Այս տարի ավագ դպրոցի ամառային օրացույցում իրար հաջորդող հերթափոխերով գրանցվել էր միանգամից 13 ռազմամարզական ճամբար, իսկ մեկնարկն այս անգամ բաժին էր հասել մեր առաջին խմբին։ Քանի որ հաջող մեկնարկը բավականին մեծ լիցքեր էր հաղորդելու մյուս հերթափոխերին, պարզ էր, որ անհրաժեշտ էր առանձնահատուկ ջանքեր ներդնել։ Ճամբարականների ծանոթ խմբով ու լավ ընկերներիս՝ Միքայել Ղազարյանի և Սուսաննա Չալիկյանի ուղեկցությամբ, հունիսի 16-ին տրվեց առաջին ճամբարի մեկնարկը։ 22 ճամբարականներից մեծ մասն առաջին անգամ էր մասնակցում քառօրյա ռազմամարզական ճամբարի, ուստի կար ևս մեկ պատասխանատու հանգամանք՝ այն տպավորիչ ու հիշարժան դարձնելու։ Ողջ ճամբարի ընթացքում դասավանդողների միջև դրսևորելով հիանալի համագործակցություն՝ կարողացանք սովորողների համար ապահովել անմոռանալի ու հագեցած օրեր։ Քառօրյա ընթացքում մեզ հաջողվեց ոչ միայն իրականացնել ծրագրով նախատեսված բոլոր կետերը, այլև ավելի հարստացնել գործունեությունը գործնական աշխատանքներով։ Կարևոր ձեռքբերում եմ համարում այն, որ սովորողների մեծ մասը ցանկություն հայտնեց ևս մեկ անգամ մասնակցելու ռազմամարզական ճամբարին։
Եթե մեկնարկային ճամբարում ստանձնել էի կազմակերպչի դերը, ապա օգոստոսի 10-ից մեկնարկած 8-րդ հերթափոխում կատարում էի հրահանգչի պարտականությունները։ Առաջին անգամ ռազմամարզական ճամբարի մասնակցել եմ դեռևս հեռավոր 2012 թվականին, և այս անգամ առիթ ընձեռվեց ցուցադրելու տարիների ընթացքում կուտակածս ողջ գիտելիքն ու հմտությունները։ Սեփական փորձից ելնելով՝ կարող եմ հաստատել, որ հրահանգչի գործառույթն ավելի բարդ է, քան կազմակերպչինը, քանի որ ան համեմատ մեծ են պատասխանատվությունն ու սովորողների ակնկալիքները։ 8-րդ հերթափոխի մասնակիցների հետ սովորեցինք նաև բարձունք հաղթահարել. յուրաքանչյուր սովորողի տրամադրելով առանձին դեր ու ֆունկցիա՝ կարծում եմ, ամեն ինչ լավ ստացվեց։
Բավականին հաջող ընթացավ նաև 8-րդ հերթափոխից 9-րդին փոխանցումը, որը տեղի ունեցավ ոչ միայն ցուցադրական գործողությամբ, այլև հետաքրքիր կլոր սեղան-քննարկմամբ։
8-րդ հերթափոխի սովորողներին հրաժեշտ տալով՝ անմիջապես սկսեցինք 9-րդ հերթափոխի աշխատանքները։ Ինձնից բացի, ևս երեք սովորող 8-րդ հերթափոխից անցան 9-րդ։ Այս խմբի բոլոր սովորողների հետ բազմիցս ճամփորդել էի, ու գրեթե նույն կազմով նախորդ տարի էլ էինք մասնակցել ռազմամարզական ճամբարին, ուստի սպասելիքները բավականին մեծ էին։ Բայց որքա՜ն մեծ էր զարմանքս, երբ ընթացքում հասկացա, որ վերջին 15 տարվա մանկավարժական փորձառությանս մեջ սա թերևս ամենաինքնակազմակերպված խումբն էր։ Այստեղ միմյանց օգնելը, միասնական համակեցությամբ ապրելն ու դժվարությունները միասին հաղթահարելը ողջ խմբի ընդհանուր գիտակցումն էր։ Ուրախ եմ, որ այս փաստն ինձնից զատ արձանագրեցին նաև սովորողներն ու դասավանդողները։ Իսկ միգուցե հենց սա՞ է առավելագույնը, ինչ կարող է տալ նմանատիպ ճամբարը։
Ամփոփելով հինգերորդ ուսումնական շրջանի ռազմամարզական ճամբարները՝ նշեմ, որ մասնակցեցի երեք հերթափոխի, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր յուրահատուկ ձեռագիրն ու բնույթը։
Լիահույս եմ, որ այս օրերը սովորողների համար դարձան ոչ միայն գիտելիքների ու հմտությունների հարստացման, այլև սեփական ուժերն ու լավագույն կողմերը բացահայտելու կարևոր հարթակ։ Որպես կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի անբաժանելի մաս՝ ռազմամարզական ճամբարն այս տարի ևս մեկ վստահ ու արժեքավոր քայլ կատարեց դեպի ինքանզարագցում։
2025-2026 ուսումնական տարվա կարևոր ձեռքբերումներից էր «Քրոնոս» գիտակների ակումբի գործունեությունը։ Ակումբի աշխատանքների հաջող ընթացքի մասին է փաստում այն հանգամանքը, որ այն ընդգրկվեց ընդունելությանն ուղղված մուտքի ճամբարի բոլոր աշխատարաններում։ Չնայած ընդամենը երեք օր եր նախատեսված գիտակների ակումբի աշխատարանին, ողջ ճամբարաների ընթացքում, սակայն կարող եմ վստահաբար նշել, որ նախագիծն արժանացավ սովորողների ջերմ ընդունելությանն ու սիրուն։ Միևնույն ժամանակ, այն կազմակերպիչներին լավ հնարավորություն ընձեռեց ավելի ամբողջական ու լիարժեք պատկերացում կազմելու մասնակիցների կարողությունների և անհատականության մասին։








0 Մեկնաբանություն:
Отправить комментарий