28.01.2013

Հողային ռեսուրսների պահպանումը և ռացիոնալ օգտագործումը


  Հողերի պահպանման գլխավոր ուղղությունը էրոզիայի դեմ պայքարն է: Էրոզիայի դեմ պայքարը բազմաբնույթ միջոցառումների համալիր է, որի նպատակն է պաշտպանել հողի վերին` առավել բերրի շերտը տեղատարումից, վերականգնել և բարելավվել հողատարածությունները: Հակաէրոզիոն և բարելավման միջոցառումների շարքում առանձնանում են հետևյալ առավել կարևորները.
 
·       Առաջավոր ագրոտեխնիկան
·       Հողաբարելավումը
·       Հողերի վերականգնումը
·       Պայքարը հողերի աղտոտման դեմ

Առաջավոր ագրոտեխնիկան հատուկ նշանակություն է տալիս հողի մշակմանը, որի ընթացքում ոչ միայն բացառվում է դրա քայքայումն ու տեղատարումը, այլև բարելավում է հողի վերին շերտի կառուցվածքը, հողը դառնում է ավելի արգավանդ: Լավ արդյունք է տալիս, օրինակ, թեք լանջերի հերկումը ոչ թե վերից վար, այլ լայնակի: Լայնակի վարուցանքի դեպքում դանդաղում է ջրի հոսքը, հետևաբար և նվազում հողի էրոզիան:
Միջոցառումների մի ամբողջ համալիր է իրանից ներկայացնում հողաբարելավումը` հողերի մելիորացիան: Հողաբարելավման բոլոր միջոցառումների հիմնական նպատակն ու արդյունքը նույնն է` հողային շերտի պահպանություն և բերրիության բարձրացում:
Հողերի մելիորացիայի տեսակները բազմազան են` մինչև 30 տեսակ: Դրանցից մի քանիսն ունեն նաև կարևոր հողապաշտպան, հակաէրոզիոն նշանակություն: Հատկապես աչքի է ընկնում ագրոանտառամելիորացիան, երբ ստեղծվում են դաշտապաշտպան անտառաշերտեր, կատարվում է զառիթափ լանջերի, ձորակներ և ավազուտների անտառապատում: Ագրոանտառամելիորացիան լավ արդյունք տալիս հատկապես տափաստանային և անտառատափաստանային զոնաներում:
Հարյուրավոր կիլոմետրեր ձգվող դաշտապաշտպան արհեստական անտառներ են ստեղծվել Ամերիկայում, Կանադայի հարավային նահանգներում, Միջին, Հարավային և Արևելյան Եվրոպայում, Ուկրաինայում, Ռուսաստանում և Ղազախստանում: Դաշտապաշտպան անտառաշերտեր ստեղծելու համար օգտագործում են հատուկ ծառատեսակներ: Որպես գլխավոր ծառատեսակներ են ծառայում կաղնին, սոճին, բարդին, հացենին, սպիտակ ակացիան, կվենին: Այս ամենի շնորհիվ հողը ոչ միայն պաշտպանվում է էրոզիայից, այլ տեղի է ունենում բարելավում, աճում է բերրիությունը: Անտառաշերտերով պաշտպանված դաշտերում, օրինակ, աշնանացան ցորենի, եգիպտացորենի, մի շարք տեխնիկական մշակաբույսերի և ցանովի խոտերի բերքատվությունը 20-25%-ով ավելին է լինում, քանի չպաշտպանված դաշտերում:
Հողերի պահպանության տարածված եղանակ է հողերի վերականգնումը (ռեկուլտիվացիա): Հողերի ռեկուլտիվացիան միջոցառումների մի համալիր է, որն ուղղված է մարդու կողմից խախտված հողերի վերականգնմանը: Հողաշերտը ամենից շատ խախտվում է բաց հանքերի շահագործման և լայնածավալ շինարարական աշխատանքների ժամանակ: Շինարարական աշխատանքների ավարտից հետո և արդեն սպառված հանքերի տեղում կատարում են հողի ռեկուլտիվացիա: Հողերի ռեկուլտիվացիան բաղկացած է երկու փուլից` տեխնիկական և կենսաբանական: Տեխնիկական ռեկուլտիվացիայի փուլում կատարվում է տարածքի հատակագծում և հարթեցում, այն ծածկվում է բերրի հողաշերտով: Դա այլ վայրերից բերվող կամ էլ նախկինում, շինարարական աշխատանքներն սկսելուց առաջ հավաքված ու տեղում կուտակված բերրի հողն է: Կենսաբանական փուլում կատարվում է քարերի հավաքում, հարթեցում, հողի վարուցանք, պարարտացում: Վերջնական փուլում կատարվում է ծառատունկ, բույսերի մշակում և խոտացանություն:
Հողային ռեսուրսները պահպանելու և վերականգնելու հետ միասին մարդիկ շահագրգռված են այդ ռեսուրսների ռացիոնալ օգտագործումով: Դա հողերի այնպիսի օգտագործումն է, երբ ոչ միայն պահպանվում ու բարելավվում են հողի հատկությունները, այլև ստացվում է տնտեսական բարձր արդյունք: Հողային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ռացիոնալ միջոցներից են արհեստական ոռոգումը (իռիգացիա), գերխոնավ հողերի ցամաքեցումը, աղակալած հողերի լվացումը (քիմիական մելիորացիա), հողերի մաքրումը քարերից, ծառերի ու թփուտների կոճղերից:

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий