2014/02/23

Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանը


 Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանը, իր գոյության ողջ պաըմության ընթացքում օգտագործելով բացառապես տեղական հումքը, էական վնաս է հասցրել ինչպես շրջակա միջավայրին, այնպես ունենք լուրջ տնտեսական կորուստներ հանքի ոչ ճիշտ շահագործման հետևանքով: Խնդիրը կայանում է նրանում, որ հիմնականում օգտագործվում են պղնձն ու մոլիբդենը, բայց բացի վերոհիշյալ մետաղներից հանքանյութը իր մեջ պարունակում է մեկ տասնյակից ավել  այլ թանկարժեք մետաղներ: Սակայն մինչ այժմ Քաջարանի պղնձամոլիբդենային հանավայրերում կոմպլեքսային հումքից, որի մեջ պարունակում է շուրջ 15 տեսակի հազվադեպ թանկարժեք մետաղներ,  մեծ մասը «պոչանքի» հետ միասին նետվում են շրջակա միջավայր: Մոտավոր հաշվարկներով, Ողջի գետի հովտում ու նրա հարակից վայրերում կուտակված է ավելի քան 120 մլն տոննա այդպիսի «պոչանք», որի  բաղադրության մեջ կա թելուր, սելեն, բիսմութ, ռենիում, գալիում, ինչպես նաև պղինձ, մոլիբդեն ու շատ այլ մետաղներ: Այսպիսով՝ մենք կորցնում ենք ոչ միայն մեծ քանակությամբ թանկարժեք գունավոր մետաղներ, այլև շրջակա միջավայրը նետված հսկայական «պոչանքի» ազդեցությամբ շարքից հանել ենք Ողջի գետի զուլալ ջրային ռեսուրսները, որը այնքան է աղտոտվել, որ ոչ մի նպատակով հնարավոր չէ օգտագործել: Մինչդեռ արտադրական բարձր կուլտուրայով հնարավոր է հանքանյութում եղած բոլոր մետաղները կորզել, այլև դրանից հետո առաջացած ամբողջ թափոնի բազայի վրա կազմակերպել սիլիկատային շինանյութերի հզոր արտադրություն, որը կբավարարի աբողջ Զանգեզուրի շինարարական ինդուստրիայի պահանջները:
Ուսւոմնասիրությունները ցույց են տալիս, որ նույնիսկ նշված հանքավայրերի հանքանյութի մեջ եղած հիմնական մետաղների՝ պղնձի հումքի միայն 65-66 տոկոսն է կորզվում, մոլիբդենի՝ շուրջ 70, բազմամետաղների միայն 50 տոկոսը:
Վերջին տարիներին մեր երկրում կտրուկ փոխվել է ընդերքի նկատմամբ պետական վերաբերմունքը: Անընդունելիորեն պարզեցվել ու հեշտացվել է իրականաց֊վելիք նախագծերի, այդ թվում նաև ընդերքօգտագործման նախագծերի ընթացակարգը, իսկ պարզեցման ու արագացման անվան տակ ուղղակի քայքայվել-ամայացվել է նախկին ընթացակարգը: Մեկ տասնամյակ առաջ նախագծերը մանրազնին ուսումնասիրվում էին պետականորեն հատուկ լիազորված գերատեսչություններում, իսկ յուրաքանչյուր գերատեսչության եզրակացության համար հիմք էին ծառայում մասնագիտական ստորաբաժանումների եզրակացությունները:  Այժմ նշված ուսումնասիրություններին փոխարինում է մեկական ներկայացուցիչներով կազմված միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, որով և հիշյալ ծրագրերին ընթացք է տրվում: Դժբախտաբար, միջգերատեսչական հանձնաժողովի որոշումները կայացվում են առանց լուրջ քննարկումների: 
 ՀՀ բնապահպանության նախարարը 2005 թ. լուծարեց երկրաբանական վարչության գիտական խորհուրդը, որը համակարգում ու ամփոփում էր երկրաբանահետախուզական աշխատանքների հաշվետվությունները և հանքավայրերը շահագործելու կամ չշահագործելու խնդիրներում ուներ իր վճռորոշ ձայնի իրավունքը: Նախարարը լուծարեց նաև պետական էկոլոգիական փորձաքննական վարչության հանձնաժողովը, որն ամփոփում էր իրականացվելիք նախագծերի մասնագիտական ու անկախ փորձագետների եզրակացությունները: Նույն բնապահպանության նախարարությունը ընդունում և  հաստատում է նշված ուսումնասիրությունները, իրականացնում դրանց հիման վրա ստեղծված նախագծերի էկոլոգիական փորձաքննությունը և տալիս եզրակացություն:
Հայաստանի Հանրապետության գերակա խնդիրներից է` չափավորել հանքարդյունաբերությունը, պետությանը վերադարձնել ընդերքի շահագործման մենաշնորհը, արգելել մետաղների խտանյութերի արտահանումը, կառուցել մաքուր մետաղների և դրանց ուղեկցող թանկարժեք ու հազվագյուտ մետաղների ստացման ժամանակակից (էկոլոգիապես նախընտրելի) արտադրություններ: Ինչպես նաև` Հայաստանի անկախությունից հետո մեր երկրում հանքարդյունաբերությամբ զբաղվողներից գանձել մակաբացման ապարները և պոչանքը շրջակա միջավայրում տեղադրելու համար և նախագծերի-ծրագրերի իրականացման հետևանքով Հայաստանի Հանրապետությանը հասցված տնտեսական վնասի անհրաժեշտ գումարները, այսինքն` հանքարդյունաբերությունը համապատասխանեցնել հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերին:

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий