2013/11/10

Ֆոսֆորի շրջանառությունը


Կենսոլորտում ֆոսֆորի շրջանառությունը կապված է կենդանիների և բույսերի մեջ ընթացող նյութերի փոխանակության հետ: Ֆոսֆորի կենսաբանական և կենսաքիմիական դերը կենդանի բջջի կյանքում մեծ է: Այն մտնում է ուղեղի, կմախքի հյուսվածքների, խեցիների կազմի մեջ: Առանց ֆոսֆորի հնարավոր չէ սպիտակուցների սինթեզը: Ցամաքային բույսերի և ջրիմուռների բջիջների մեջ այդ կարևոր և անհրաժեշտ տարրի պարունակությունը կազմում է 0,01-0,1%, իսկ կենդանիների բջիջներում` 0,1-ից մինչև մի քանի տոկոս: 
Շրջանառության ընթացքում ֆոսֆորը հիմնականում կուտակվում է լճերում, ծովերում և գետաբերաններում: Մեծ բերքի ժամանակ մեկ հեկտարից հանվում է մինչև 60կգ P2O5, իսկ մթնոլորտից տեղումների հետ այն չի վերադառնում, կամ կենսածին ֆիքսացիա օդից չի կառարվում: Այդ պատճառով, ֆոսֆորի միացությունները, ինչպես նաև ազոտի միացությունները, ժամանակակից հողագործության կարևորագույն հանքային պարարտանյութերն են հանդիսանում: Բույսերի համար առավել մատչելի է միայն օրգանական միացությունների և հումուսի ֆոսֆորը: Հողերի հումուսային շերտը ֆոսֆորի միացությունների բնական կուտակիչ է հանդիսանում: Փաստորեն, ֆոսֆորի համար շտեմարան է հանդիսանում, ոչ թե մթնոլորտը, այլ քարոլորտը: Ֆոսֆորի աննշան քանակություններ ջրերից վերադառնում են ցամաքային էկոհամակարգեր ձկնորսության շնորհիվ (ծովամթերք), ինչպես նաև ծովային թռչունների միջոցով: Սակայն ֆոսֆորը հիմնականում տեղափոխվում է մեկ ուղղությամբ` ցամաքային լեռնային ապարներից դեպի ծովերի հատակը:
Ֆոսֆորի հիմնական աղբյուր են հանդիսանում հրաբխային ապարները (ապատիտներ) կամ էլ նստվածքային ապարները` ֆոսֆորիտները: Ջրում ապարների լվացման և լուծման արդյունքում անօրգանական ֆոսֆորը մտնում է շրջանառության մեջ: Անցնելով ցամաքային էկոհամակարգ` հող, անօրգանական ֆոսֆորը հողի ջրային լուծույթից կլանվում է բույսերի կողմից: Սննդային շղթային միջոցով ֆոսֆորը փոխանցվում է էկոհամակարգի մյուս օրգանիզմներին: Բույսերի և կենդանիների մնացորդները, անցնելով հող, ենթարկվում են մանրէների ազդեցությանը և փոխակերպվում անօրգանական ֆոսֆորի: Հետագայում սկսվում է ֆոսֆորի կրկնվող շրջանառությունը: Մակերևութային ջրերի միջոցով անօրգանական ֆոսֆորի մի մասն էլ անցնում է ջրային էկոհամակարգեր` գերհագեցնելով այդ էկոհամակարգերը:
Ֆոսֆորը, ինչպես և ազոտը,   հանդիսանում է ջրամբարների ծաղկման և ջրերի աղտոտման հիմնական աղբյուրը: Քննարկելով ֆոսֆորի շրջանառությունը կենսոլորտում` կարելի է պնդել, որ այն` համեմատաբար կարճ ժամանակահատվածի նկատմամբ, համարվում է մասնակի փակ: Ի տարբերություն մյուս կենսածին տարրերի` ֆոսֆորը չի առաջացնում գազային միացություններ:  






0 Մեկնաբանություն:

Отправить комментарий