2012/12/31

Հող: Հողի նշանակությունը


Հողը Երկրի կեղևի՝ բերրիությամբ օժտված մակերեսի փուխր շերտն է, որն առաջացել է լեռնային ապարներից՝ ֆիզիկական, քիմիական և կենսաբանական պրոցեսների համատեղ գործունեության հետևանքով: Հողը կապող օղակ է հանդիսանում կենդանի օրգանիզմների ու անկենդան բնության միջև: Հողը այն միջավայրն է, որում փոխազդում են կենսոլորտի տարրերի մեծ մասը, ջուրը, օդը և կենդանի օրգանիզմները:
Հողը կազմված է մի քանի շերտերից, որոնք առաջանում են մայրական լեռնային ապարների, կլիմայի, բույսերի և կենդանիների ու տեղանքի ռելիեֆի փոխազդեցության հետևանքով: Մակերեսային շերտը բնակեցված է կենդանիների, մանրէների, բույսերի բազմաթիվ տեսակներով և դրանց մնացորդներով, որոնք կազմում են հումուսի հիմքը: Հումուսը կայուն օրգանական նյութ է, որը պահպանվում է քայքայման հիմնական գործընթացների ավարտից հետո: Հողը կազմող տարրերը կարող են գտնվել երեք ֆիզիկական վիճակներում՝ պինդ, հեղուկ, գազային: Պինդ վիճակում գերակշռում են հանքային գոյացությունները և օրգանական նյութերը, այդ թվում և հումուսը: Հողի հեղուկ վիճակը, այսպես կոչված, հողային լուծույթը, կազմում է ջուրը՝ նրանում լուծված հանքային միացություններով, ինչպես նաև՝ գազերով: Ջրից զուրկ հողային տարածքներում գոյանում է <<հողային օդը>>, որն իր մեջ ներառում է զանազան գազեր:
Հողը կյանքի միջավայր է շատ օրգանիզմների համար: Հողում բնակվում են բազմաթիվ կենդանի օրգանիզմներ՝ բակտերիաներ, ջրիմուռներ, սնկեր, միաբջիջ կենդանիներ, որդեր, հոդվածոտանիներ ու մանր կաթնասուններ: Հողի բնական բերրիությունը ձևավորվում է շատ երկար ժամանակի ընթացքում և պահպանվում է այնքան, քանի դեռ բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, որոնք մասնակցում են հումուսի առաջացման գործընթացներին: Հողի բերրիության բարձրացման համար մեծ նշանակություն ունեն անձրևաորդերը: Հողի շերտի հզորությունը որոշվում է բույսերի արմատների թափանցման խորությամբ և փորող կենդանիների գործունեությանբ: Այն հասնում է մոտավորապես 1,5-2 մետրի:
Բացառպես մեծ է հողի՝ որպես սանիտարական պաշտպանիչ շերտի նշանակությունը: Այն հանդես է գալիս որպես հզոր բակտերիալ ֆիլտր ջրային լուծույթների մաքրման համար և օժտված է քիմիական միացությունները կապելու մեծ ընդունակությամբ: Հողի մաքրող դերը հիմնականում կախված է նրա ֆիզիկական ու քիմիական հատկություններից:
Հողը բարդ բնական համակարգ է, որտեղ կենդանի օրգանիզմների և այլ գործոնների ազդեցությամբ տեղի է ունենում բարդ օրգանական միացությունների առաջացում և քայքայում: Հանքային նյութերը բույսերի միջոցով կլանում են հողից, մտնում են նրանց օրգանական միացությունների կազմի մեջ, ապա՝ բուսակեր օրգանիզմների օրգանական նյութերի, իսկ հետո՝ միջատակեր և գիշատիչ կենդանիների: Բույսերի և կենդանիների մահից հետո օրգանական նյութերն անցնում են հողի մեջ: Հողային  մանրէները քայքայում են այդ օրգանական միացությունները, որոնք էլ բազմաթիվ բարդ և բազմաստիճան ռեակցիաների արդյունքում  վերածվում են բույսերի համար մարտչելի նյութերի:    
Չափազանց մեծ է հողի դերը մարդու կյանքում: Մարդիկ հողից են ստանում այն ամենը, ինչը անհրաժեշտ է իրենց կյանքի համար: Էներգիայի մոտավորապես 88%-ը, որը մարդն ստանում է սննդի հետ, տալիս են մշակվող հողերը, 10%-ը  ստանում են անտառներից, դաշտերից, արոտավայրերից և միայն 2%-ը՝ Համաշխարհային օվկիանոսից:
Հողը, ի տարբերություն մյուս բոլոր արտադրամիջոցների, ճիշտ օգտագործելու դեպքում ոճ միայն չի սպառվում, այլ ընդհակառակը՝ անընդհատ բարելավվում է, բարձրացնում բերրիությունը: 
Բնական պայմաններում 1սմ հաստությամբ բերրի հողի շետը ձևավորվում է 125-140 տարվա ընթացքում: Այդ գործընթացն էապես արագացավ մարդկային գործունեության և օպտիմալ ագրոտեխնիկայի կիրառման հետ: Բայց նույնիսկ այդ դեպում 1սմ  բերրի հողաշերտ ստանալու համար պահանջվում է ոչ պակաս քան 40 տարի:

1 комментарий: