Բնածին միջավայրի վրա մարդածին փոփոխությունները
շատ խորն են ու բազմաբնույթ, իսկ հաճախ` նաև վտանգավոր: Բնական միջավայրի մարդածին
փոփոխությունների բոլոր հետևանքներն չէ, որ նկատելի են անզեն աչքով: Դրանցից շատերը
բացահայտված և ուսումնասիրված չեն նույնիսկ գիտության կողմից: Բացահայտված չեն, օրինակ,
գյուղատնտեսական վնասատուների դեմ թունաքիմիկատների օգտագործման, ճահիճների չորացման
և շատ այլ միջոցառումների էկոլոգիական բոլոր հետևանքները: Երբ 20-րդ դարում ակընհայտ
դարձավ բնական միջավայրի մարդածին փոփոխությունների վտանգը, մարդիկ սկսեցին այդ փոփոխությունների
հատուկ դիտարկումներ կազմակերպել:
Սկզբում
դա արվում էր առանձին պետությունների կողմից, իսկ 1970-ական թվականներից սկսած` նաև
միջազգային մակարդակով: Ձևավորվեց դիտարկումներ կատարելու և դրանց արդյունքներն ուսումնասիրելու
մի ամբողջական համակարգ, որը ներկայումս գործում է աշխարհի երկրների մեծ մասում:
Հատուկ դիտարկումների միջոցով տվյալներ
են հավաքում բնական միջավայրի վիճակի, դրանում ընթացող մարդածին փոփոխությունների,
բոլոր տեսակի աղտոտիչների, դրանց քանակի ու որակի մասին: Ամեն մի երկրի ներսում կատարված
դիտարկումների տվյալները հավաքում են հատուկ գիտական կենտրոններում: Այդ տվյալները
գիտական վերլուծության են ենթարկվում և հիմք են ծառայում բնական միջավայրի վիճակը գնահատելու,
վերահսկելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաև փոփոխությունները կառավարելու և աղետներն
ու արտակարգ վտանգները կանխելու համար: Վերհիշյալ գործընթացների ամբողջությունը միասին
կոչվում է մոնիթորինգ:
Բնական միջավայրի մոնիթորինգը մի
համակարգ է, որի գլխավոր խնդիրը բնական միջավայրի վիճակի և դրա մարդածին փոփոխությունների
դիտարկումը, գնահատումը ու վերահսկում է` ռացիոնալ բնօգտագործում և բնապահպանություն
ապահովելու նպատակով:
Այժմ գործում են բնօգտագործման ու
բնապահպանական ազգային ու միջազգային, պետական և ոչ պետական մեծաթիվ կազմակերպություններ,
որոնք մշակել և իրականացնում են բազմաթիվ ծրագրեր:
Առավել կարևոր է Միավորաված ազգերի
կազմակերպության (ՄԱԿ) Շրջակա միջավայրի ծրագիր (ՅՈՒՆԵՊ) կոչվող կազմակերպությունը:
Դա միջկառավարական ծրագիր է, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի որոշմամբ գործում է
1973 թվից: Այդ ծրագրի շրջանակներում ստեղծվել է շրջակա միջավայրի մոնիթորինգի համամոլորակային
համակարգ, որին մասնակցում է աշխարհի 60 երկիր: ՅՈՒՆԵՊ-ի հետազոտությունների ու վերահսկողության
գլխավոր ոլորտը առավել սուր էկոլոգիական ճգնաժամներն են, ինչպիսիք են մեր մոլորակի
անապատացումը, անտառազրկումը, հողերի նվազումն ու բերրիության անկումը, խմելու ջրի
հիմնախնդիրը: ՅՈՒՆԵՊ-ի շտաբ-բնակարանը գտնվում է Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում:
Հատուկ նշանակություն է տրվում երկրագնդի
բնական ոլորտներից յուրաքանչյուրի` մթնոլորտի, կենսոլորտի, ջրոլորտի, քարոլորտի ներսում,
ինչպես նաև դրանց միջև կատարվող նյութափոխանակության և այլ երևույթների պատճառահետևանքային
կապերի բացահայտմանը, բազմակողմանի ուսումնասիրմանն ու հսկմանը:
Ներկայումս համեմատաբար լավ է կազմակերպված
ջրոլորտի և մթնոլորտի մոնիթորինգը: Շատ ավելի վաղ, քան ձևավորվել էր մոնիթորինգի համակարգը,
աշխարհի շատ երկրներում գործում էին հատուկ կայաններ ու դիտարկման կետեր, որոնք գրանցում
էին մթնոլորտի ու ջրային ավազանների վիճակը, դրանցում ընթացող բնական երևույթները:
Այդ տվյալները օգտագործվում էին գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովման
համար:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий