2013/04/25

ՀՀ արգելոցները

Խոսրովի արգելոց: Ստեղծվել է 1958թ.-ին տեղակայված է Գեղամա լեռնավահանի հարավային և Ուրծի ու Երանոսի լեռնաշղթաների հյուսիս-արևմտյան լանջերի, Ազատ և Խոսրով գետերի ավազաններում և գրավում է 29 հզ հա տարածք: Այստեղ պահպանվում են շուրջ 1800 բուսատեսակ, որոնք կազմում են ՀՀ ֆլորայի 50%-ից ավելին: Դրանցից 146-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Այստեղ պահպանվում են մշակաբույսերի վայրի ցեղակիցները, պտղատուներից` վայրի տանձենին, խնձորենին, սալորենին, բալենին, արոսենին և այլն, հացազգիներից` աշորա Վավիլովի տեսակը, արգելոցում պահպանվում են գիհու և կաղնու նոսրանտառները:
Մյուս արգելոցների համեմատ` Խոսրովի արգելոցում բավական լավ է ուսումնասիրված կենդանական աշխարհը: Սարդակերպերից հանդիպում են` մորմը, կարիճի և խեցգետնակերպերի մի քանի տեսակներ: Թիթեռներից նույնպես հայտնի են շատ տեսակներ, որոնց մեծ մասը գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Արգելոցում հատկապես լավ են ուսումնասիրված ողնաշարավոր կենդանիները: Ձկներից հանդիպում են` կարմրախայտը, կարմրակնը, Կուրի բեղլուն և այլն: Կան նաև մի շարք երկկենցաղներ, որոնցից սիրիական սխտորագորտը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Խոսրովի արգելոցում հանդիպող 33 տեսակի սողուններից շատերը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Արգելոցում բնակվում են 142 տեսակի թռչուններ, որոնցից 66-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Կաթնասունները ներկայացված են 55 տեսակով, որոնցից են անդրկովկասյան գորշ արջը, վարազը, լայնականջ ոզնին, հայկական մուֆլոնը, լուսանը, բեզոարյան այծը, գայլը, աղվեսը, երբեմն հանդիպող առաջավորասիական ընձառյուծը և այլն:
Շիկահողի արգելոց: Ստեղծվել է 1958թ., գտնվում է հանրապետության հարավային մասում` Ծավ և Շիկահող գետերի ավազաններում: Զբաղեցնում է 10 հզ հա տարածք` 700-2400 մ սահմաններում: Այստեղ է գտնվում Հայաստանում բնական վիճակում գտնվող միակ լավ պահպանված անտառը` Մթնաձորի կիրճը: Արգելոցի պահպանության հիմնական օբյեկտները կաղնու և բոխու անտառներն են, ինչպես նաև կենու, հաճարենու և ընկուզենու պուրակները: Անտառի վերին սահմաններում 2400-2600մ բարձրությունների վրա աճում են ալպյան կեչու և կաղնու անտառներ:
Շիկահողի արգելոցում բնակվողներից Կարմիր գրքում գրանցված են` վայրի հնդկահավը, գառանգղը, սև անգղը, սպիտակագլուխ անգղը: Կաթնասուններից տարածված են` գորշ նապաստակը, կզաքիսը, անտառային կատուն, այծյամը, գայլը, աղվեսը: Հանդիպում են նաև բեզոարյան այծն ու հայկական մուֆլոնը:
Էրեբունու արգելոց: Ստեղծվել է 1981թ., գտնվում է մերձարաքսյան լեռնաշղթաների լանջերին, Կոտայքի և Արարատի մարզերի սահմաններում` Երևանի շրջակայքում: Զբաղեցնում է 89 հա տարածք: Այս արգելոցը վայրի հացազգիների գենոֆոնդի պահպանության հիմնական վայրն է: Ունի հարուստ և բազմատեսակ բուսականություն, որը կազմված է 293 տեսակներից:
Կենդանական աշխարհի ներկայացուցիչներից հանդիպում են 17 տեսակ սողուններ, որոնցից են` գյուրզան, մողեսանման օձը, սահնօձի տարբեր տեսակներ: Երկկենցաղներից հանդիպում են լճագորտը, կանաչ դոդոշը, թռչուններից` մոխրագույն կաքավը, տատրակը, բազեն, մկնաճուռակը և այլն: Կաթնասուններից տարածված են աղվեսն ու աքիսը, հազվադեպ նաև կզաքիսը, գայլը և գորշուկը:  

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий