Показаны сообщения с ярлыком Հող. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հող. Показать все сообщения

2013/01/13

Հողային ռեսուրսները և դրանց օգտագորգործման առանձնահատկությունները

Երկրագնդի հողային ռեսուրսները կազմում են համաշխարհային հողային ֆոնդը՝ մոտ 13 մլրդ 400 մլն հա: Դա հավասար է երկրագնդի ընդհանուր մակերեսի 26%-ին, իսկ ցամաքային մակերեսի՝ 90%-ին (մնացած 10%-ը կազմում են Անտարկտիդան, Գրենլանդիան և բևեռային շրջանների փոքր կղզիները):
Գյուղատնտեսության կողմից օգտագործվող, ինչպես նաև անատառներով ու թփուտներով զբաղեցրած հողերն ընդունված է անվանել արդյունավետ հողեր:
Մյուս հողերը, ինչպիսիք են՝ բնակավայրերի, ճանապարհների, այլ կառույցների տակ գտնվողները, ճահիճները, անապատները, տունդրան, սառցադաշտերը, բարձրալեռնային լերկ տարածությունները, անարդյունավետ և մասամբ արդյունավետ հողերն են: Արդյունավետ հողերը կազմում են համաշխարհային հողային ռեսուրսների 65%-ը՝ 8.7 մլրդ հա: Մնացած 35%-ը (.4.7 մլրդ հա) մասամբ արդյունավետ և անարդյունավետ հողերն են, որոնք պիտանի չեն մարդուն անհրաժեշտ կենսամթերքներ ստանալու համար:
Այսպիսով, համաշխարհային հողային ֆոնդի առավել արժեքավոր մասը արդյունավետ հողերն են, այսինքն՝ գյուղատնտեսական և անտառային հանդակները:
Մարդիկ ակտիվորեն և ավելի մեծ արդյունավետությամբ օգտագործում են գյուղատնտեսական հողահանդակները: Իսկ դրանք կազմում են համաշխարհային հողային ֆոնդի մոտավորապես 1/3-ը, ճիշտ այնքան, ինչքան գյուղատնտեսության համար ոչ պիտանի, այսինքն՝ անարդյունավետ և մասամբ արդյունավետ հողերն են: Դրանցից վարելահողեր են 1.4 մլրդ հա (համաշխարհային ընդհանուր ֆոնդի ընդամենը10%-ը), բազամամյա տնկարկներ (այգիներ և պլանտացիաներ)` 0.1  մլրդ հա(0.3%), արոտավայրեր ու խոտհարքեր՝ 3.1 մլրդ հա (24%):
Գյուղատնտեսական հողերի բաշխումը երկրագնդի վրա խիստ անհավասրաչափ է և պայմանավորված է բնական պայմաններով, տարածքի յուրացվածության աստիճանով, բնակչության խտությամբ և մի շարք այլ ցուցանիշներով:
Բնակչության մեկ շնչի հաշվով գյուղատնտեսական հանդակների տարածությունն, օրինակ, Ավստրալիայում հավասար է 33 հա, Արգենտինայիում՝ 6 հա, Ճապոնիայում՝ 0.05 հա, Եգիպտոսում՝ 0.06 հա, ՀՀ-ում՝ 0.13 հա:
Հազարամյակների ընթացքում մարդն անընդհատ ընդարձակել է օգտագործվող հողատարածությունները: Միաժամանակ բարձրացրել է դրանց օգտագործման ինտեսիվությունը:
Հողօգտագործման  էքստենսիվ և ինտենսիվ ուղիների համատեղ զարգացման շնորհիվ նորանոր հողատարածություններ են ընդգրկվել գյուղատնտեսական արտադրության ոլորտ, միաժամանակ բարձրացել է դրանց բերրիությունը:
Սա հողոգտագործման բնագավառում նկատվող միտումներից մեկն է: Բայց ներկայումս այդ միտումը, ցավոք, տիրապետող չէ:
Ավելի ուժեղ է հակառակ միտումը, երբ մարդու ոչ խելացի գործունեության հետևանքով տեղի է ունենում հողերի վատթարացում` ընկնում է դրանց բերրիությունը, և ընդարձակ հողատարածություններ գյուղատնտեսության համար դառնում են ոչ պիտանի:
Գիտնականների տվյալների համաձայն երկրագնդի ցանքատարածություններից էրոզիայի պատճառով տարեկան կորչում է 24 մլրդ տոննա արգավանդ հողի շերտ: Դա ավելին է, քան նոր առաջացող շերտը: Դա նշանակում է, որ ամբողջ երկրագնդի մասշտաբով նոր հողագոյացման պրոցեսն ավելի դանդաղ է ընթանում, քան մշակվող հողերի դեգրադացիան:
Միջազգային կազմակերպությունների տվյալներով ամեն տարի էրոզիայի պատճառով գյուղատնտեսական շրջանառությունից դուրս է գալիս 6-7 մլն հա արգավանդ հող: Դա ավելի քան երկու անգամ գերազանցում է ՀՀ տարածքը:
Տարբեր բնակլիմայական պայմաններում, կախված հողօգտագործման բնույթից և գյուղատնտեսության վարման մակարդակից, էրոզիայի պատճառները տարբեր են:
Անտառներից ազատված տարածքները հեշտությամբ ենթարկվում են ջրային էռոզիայի: Մերկանում են մայրապարները, և բերրի հողերի փոխարեն առաջանում են մեռյալ տարածքներ:
Հողի ինտեսնսիվ էրոզիայի պատճառներից է արոտավայրերի գերարածեցումը, երբ խախտվում է հավասարակշռությունը արածեցման արագության և բուսականության վերաճի միջև: Ի վերջո, ամբողջովին ոչնչանում է բուսածածկը և հսկայական հողատարածքներ վերածվում են անապատների:
Այժմ արդեն երկրագնդի վրա որոշ գիտնականների տվյալներով մարդածին անապատները զբաղցնում են 9 մլն քկմ: Դա ավելինէ, քան բնական անապատների մակերեսը:
Էրոզիայից բացի գյուղատնտեսությանը մեծ վնաս է հասցնում հողերի աղակալումը: Հողերի աղակալում տեղի է ունենում ոռոգման նորմերը խախտելու դեպքում:

Կարող եք դիտել նաև հետևյալ ֆիլմը:


2012/12/31

Հող: Հողի նշանակությունը


Հողը Երկրի կեղևի՝ բերրիությամբ օժտված մակերեսի փուխր շերտն է, որն առաջացել է լեռնային ապարներից՝ ֆիզիկական, քիմիական և կենսաբանական պրոցեսների համատեղ գործունեության հետևանքով: Հողը կապող օղակ է հանդիսանում կենդանի օրգանիզմների ու անկենդան բնության միջև: Հողը այն միջավայրն է, որում փոխազդում են կենսոլորտի տարրերի մեծ մասը, ջուրը, օդը և կենդանի օրգանիզմները:
Հողը կազմված է մի քանի շերտերից, որոնք առաջանում են մայրական լեռնային ապարների, կլիմայի, բույսերի և կենդանիների ու տեղանքի ռելիեֆի փոխազդեցության հետևանքով: Մակերեսային շերտը բնակեցված է կենդանիների, մանրէների, բույսերի բազմաթիվ տեսակներով և դրանց մնացորդներով, որոնք կազմում են հումուսի հիմքը: Հումուսը կայուն օրգանական նյութ է, որը պահպանվում է քայքայման հիմնական գործընթացների ավարտից հետո: Հողը կազմող տարրերը կարող են գտնվել երեք ֆիզիկական վիճակներում՝ պինդ, հեղուկ, գազային: Պինդ վիճակում գերակշռում են հանքային գոյացությունները և օրգանական նյութերը, այդ թվում և հումուսը: Հողի հեղուկ վիճակը, այսպես կոչված, հողային լուծույթը, կազմում է ջուրը՝ նրանում լուծված հանքային միացություններով, ինչպես նաև՝ գազերով: Ջրից զուրկ հողային տարածքներում գոյանում է <<հողային օդը>>, որն իր մեջ ներառում է զանազան գազեր:
Հողը կյանքի միջավայր է շատ օրգանիզմների համար: Հողում բնակվում են բազմաթիվ կենդանի օրգանիզմներ՝ բակտերիաներ, ջրիմուռներ, սնկեր, միաբջիջ կենդանիներ, որդեր, հոդվածոտանիներ ու մանր կաթնասուններ: Հողի բնական բերրիությունը ձևավորվում է շատ երկար ժամանակի ընթացքում և պահպանվում է այնքան, քանի դեռ բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, որոնք մասնակցում են հումուսի առաջացման գործընթացներին: Հողի բերրիության բարձրացման համար մեծ նշանակություն ունեն անձրևաորդերը: Հողի շերտի հզորությունը որոշվում է բույսերի արմատների թափանցման խորությամբ և փորող կենդանիների գործունեությանբ: Այն հասնում է մոտավորապես 1,5-2 մետրի:
Բացառպես մեծ է հողի՝ որպես սանիտարական պաշտպանիչ շերտի նշանակությունը: Այն հանդես է գալիս որպես հզոր բակտերիալ ֆիլտր ջրային լուծույթների մաքրման համար և օժտված է քիմիական միացությունները կապելու մեծ ընդունակությամբ: Հողի մաքրող դերը հիմնականում կախված է նրա ֆիզիկական ու քիմիական հատկություններից:
Հողը բարդ բնական համակարգ է, որտեղ կենդանի օրգանիզմների և այլ գործոնների ազդեցությամբ տեղի է ունենում բարդ օրգանական միացությունների առաջացում և քայքայում: Հանքային նյութերը բույսերի միջոցով կլանում են հողից, մտնում են նրանց օրգանական միացությունների կազմի մեջ, ապա՝ բուսակեր օրգանիզմների օրգանական նյութերի, իսկ հետո՝ միջատակեր և գիշատիչ կենդանիների: Բույսերի և կենդանիների մահից հետո օրգանական նյութերն անցնում են հողի մեջ: Հողային  մանրէները քայքայում են այդ օրգանական միացությունները, որոնք էլ բազմաթիվ բարդ և բազմաստիճան ռեակցիաների արդյունքում  վերածվում են բույսերի համար մարտչելի նյութերի:    
Չափազանց մեծ է հողի դերը մարդու կյանքում: Մարդիկ հողից են ստանում այն ամենը, ինչը անհրաժեշտ է իրենց կյանքի համար: Էներգիայի մոտավորապես 88%-ը, որը մարդն ստանում է սննդի հետ, տալիս են մշակվող հողերը, 10%-ը  ստանում են անտառներից, դաշտերից, արոտավայրերից և միայն 2%-ը՝ Համաշխարհային օվկիանոսից:
Հողը, ի տարբերություն մյուս բոլոր արտադրամիջոցների, ճիշտ օգտագործելու դեպքում ոճ միայն չի սպառվում, այլ ընդհակառակը՝ անընդհատ բարելավվում է, բարձրացնում բերրիությունը: 
Բնական պայմաններում 1սմ հաստությամբ բերրի հողի շետը ձևավորվում է 125-140 տարվա ընթացքում: Այդ գործընթացն էապես արագացավ մարդկային գործունեության և օպտիմալ ագրոտեխնիկայի կիրառման հետ: Բայց նույնիսկ այդ դեպում 1սմ  բերրի հողաշերտ ստանալու համար պահանջվում է ոչ պակաս քան 40 տարի: