային շրջանների փոքր կղզիները):
Գյուղատնտեսության կողմից օգտագործվող, ինչպես նաև անատառներով ու թփուտներով զբաղեցրած հողերն ընդունված է անվանել արդյունավետ հողեր:
Մյուս հողերը, ինչպիսիք են՝ բնակավայրերի, ճանապարհների, այլ կառույցների տակ գտնվողները, ճահիճները, անապատները, տունդրան, սառցադաշտերը, բարձրալեռնային լերկ տարածությունները, անարդյունավետ և մասամբ արդյունավետ հողերն են: Արդյունավետ հողերը կազմում են համաշխարհային հողային ռեսուրսների 65%-ը՝ 8.7 մլրդ հա: Մնացած 35%-ը (.4.7 մլրդ հա) մասամբ արդյունավետ և անարդյունավետ հողերն են, որոնք պիտանի չեն մարդուն անհրաժեշտ կենսամթերքներ ստանալու համար:
Այսպիսով, համաշխարհային հողային ֆոնդի առավել արժեքավոր մասը արդյունավետ հողերն են, այսինքն՝ գյուղատնտեսական և անտառային հանդակները:
Մարդիկ ակտիվորեն և ավելի մեծ արդյունավետությամբ օգտագործում են գյուղատնտեսական հողահանդակները: Իսկ դրանք կազմում են համաշխարհային հողային ֆոնդի մոտավորապես 1/3-ը, ճիշտ այնքան, ինչքան գյուղատնտեսության համար ոչ պիտանի, այսինքն՝ անարդյունավետ և մասամբ արդյունավետ հողերն են: Դրանցից վարելահողեր են 1.4 մլրդ հա (համաշխարհային ընդհանուր ֆոնդի ընդամենը10%-ը), բազամամյա տնկարկներ (այգիներ և պլանտացիաներ)` 0.1  մլրդ հա(0.3%), արոտավայրեր ու խոտհարքեր՝ 3.1 մլրդ հա (24%):
Գյուղատնտեսական հողերի բաշխումը երկրագնդի վրա խիստ անհավասրաչափ է և պայմանավորված է բնական պայմաններով, տարածքի յուրացվածության աստիճանով, բնակչության խտությամբ և մի շարք այլ ցուցանիշներով:
Բնակչության մեկ շնչի հաշվով գյուղատնտեսական հանդակների տարածությունն, օրինակ, Ավստրալիայում հավասար է 33 հա, Արգենտինայիում՝ 6 հա, Ճապոնիայում՝ 0.05 հա, Եգիպտոսում՝ 0.06 հա, ՀՀ-ում՝ 0.13 հա:
Հազարամյակների ընթացքում մարդն անընդհատ ընդարձակել է օգտագործվող հողատարածությունները: Միաժամանակ բարձրացրել է դրանց օգտագործման ինտեսիվությունը:
Հողօգտագործման  էքստենսիվ և ինտենսիվ ուղիների համատեղ զարգացման շնորհիվ նորանոր հողատարածություններ են ընդգրկվել գյուղատնտեսական արտադրության ոլորտ, միաժամանակ բարձրացել է դրանց բերրիությունը:
Սա հողոգտագործման բնագավառում նկատվող միտումներից մեկն է: Բայց ներկայումս այդ միտումը, ցավոք, տիրապետող չէ:
Ավելի ուժեղ է հակառակ միտումը, երբ մարդու ոչ խելացի գործունեության հետևանքով տեղի է ունենում հողերի վատթարացում` ընկնում է դրանց բերրիությունը, և ընդարձակ հողատարածություններ գյուղատնտեսության համար դառնում են ոչ պիտանի:
Գիտնականների տվյալների համաձայն երկրագնդի ցանքատարածություններից էրոզիայի պատճառով տարեկան կորչում է 24 մլրդ տոննա արգավանդ հողի շերտ: Դա ավելին է, քան նոր առաջացող շերտը: Դա նշանակում է, որ ամբողջ երկրագնդի մասշտաբով նոր հողագոյացման պրոցեսն ավելի դանդաղ է ընթանում, քան մշակվող հողերի դեգրադացիան:
Միջազգային կազմակերպությունների տվյալներով ամեն տարի էրոզիայի պատճառով գյուղատնտեսական շրջանառությունից դուրս է գալիս 6-7 մլն հա արգավանդ հող: Դա ավելի քան երկու անգամ գերազանցում է ՀՀ տարածքը:
Տարբեր բնակլիմայական պայմաններում, կախված հողօգտագործման բնույթից և գյուղատնտեսության վարման մակարդակից, էրոզիայի պատճառները տարբեր են:
Անտառներից ազատված տարածքները հեշտությամբ ենթարկվում են ջրային էռոզիայի: Մերկանում են մայրապարները, և բերրի հողերի փոխարեն առաջանում են մեռյալ տարածքներ:
Հողի ինտեսնսիվ էրոզիայի պատճառներից է արոտավայրերի գերարածեցումը, երբ խախտվում է հավասարակշռությունը արածեցման արագության և բուսականության վերաճի միջև: Ի վերջո, ամբողջովին ոչնչանում է բուսածածկը և հսկայական հողատարածքներ վերածվում են անապատների:
Այժմ արդեն երկրագնդի վրա որոշ գիտնականների տվյալներով մարդածին անապատները զբաղցնում են 9 մլն քկմ: Դա ավելինէ, քան բնական անապատների մակերեսը:
Էրոզիայից բացի գյուղատնտեսությանը մեծ վնաս է հասցնում հողերի աղակալումը: Հողերի աղակալում տեղի է ունենում ոռոգման նորմերը խախտելու դեպքում:

Կարող եք դիտել նաև հետևյալ ֆիլմը:


05.01.2013

Հողերի քիմիական աղտոտումը

Հողերի աղտոտումը արտադրական թափոններով: Օդի և ջրի նման հողը ևս ենթակա է աղտոտման: Դրա աղտոտման աղբյուրներից մեկը մթնոլորտն է: Մթնոլորտի վնասակար խառուրդները նստում են հողի մակերեսին, թափանցում են գրունտային ջրերի մեջ, իսկ դրանց մի մասն էլ փոշու ձևով վերադառնում է մթնոլորտ:
Հողի աղտոտման աղբյուրներն են նաև մետաղաձուլական գործարանների, նավթարդյունաբերական և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները: Նման աղտոտումները տարածվում են հսկայական տարածությունների վրա և նկատվում են երկրագնդի ամենահեռավոր վայրերում: Ընդ որում հողի մակերեսային բերրի շերտում կարող են կուտակվել մանգանի, քրոմի, պղնձի, կոբալտի, նիկելի և կապարի վտանգավոր միացություններ, ինչը 20 – 50%-ով իջեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը:
Հողերի աղտոտումը ռադիոակտիվ նյութերով: 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած առաջացավ ռադիոակտիվ տարրերով հողի աղտոտման իրական վտանգ: Ռադիոակտիվ նյութերը կարող են թափանցել հող և կուտակվել այնտեղ ատոմային պայթյուններից հետո տեղումների արդյունքում: Տեղ-տեղ հողը կարող է աղտոտվել ատոմային էլեկտրակայանների և այլ ձեռնարկությունների թափոնների ռադիոակտիվ տարրերով:
Հողի աղտոտումը պեստիցիդներով: Պեստիցիդները քիմիական միացությունների խումբ են, որոնք կիրառվում են մարդու համար անցանկալի օրգանիզմները ոչնչացնելու կամ դրանց թվաքանակը կրճատելու նպատակով: Այս քիմիկատներից ոչ մեկ օժտված չէ բացարձակ ընտրողականությամբ այն օրգանիզմի նկատմամբ, որի դեմ կիրառվում է: Այդ բոլոր միացությունները օտար են բոլոր օրգանիզմների և, ընդհանրապես, կենսոլորտի համար:
Ժամականակակից գյուղատնտեսությունը չի կարող չկիրառել պեստիցիդներ, քանի որ դրանց բացակայության դեպքում բերքի մեծ կորուստներ ունենալու վտանգ է առաջանում: Հետևաբար, պեստիցիդներն անհրաժեշտ է կիրառել մեծ զգուշությամբ և պետք է կարողանալ կանխագուշակել կենդանի օրգանիզմների, էկոլոգիական համակարգերի և մարդու վրա դրանց ունեցած բացասական ազդեցության հնարավոր էկոլոգիական հետևանքները:
Պարարտանյութերի օգտագործումը: Աշխարհում ներկայումս տարեկան կտրվածքով արտադրվում է շուրջ 200 մլն տ հանքային պարարտանյութ, կամ 1 շնչին մոտավորապես 40 կգ: Սակայն այդ պարարտանյութերի կիրառումից սպասվող ցանկալի արդյունքին հասնելու համար անհրաժեշտ է ավելացնել մինչև 500 մլն տ, ինչը կկազմի մոտ 90 կգ 1 շնչին մեկ տարվա ընթացքում:
Հանքային պարարտանյութերով հողի պարարտացումը ինտենսիվ հողագործության անխուսափելի հետևանք է: Առանց պարարտանյութերի գյուղատնտեսական արտադրանքը խիստ կնվազի, ինչն անխուսափելիորեն կբերի ծանր սոցիալական հետևանքների: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել և այն էկոլոգիական հետևանքները, որոնք ծագում են հանքային պարարտանյութերի կիրառման ժամանակ:
Հանքային պարարտանյութերի օգտագործման կաննոների խախտման դեպքում մեծանում է հողի թթվայնությունը, փոխվում է հողային օրգանիզմների տեսակային կազմը, խախտվում է նյութերի շրջապտույտը, քայքայվում է հողի կառուցվածքը: Արդյունքում հողի բերրիությունը ընկնում է: Պարարտանյութերը բացասաբար են ազդում ոչ միայն հողի, այլև մթնոլորտի և ջրային էկոհամակարգերի վրա:

Մարդու և կենդանիների առողջության վրա բացասաբար են ազդում պարարտանյութերի բոլոր խմբերը, մասնավորապես քլոր պարունակող և ֆոսֆորական պարարտանյութերը: 

Հողերի կորստի հիմանական պատճառները


Յուրաքանչյուր տարի երկրագունդը կորցնում է 75 մլրդ տոննա հող: Այս ցուցանիշը վկայում է, որ մինչև 2025 թվականը կվերանա երկրագնդի հողածածկի 36%-ը: Եվրոպայում, ինչպես նաև ԱՄՆ-ում հողային ծածկույթի տարեկան կորուստը կազմում է 1 մլրդ տոննա, իսկ Ասիայում՝ 25 մլրդ տոննա: Այս հողերն ի վերջո հայտնվում են օվկիանոսներում, լցվում են լճերն ու ջրամբարները: Վարելահողերի կորստի հետևանքով մերկանում են հողի ստորին շերտերը, և արդյունքում տեղի է ունենում էկոհամակարգերի, ապրելու բնական միջավայրերի, բերրի հողերի կորուստ:
Տարբերվում են հողերի քայքայմանև ոչնչացման 4 հիմնական պատճառ՝ էրոզիան, ոռոգման բացասական հետևանքներ, հողերի հյուծում և օտարում:

Հողերի էրոզիան: Էրոզիան առաջին հերթին սկսում է այն հողերում, որտեղ բացակայում է բնական բուսածածկույթը, որը տվյալ դեպքում կատարում է առնվազն երկու գործառույթ: Առաջինը՝ բույսերն իրենց արմատներով ամրացնում են հողը, և երկրորդը՝ բույսերի վերգետնյա մասը վնազեցնում են ջրի և, հատկապես, քամու հոսքի ուժն ու ինտեսիվությունը: Սակայն մարդու գործունեության ազդեցությամբ էրոզիոն գործընթացները կտրուկ արագացել են: Օրինակ վերջին 50 տարվա ընթացքում դեպի օվկիանոս գետերի տեղափոխած նյութը ավելացել է 8 անգամ:
Ջրային էրոզիա: Էրոզիայի այս տեսակը հանդիպում է ամենուր, բայց առավել ուժեղ է արտահայտված այն վայրերում, որտեղ մշակվող, ընդարձակ բաց տարածությունների վրա մեծ է տեղումների քանակությունը: Բացի հողերի մշակումից էրոզիոն գործընթացների ի հայտ գալուն նպաստում են մեծ ծավալով անտառահատումները, բուսածածկույթի ոչնչոցումը, անասունների արածեցումը և այլն:
Ոռոգելի հողագործություն: Ոռոգելի հողագործությունը մշակվող հողերի արհեստական մատակարարումն է ջրով: Ոռոգումը նպաստում է ստացվող գյուղատնտեսական արտադրանքի էական ավելացմանը այն վայրերում, որտեղ տեղումները քիչ են:

Ոռոգվող հողատարածությունների մակերեսը ներկայումս ամբողջ աշխարհում կազմում է շուրջ 250 մլն հա: Ոռոգման ժամանակ, բացի էրոզիայից, հողը ենթարկվում է նաև երկորդային աղակալման, որը հաճախ անհնար է դարձնում բույսերի զարգացումն այդ տարածքում: Դաշտերը հաճախ ոռոգվում են ավելի շատ ջրով, քան հողը կարող է պահել իր մեջ: Այդ ավելցուկ խոնավությունը հասնում է գրունտային ջրերին, որի հետևանքով դրանց մակարդակը բարձրանում է: Մի քանի տարի անց գրունտային ջրերը հասնում են հողի մակերեսին, և ջուրը սկսում է գոլորշանալ: Ընդ որում ջրում լուծված աղերը կուտակվում են հողի մակերեսային շերտում: Այդպիսի հողերը գործնականում դառնում են ոչ պիտանի հողագործության համար: Ներկայումս կա մոտ 60մլն հա երկրոդային աղակալած հող, որը կազմում է բոլոր ոռոգվող հողերի մոտ 25%-ը:
Հողերի ճահճացումը: Չորային կլիմայով շրջաններում հողերի աղակալումը հաճախ ուղեկցվում է ճահճացմամբ: Այն սերտ կապված է տարածքի ջրային ռեժիմի հետ և հնարավոր է միայն այդ տարածքների երկարատև և մշտական գերխոնվացման պայմաններում: Հաճախ ճահճացումը զարգանում է ջրավազանների մոտ գտնվող տարածքնրում: Այստեղ խիստ բարձրանում է ստորերկրյա ջրերի մակարդակը, և ճահճացումը ընդգրկում է մեծ տարածքներ:
Հողերի հյուծումը: Էրոզիայից և սխալ կազմակերպած ոռոգումից հետո հյուծումը երրորդ գործոնն է, որը մեծ վնաս է հասցնում հողային պաշարներին: Հողերի հյուծման պատճառները տարբեր են: Դա և՛ բերքի հետ հողից սննդանյութերի հեռացումն է, և՛ հումուսի կորուստը, և՛ ջրային ռեժիմի խախտումը: Հյուծվելու արդյունքում հողը զրկվում է բերրիությունից, և սկսվում են անապատացման գործընթացները: Հողի բերրիության կորուստը պայմանավորված է նաև դրա ուժգին մշակմամբ, աղտոտմամբ, թթվայնացմամբ և այլն:
Հողերի օտարումը: Օտարումը տարբեր, դրանց բնական գործառույթի հետ չկապված նպատակներով հողի օգտագործումն է: Ներկայումս երկրագնդի մեկ բնակչին բաժին է ընկնում 0.1 հա օտարված հողատարածություն: Ընդհանրապես օտարումը անխուսափելի երևույթ է: Չարդարացված մեծ ծավալներով հողերի օտարում տեղի է ունենում նավթի և այլ օգտակար հանածոների արդյունահանման ժամանակ: