2013/08/25

Բնական միջավայրի մարդածին աղտոտումը: Աղտոտման տեսակները



Երկիր մոլորակի աշխարհագրական թաղանթը և, մասնավորապես, կենսոլորտը միակ նպաստավոր միջավայրն է, որտեղ ծագել և զարգանում է մարդկությունը: Բայց հենց մարդկությունն է, որ իր գործունեությամբ խախտում է այդ միջավայրի հավասարակշռությունը, աղտոտում է միջավայրը, դարձնում պակաս նպաստավոր, իսկ առանձին դեպքերում էլ` աննպաստ և ուղղակիորեն մարդկանց կյանքի համար վտանգավոր:
Աղտոտում է կոչվում բնական միջավայրի այնպիսի փոփոխությունը, որը հանգեցնում է երկրահամակարգի էկոլոգիական հավասարակշռության խախտմանը և կենդանի օրգանիզմների, այդ թվում` մարդկանց գոյության պայմանների վատթարացմանը:

Բնական միջավայրի աղտոտումը կարող է լինել ինչպես բնածին, այնպես էլ մարդածին:
Բնական միջավայրի ներկայիս վատթարացման գլխավոր և առավել վտանգավոր պատճառը մարդածին աղտոտումն է և կապված է մարդու արտադրական գործունեության բացասական հետևանքների հետ:
Բնական միջավայրի մարդածին աղտոտման աղբյուրները, բուն աղտոտիչները և դրանց հետ էլ կապված աղտոտման տեսակները բազմազան են:
Տարբերում են աղտոտման 3 տեսակ` ֆիզիկական, քիմիական և կենսաբանական, թեև դրանք հաճախ միասնական ձևով են հանդես գալիս:
Ֆիզիկական է կոչվում այն աղտոտումը, որի հետևանքով փոփոխվում են միջավայրի ֆիզիկական ցուցանիշները, օրինակ` ջերմությունը, խոնավությունը, լուսավորվածությունը, աղմուկի մակարդակը, ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը, էլեկտրամագնիսականությունը:

Քիմիական աղտոտման դեպքում տեղի է ունենում միջավայրի քիմական հատկանիշների փոփոխություն: Միջավայր են թափանցում այնպիսի քիմիական նյութեր, որոնք չեն մարսվում բնության կողմից և մյուս նյութերի հետ քիմիական ռեակցիայի մեջ մտնելով` միջավայրը վտանգավոր են դարձնում կենդանի օրգանիզմների համար:
Կենսաբանական աղտոտում կոչվում են բնական միջավայրի այն փոփոխությունները, երբ միջավայր են թափանցում և բազմանում մարդու համար ոչ ցանկալի կենդանի օրգանիզմներ: Այդ օրգանիզմները կարող են մարդու առողջության համար ուղղակի վտանգ ծառայել կամ էլ փոխել կենսահամակեցությունների զարգացման ընթացքը անբարենպաստ ուղղությամբ և ի վերջո հանգեցնել բնական պայմանների ընդհանուր վատթարացման:
Բնական միջավայրի մարդածին աղտոտման ամենատարածված աղբյուրներն են` արդյունաբերություն, ավտոմոբիլային տրանսպորտը, շինարարությունը: Օրինակ, քարածխով աշխատող ջերմաէլեկտրակայանը արտանետում է մեծ քանակությամբ խարամ, թունավոր գազեր, մոծիր, ջրային գոլորշիներ, որոնք աղտոտում են շրջակա բնատարածքը: Ցեմենտի գործարանը օդային ավազան է մղում մեծ քանակությամբ փոշի, որը քամիների օգնությամբ կարող է տարածվել տասնյակ կմ շառավղով և նստել շրջապատի վրա:
Հանքարդյունաբերության ձեռնարկությունները ոչ միայն ավերում են այն բնական համակեցությունները, որտեղ հանքեր են բացվում, այլև իրենց թափոնները կուտակում են հանքի շրջակայքում` ամբողջովին փոխելով բնական լանդշաֆտը:
Ավտոմոբիլային տրանսպորտը հատկապես մեծ չափով աղտոտում է օդային ավազանը, որ թափանցում են ներքին այրման շարժիչների արտադրած գազերը:
Բնական միջավայրի ֆիզիկական ցուցանիշները նկատելի փոփոխություններ են կրում շինարարության ազդեցությամբ: Ամեն մի կառույց, գյուղեր, քաղաքներ, խոշոր ջրամբարներ, հիդրոէլեկտրակայաններ, փոխում են շրջապատի միկրոկլիման, ջերմության ու խոնավության ռեժիմը, ազդում մակերեսային և նույնիսկ ստորերկրյա ջրերի վրա, ստեղծում նոր տիպի` տեխնածին լանդշաֆտներ:
Բնական միջավայրի ֆիզիկական, ինչպես նաև մեխանիկական աղտոտման հետևանքներն անզեն աչքի համար մեծ մասամբ տեսանելի են և հաղթահարելի:
Այլ է վիճակը քիմիական ու կենսաբանական աղտոտման ժամանակ: Այս դեպքում բնական միջավայրըավելի բարդ և միանգամից դժվար նկատելի փոփոխություններ է կրում: Հետևանքների վերացումն էլ ավելի դժվարին բնապահպանական խնդրի է վերածվում:
Բնական միջավայրն աղտոտող նյութերը հաշվվում են հարյուրներով և իրենց բնույթով ու ծագմամբ շատ բազմազան են: Բազմազան է նաև դրանց բացասական ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա:
Բնական միջավայրի աղտոտում թույլ չտալու և աղտոտված միջավայրը մաքրելու համար անհրաժեշտ է ծանոթ լինել դրանցից գոնե գլխավորներին:
Ինչպես աղտոտման տեսակները, այնպես էլ աղտոտող նյութերը ըստ ծագման բաժանվում են երկու խմբի` բնական և արհեստական:
Բնական ծագման աղտոտող նյութերը տարածվում են հրաբխային գործունեության, հողի և լեռնապարների լվացման ու տեղատարման, անտառային հրդեհների, ծովի ալեկոծության ու ալեբախության, բույսերի ու մանրէների քայքայման և այլ բնական երևույթների հետևանքով:
Արհեստական ծագման նյութերը գոյանում են հանածո վառելիքի, արդյունաբերական ու կենցաղային թափոնների ցրման-տարածման, ինչպես նաև այրման հետևանքով: Մեծ չափով այդպիսի նյութեր են առաջանում ներքին այրման շարժիչներում, ջերմաէլեկտրակայաններում, հնոցներում ու արդյունաբերական վառարաններում, էներգակիրների այրումից, դրանք կենցաղային նպատակներով օգտագործելիս:
Մարդածին աղտոտող նյութերում մեծ բաժին ունեն քիմիական արդյունաբերության ու ատոմային էներգետիկայի թափոնները, ատոմային զենքի փորձարկումների հետևանքով գոյացած նյութերը:
Ըստ բնական միջավայրի վրա ունեցած ազդեցության` աղտոտող նյութերը բաժանվում են երկու հիմնական խմբի` ֆիզիկական և քիմիական:

Ֆիզիկական նյութերի մեջ մտնում են`
·         Գետերի պինդ հոսքը,
·         Ռադիոակտիվ տարրերը,
·         Ջերմային աղտոտում առաջացնող նյութերը,
·         Աղմուկի ու ցածր հաճախականության վիբրացիայի աղբյուրները:
Ավելի մեծաքանակ են միջավայրն աղտոտող և մարդու առողջության համար վտանգավոր քիմիական նյութերը:
Բոլոր աղտոտող նյութերը բնական միջավայր են թափանցում գազային, հեղուկ և պինդ վիճակում:

Բնական միջավայրի տարբեր բաղադրիչների աղտոտմանը այդ նյութերի մասնակցության բաժինը տարբեր է: Օրինակ, մթնոլորտն աղտոտող նյութերի շարքում գլխավորը գազային վիճակում գտնվող նյութերն են, մինչդեռ ջրերն ու հողերն աղտոտողների մեջ` հեղուկ և պինդ նյութերը:

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий