2012/10/10

Ջրի համաշխարհային շրջապտույտը և փոխազդեցությունը մյուս ոլորտների հետ


Երկրի վրա եղած ջրի ընդհանուր քանակը չի փոխվում և անընդհատ շարժման մեջ է: Եթե երկրագնդի վրա թափվող ջրի քանակը հավասարաչափ բաշխենք դրա մակերեսի վրա, ապա կստացվի 1020 մմ հաստության մի  շերտ: Ջրի այդ քանակությունն էլ ամեն տարի գոլորշիանում է և մթնոլորտային տեղումների ձևով կրկին թափվում է ցած: Ծովերի ու օվկիանոսների, գետերի ու լճերի մակերևույթից ջուրը գոլորշիանում է, մթնոլորտի վերին շերտերում խտանալով՝ առաջացնում է ամպեր, որոնք անձրևի կամ ձյան տեսքով թափվում են Երկրի վրա: Սա ջրի փոքր կամ տեղական շրջապտույտն է: Ավելի բարդ է ջրի համաշխարհային կամ մեծ շրջապտույտը. օվկիանոսից գոլորշիացած ջրի մի մասը թափվում է օվկիանոսի վրա, իսկ մյուս մասը քամիների միջոցով տարվում է ցամաքի խորքը և տեղումների ձևով թափվում այնտեղ: Դրա մի մասը սնում է գետերը, մյուս մասը ներծծվում է՝ առաջացնելով ստորգետնյա ջրեր, կամ կուտակվում լճերի, ճահիճների կամ սառցադաշտերի մեջ և ի վերջո կրկին վերադառնում օվկիանոս:
Ջրի շրջապտույտը աշխարհագրական թաղանթի ամենակորևոր գործընթացն է: Դրա շնորհիվ մշտական կապ է հաստատվում ջրոլորտի, մթնոլորտի, քարոլորտի, կեսնոլորտի և մարդոլորտի միջև:
 Աշխարհագրական թաղանթում ջրի միջոցով է կատարվում քիմիական գրեթե բոլոր տարրերի շրջապտույտը: Դրանով են պայմանավորված նստվածքների առաջացումը, էրոզիան, սառցային գործընթացները, կարստային երևույթները, ֆիզիկական և քիմիական հողմնահարումները:
 Ջուրը կարևոր միջավայրաստեղծ դեր է կատարում նաև իր մեխանիկական աշխատանքի շնորհիվ: Այն անընդհատ փոխազդում քարոլորտի հետ: Հոսող ջրերն այստեղ պոկում են ժայռաբեկորները, լվանում և տեղատարում են բերրի հողը, մանրացնում` ապարները, քանդում ափերն ու հունը, քայքայում լեռնաշղթաները, կերտում կիրճեր,առաջացնում հարթավայրեր:
 Բոլորովին այլ է ջրի աշխատանքը օվկիանոսներում, ծովերում և լճերում: Մի կողմից ինքը զտվում է, մաքրվում է գետաբերուկներից, դասավորում դրանք ծովի հատակին ըստ մեծության ու ծանրության, իսկ մյուս կողմից` ալեբախումների ժամանակ ափերից պոկում է նոր ժայռաբեկորներ, առաջացնելով ծովախորշեր:
 Ջուրը հսկայական աշխատանք է կատարում նաև Երկրի ընդերքում: Մակերեսից ներծծվելով ստորին շերտերը և հակառակը`աղբյուրների տեսքով դուրս գալով մակերես` իր ճանապարհին լուծում է տարբեր նյութեր, հաճախ դառնալով հանքային ջուր, առաջացնելով ճեղքեր և ստորերկրյա դատարկություններ: Ընդերքից դուրս եկող ջրերը իրենց հետ բերում են մեծ քանակությամբ աղեր, թթուներ, գազեր, ջերմություն, ռադիոակտիվ նյութեր:
  Ուրույն ձևով է  աշխատում ջուրը մթնոլորտում: Այն կլանում կամ լուծում է բազմաթիվ քիմիական նյութեր, որոնք գտնվում են մթնոլորտում գազերի, փոշու, բյուրեղիկների կամ գոլորշիների ձևով, և տեղումների հետ իջեցնում Երկրի մակերես` աղտոտելով հողը, ջրային ավազանները, բուսականությունը:
 Բացառիկ է նաև ջրի դերը արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման գործում. 1 տ պողպատ ձուլելու համար ծախսվում է 100 մ3 ջուր, 1 տ թղթի արտադրության համար՝ 250 մ3, կապրոնի արտադրության համար՝ 5000 մ3, իսկ միջին հզորության ատոմակայանին օրական պետք է 1 մլն մ3 ջուր:

Հոսող ջրի էներգիան մարդն օգտագործել է անհիշելի ժամանակներից՝ ջրաղացներում, իսկ XIX դարից՝ ջրէկներում: Օգտագործվում է նաև մակընթացությունների և ծովային ալիքների էներգիան: Այժմ ամենուրեք արգելված է արդյունաբերական թափոններն ու կեղտաջրերը ջրավազանների մեջ լցնելը: Յուրաքանչյուր ջրային ավազանի աղտոտում բերում է ընդհանուր ջրոլորտի աղտոտման, որն էլ իր հերթին բացասական ազդեցություն է ունենում ամբողջ աշխարհագրական թաղանթի վրա:




0 Մեկնաբանություն:

Отправить комментарий