«Անապատացում» տերմինը նշանակում է հողերի դեգրադացիա, այսինքն հողերի կենսաբանական և տնտեսական արտադրողականության
պակասեցում և կորուստ, որը ընթանում է երկրագնդի չոր,
կիսաչոր շրջաններում։
Սակայն «անապատացում» տերմինը չպետք է հասկանալ բառացիորեն և նեղ իմաստով, թեև այն առաջացել է «անապատ» բառից։ Անապատացումը բարդ և համալիր երևույթ է՝ կազմված բազմաթիվ պատճառա-հետևանքային կապերի տարբեր օղակներից։
Անապատացումը նախ և առաջ կլիմայի փոփոխության և հատկապես դրա չորայնացման
արդյունք է։ Անապատացման են ենթարկվում հիմնականում աշխարհի չոր շրջանների բնական էկոհամակարգերը և գյուղատնտեսական հողերը, որովհետև դրանք ավելի շուտ են ենթարկվում կլիմայի չորացմանը՝
արագությամբ կորցնելով իրենց կառուցվածքային կայությունը և արտադրողականությունը։
Անապատացում է հողերի բերիությունը անկումը, անտառապատ տարածքների կրճառումը գերաարածեցման հետևանքով արոտավայրերի դեգրադացումը, լճերի, գետերի ջրային ռեսուրսների անխնա օգտագործումից առաջացած ճահճացումներն ու չորացումը, ստորգետնյա ջրերի բարձրացման պատճառով աղակալված վալերահողերը, կանաչ գոտիների ոչնչացմամբ կամ պակասեցմամբ պայմանավորված բնակավայրերի չորայնությունը և այլն,
այսինքն մարդու գործունեության բացասական հետևանքները բնության վրա։
Անապատացումը սպառնում է հատկապես սոցիալ-տնտեսական ցածր մակարդակ ունեցող և քաղաքականապես անկայուն երկրներին՝
առաջացնելով այդ երկրների բնակչության առանց այն էլ ցածր կենսամակարդակի ավելի մեծ անկում, չքավորության և սովի սպառնալիք։
Անապատացման պատճառները և հետևանքները:
Անապատացման պատճառները և դրանց հետևանքները բազմաթիվ են ու բազմաբնույթ։ Դրանք բարդ են ու փոփոխական, միշտ չէ, որ արտահայտվում են ցայտուն կերպով և ուղղակի կապի միջոցով։ Հաճախ դրանք կապված են միմյանց հետ ամենատարբեր պատճառա֊հետևանքային կապերով, ավելի հաճախ նաև շղթայական ձևով։ Պատճառը ծնում է մի հետևանք, որը պատճառ է դառնում մեկ ուրիշի առաջացմանը։ Սակայն ամենաընդհանուր ձևով անապատացման հիմնական պատճառները կարելի է բնութագրել որպես կլիմայի փոփոխության և մարդու անկայուն, հաճախ անտնտեսվար և չմտածված գործունեության արդյունք։
Կլիմայի փոփոխությունը ուղակիորեն ազդում է չոր հողերի վրա, որոնք շատ զգայուն են հատկապես կլիմայի ներկայիս տաքացման նկատմամբ։
Չորայնությունից փոխվում է հողի բարդ կառուցվածքը և վերջինս կայունությունը, հողում պակասում է քաղցրահամ ջրի որոշակի քանակը և պաշարը, ընկնում հողի որակն ու բերիությունը։
Անապատացման մյուս գլխավոր պատճառը կապված է մարդու գործունեության անկայունության հետ։ Անապատացման պատճառ կարող են դառնալ տարբեր ոլորտներում մարդու գործունեության հետ կապված ամենատարբեր գործողությունները։
Դրանք են՝
• հողերի գերշահագործումը,
• շրջակա միջավայրի անբավարար պահպանությունը,
• բնական պաշարների գերաշահագործումը,
• մարդու կողմից առաջացրած էկոլոգիական աղետները,
• բնակության օրենքների վատ իմացությունը կամ չիմացությունը,
• անիրազեկությունը և սխալ որոշումների ընդունումը,
• պատերազմները և արտակարգ իրավիճակները,
• մարդկանց ստիպողական տեղափոխությունները և վերաբնակեցումը և այլն։ .
Անապատացում կարող է առաջացնել մարդու գործունեության նշված ձևերից ցանկացածը, սակայն դրանք մեծ մասամբ հանդես են գալիս միմյանց հետ փոխկապակցված ձևով։ Անապատացման հետևանքները քննարկելիս պետք է նշել, որ անապատացումը մարդկանց համար ունենում է նույնատիպ հետևանքներ, ինչպես պատերազմները։
Անապատացման բազմաթիվ հետևանքների մեջ հատուկ տեղ է գրավում բնական էկոհամակարգերի և գյուղատնտեսական մշակաբույսների արտադրողականության անկման հիմնախնդիրները։
Տարբեր պատճառներով դեգրադացված հողերը հեշտությամբ են կորցնում իրենց վերականգնման հատկությունը, որն առաջացնում է դրանց կենսաբանական և տնտեսական արտադրողականության անկում և կորուստ։ Վնասվում է բուսականությունը։
Հողը զրկվում է բուսածածկից և էրոզացվում է։
Քամիների և ջրի միջոցով քայքայվում է հողի ֆիզիկական կառուցվածքը և ընկնում է արտադրողականությունը։ Տեղի է ունենում անապատացում։
Հողերի դեգրադացիայից տուժում են նաև գյուղատնտեսական մշակաբույսերը։ Դրանց և վայրի բուսականության արտադրողականության անկումը առաջացնում է անասնապահական մթերքների պակասեցում, որը կրճատում է սննդամթերքների արտադրության ծավալը։ Վերջինս իր հերթին նպաստում է չքավորության առաջացմանը։
Անապատացման պատճառների և դրանց հետևանքների ճիշտ գնահատումը ու խորը ըմբռնման համար անհրաժեշտ են գիտական հետազոտություններ բնական և հասարակական գիտությունների ամենատարբեր ոլորտներում և մասնավորապես հողագիտության, ջրաբանության, օդերևութաբանության, բուսաբանության, կենդւսբանության, էկոլոգիայի, տնտեսագիտության, հասարակագիտության և այլ գիտությունների ուղղությամբ։
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий