Ցանկացած էկոհամակարգում գոյություն ունեն նյութափոխանակությամբ
իրար հետ կապված օրգանիզմների խմբեր` պրոդուցենտներ, կոնսումենտներ և ռեդուցենտներ,
որոնք իրագործում են կենդանի բջջի համար անհրաժեշտ տարրերի կրկնվող շրջանառությունը:
Այդ խմբերի օրգանիզմների տարբեր տեսակներ իրենց աճի, զարգացման և վերարտադրության համար
միջավայրից կլանում են նյութեր և միջավայր արտանետում օրգանական և անօրգանական բնույթի
իրենց կենսագործունեության արգասիքները:
Քիմիական տարրերը, այդ թվում և բջջանյութի բոլոր հիմնական տարրերը,
սովորաբար կենսոլորտում կատարում են բնորոշ ուղիներով արտաքին միջավայրից դեպի օրգանիզմներ
և ապա նորից արտաքին միջավայր: Բնության մեջ հանդիպող տարրերից 30-40-ն են պահանջվում
կենդանի օրգանիզմների կենսագործունեության համար: Որոշ տարրեր, ինչպիսիք են ածխածինը,
ջրածինը, ազոտը և թթվածինը, անհրաժեշտ են օրգանիզմներին մեծ քանակներով, մյուսները`
փոքր կամ չնչին քանակությամբ, սակայն որքան էլ քիչ պահանջվեն մյուս տարրերը միևնույն
է դրանք ևս խիստ անհրաժեշտ են էկոհամակարգերի գոյության համար: Երբ մանրամասն ուսումնասիրում ենք էկոհամակարգերում
կատարվող նյութերի շրջապտույտը հասկանալի է դառնում, որ մի շարք նյութերի ավելցուկը
ևս վնասակար է ամբողջ էկոհամակարգին: Դա պետք է հաշվի առնել հատկապես այն ժամանակ,
երբ հողը հարստացնում ենք տարբեր տեսակի պարարտանյութերով:
Ազոտի շրջանառությունը: Ազոտը մտնում է սպիտակուցների և նուկլեինաթթուների կազմության մեջ
և համարվում անփոխարինելի կենսածին տարր: Յուրաքանչյուր բջիջ առաջանում է մայր բջջի
բաժանման հետևանքով: Ընդ որում դուստր բջիջները ժառանգում են մայրական բջջի հատկությունները:
Իսկ բջջի հատկությունները որոշվում են գլխավորապես նրա սպիտակուցներով: Նուկլեինաթթուներն
ապահովում են ճիշտ այնպիսի սպիտակուցների սինթեզ, որպիսիք կան մայրական բջջում:
Մթնոլորտը համարվում է ազոտի անսպառ շտեմարան: Նրանում ազոտի պարունակությունը
կազմում է 78%: Սակայն խիստ կարևոր այդ կենսածին տարրը (մթնոլորտում եղած ազոտը) անմատչելի
է և չի կարող անմիջապես օգտագործվել օրգանիզմների կողմից: Էկոհամակարգի բաղադրիչների
կողմից ազոտի կլանման համար անհրաժեշտ է, որ այն հանդես գա ամոնիումի (NH4+)
կամ նիտրատ (NO3-) իոնի ձևով և մտնի քիմիական նյութի կազմի մեջ:
Գազային ազոտի` (N2) ամոնյակային ձևի փոխակման գործընթացում կարևոր դեր
են խաղում որոշակի ռիբոզիում տեսակի բակտերիաները, որոնք շատ են պարունակվում լոբազգի
բույսերի պալարային գոյացություններում, որոնք միջավայրը հարստացնում են բույսերի համար մատչելի ազոտական միացություններով
Բույսերը բակտերիաներից ստանում են ազոտի մատչելի ձևերը, իսկ բակտերիաները
բույսերից վերցնում են սնուսնդ և ձեռք են բերում բնակատեղ: Օրգանական նյութերի ձևով,
սննդային շղթաների միջոցով, ազոտը փոխանցվում է էկոհամակարգերի մյուս օրգանիզմներին:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий