«Անապատացում» տերմինը նշանակում է հողերի դեգրադացիա, այսինքն հողերի կենսաբանական և տնտեսական արտադրողականության
պակասեցում և կորուստ, որը ընթանում է երկրագնդի չոր,
կիսաչոր շրջաններում։

Անապատացումը նախ և առաջ կլիմայի փոփոխության և հատկապես դրա չորայնացման
արդյունք է։ Անապատացման են ենթարկվում հիմնականում աշխարհի չոր շրջանների բնական էկոհամակարգերը և գյուղատնտեսական հողերը, որովհետև դրանք ավելի շուտ են ենթարկվում կլիմայի չորացմանը՝
արագությամբ կորցնելով իրենց կառուցվածքային կայությունը և արտադրողականությունը։

Անապատացումը սպառնում է հատկապես սոցիալ-տնտեսական ցածր մակարդակ ունեցող և քաղաքականապես անկայուն երկրներին՝
առաջացնելով այդ երկրների բնակչության առանց այն էլ ցածր կենսամակարդակի ավելի մեծ անկում, չքավորության և սովի սպառնալիք։
Անապատացման պատճառները և հետևանքները:
Անապատացման պատճառները և դրանց հետևանքները բազմաթիվ են ու բազմաբնույթ։ Դրանք բարդ են ու փոփոխական, միշտ չէ, որ արտահայտվում են ցայտուն կերպով և ուղղակի կապի միջոցով։ Հաճախ դրանք կապված են միմյանց հետ ամենատարբեր պատճառա֊հետևանքային կապերով, ավելի հաճախ նաև շղթայական ձևով։ Պատճառը ծնում է մի հետևանք, որը պատճառ է դառնում մեկ ուրիշի առաջացմանը։ Սակայն ամենաընդհանուր ձևով անապատացման հիմնական պատճառները կարելի է բնութագրել որպես կլիմայի փոփոխության և մարդու անկայուն, հաճախ անտնտեսվար և չմտածված գործունեության արդյունք։
Կլիմայի փոփոխությունը ուղակիորեն ազդում է չոր հողերի վրա, որոնք շատ զգայուն են հատկապես կլիմայի ներկայիս տաքացման նկատմամբ։
Չորայնությունից փոխվում է հողի բարդ կառուցվածքը և վերջինս կայունությունը, հողում պակասում է քաղցրահամ ջրի որոշակի քանակը և պաշարը, ընկնում հողի որակն ու բերիությունը։
Անապատացման մյուս գլխավոր պատճառը կապված է մարդու գործունեության անկայունության հետ։ Անապատացման պատճառ կարող են դառնալ տարբեր ոլորտներում մարդու գործունեության հետ կապված ամենատարբեր գործողությունները։
Դրանք են՝
• հողերի գերշահագործումը,
• շրջակա միջավայրի անբավարար պահպանությունը,
• բնական պաշարների գերաշահագործումը,
• մարդու կողմից առաջացրած էկոլոգիական աղետները,
• բնակության օրենքների վատ իմացությունը կամ չիմացությունը,
• անիրազեկությունը և սխալ որոշումների ընդունումը,
• պատերազմները և արտակարգ իրավիճակները,
• մարդկանց ստիպողական տեղափոխությունները և վերաբնակեցումը և այլն։ .
Անապատացում կարող է առաջացնել մարդու գործունեության նշված ձևերից ցանկացածը, սակայն դրանք մեծ մասամբ հանդես են գալիս միմյանց հետ փոխկապակցված ձևով։ Անապատացման հետևանքները քննարկելիս պետք է նշել, որ անապատացումը մարդկանց համար ունենում է նույնատիպ հետևանքներ, ինչպես պատերազմները։

Տարբեր պատճառներով դեգրադացված հողերը հեշտությամբ են կորցնում իրենց վերականգնման հատկությունը, որն առաջացնում է դրանց կենսաբանական և տնտեսական արտադրողականության անկում և կորուստ։ Վնասվում է բուսականությունը։
Հողը զրկվում է բուսածածկից և էրոզացվում է։
Քամիների և ջրի միջոցով քայքայվում է հողի ֆիզիկական կառուցվածքը և ընկնում է արտադրողականությունը։ Տեղի է ունենում անապատացում։
Հողերի դեգրադացիայից տուժում են նաև գյուղատնտեսական մշակաբույսերը։ Դրանց և վայրի բուսականության արտադրողականության անկումը առաջացնում է անասնապահական մթերքների պակասեցում, որը կրճատում է սննդամթերքների արտադրության ծավալը։ Վերջինս իր հերթին նպաստում է չքավորության առաջացմանը։
Անապատացման պատճառների և դրանց հետևանքների ճիշտ գնահատումը ու խորը ըմբռնման համար անհրաժեշտ են գիտական հետազոտություններ բնական և հասարակական գիտությունների ամենատարբեր ոլորտներում և մասնավորապես հողագիտության, ջրաբանության, օդերևութաբանության, բուսաբանության, կենդւսբանության, էկոլոգիայի, տնտեսագիտության, հասարակագիտության և այլ գիտությունների ուղղությամբ։
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий