Ճամփորդության նպատակները
Բացահայտել Արագածոտնի մարզի պատմամշակութային վայրերը
Ճամփորդությամբ ուսուցման կազմակերպում
Հայագիտական կանգառներ
Կոշի ամրոց
Սուրբ Ստեփանոս եկեղեցի
Աղձքի դամբարան
Օհանավանք
Սաղմոսավանք
Աշտարակի եկեղեցիներ (Կարմրավոր, Սպիտակավոր, Ծիրանավոր)
Ճանապարհորդության ընթացքն ու կանգառները
1. Կոշի ամրոց և Սուրբ Ստեփանոս եկեղեցի
Ճամփորդության առաջին կանգառը կլինի Կոշ գյուղում, որտեղից կքայլենք դեպի Կոշի ամրոցը։ Ըստ պատմական տարբեր բացատրությունների՝ այն ունի տարբեր անուններ ու ծագումնաբանություն, բայց ամենակարևորն այն է, որ ամրոցից հիանալի տեսարան է բացվում դեպի Արարատյան դաշտ, Հայկական Պար լեռնաշղթա և Մեծամորի ԱԷԿ։ Կոշ գյուղից մի փոքր դեպի հյուսիս-արևմուտք գտնվում է Սուրբ Ստեփանոս եկեղեցին՝ անմիջապես ժայռերին հենված։
2. Աղձքի դամբարան
Երկրորդ կանգառը Աղձքի դամբարանն է։ Արշակունյաց թագավորների դամբարանը IV դարի եզակի պատմամշակութային հուշարձան է։ Ըստ պատմիչների՝ երբ պարսից Շապուհ II արքան գերեվարում է հայոց թագավորների ոսկորները, Վասակ Մամիկոնյանն ազատագրում է դրանք և ամփոփում Աղձք գյուղում, քանի որ, ըստ հավատալիքի, թագավորների ոսկորների հետ էր կապված երկրի ուժն ու հզորությունը։
3. Օհանավանք
Քասաղ գետի կիրճի եզրին վեր խոյացող Օհանավանքը V-XIII դարերի վանական համալիր է։ Այն միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային և գրչության խոշոր կենտրոններից է եղել, որտեղ գրվել ու ընդօրինակվել են բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր։
4. Սաղմոսավանք
Օհանավանքից մի փոքր հյուսիս գտնվում է Սաղմոսավանքը, որը կառուցվել է XIII դարում Վաչուտյան իշխանների կողմից։ Վանքը հայտնի է եղել իր հարուստ ձեռագրատնով և սաղմոսների երգեցողությամբ․ ըստ ավանդության՝ այստեղ հնչող սաղմոսների պատճառով էլ վանքը ստացել է իր անունը։ Սաղմոսավանքի բակից նույնպես բացվում է հիանալի տեսարան դեպի Քասաղի խոր կիրճը։
5. Աշտարակի եկեղեցիներ (Կարմրավոր, Սպիտակավոր, Ծիրանավոր)
Վերջում կայցելենք Աշտարակ քաղաքում գտնվող պատմական եկեղեցիները։ Ըստ ժողովրդական ավանդազրույցի՝ երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի և որոշում են զոհվել․ ծիրանագույն, կարմիր և սպիտակ զգեստներ հագած քույրերը նետվում են Քասաղի կիրճը, իսկ նրանց հիշատակին կառուցվում են այս եկեղեցիները։
Ճամփորդության մասնակցության տրանսպորտային արժեքը՝ 2000-2500 դրամ՝ կախված սովորողների թվից։
Սնունդը՝ սովորողների անհատական միջոցներով։
Մեկնումը սպետմբերի 1-ին ժամը ՝9։30 մայր դպրոցից, վերադարձը մինչև 16։30։






0 Մեկնաբանություն:
Отправить комментарий