2013/08/25

Բնական ռեսուրսների և բնական պայմանների գնահատումը

 
Սկզբնական շրջանում բնական ռեսուրսներն ու պայմանները մարդկանց կողմից օգտագործվել են տարերայնորեն: Այժմ, երբ խիստ մեծացել է մարդու ճնշումը բնական միջավայրի վրա, անհրաժեշտ է բնական ռեսուրսները և բնական պայմանները ճիշտ օգտագործելու համար դրանք բազմակողմանիորեն ուսումնասիրել և գնահատել: Գնահատել նշանակում է որևէ բան արժեքավորել, որոշել դրա հարգը` արժեքը:
Գնահատել, արժեքավորել կարելի է այն, ինչին արդեն ծանոթ ես, ինչի քանակն ու որակը արդեն հայտնի է: Մինչև գնահատելը հարկավոր է կատարելի գույքագրում, պարզել օբյեկտի քանակն ու որակը, գտնվելու տեղը և պայմանները, այսինքն` կազմել բնական ռեսուրսների և բնական պայմանների կադաստր:
Կադաստր է կոչվում բնական օբյեկտների կամ երևույթների այն համակարգված ցուցակը, որն ընդգրկում է դրանց նկարագրությունը, քանակական ու որակական բնութագիրը:
Ներկայումս աշխարհի բոլոր երկրներում կազմվում են բնական օբյեկտների ու երևույթների տարբեր բնույթի կադաստրեր: Հատկապես լայն տարածում  ունեն հողային ռեսուրսների, օգտակար հանածոների, ջրային ռեսուրսների, կլիմայական ռեսուրսների, անտառային ռեսուրսների, լանդշաֆտների, հատուկ պահպանվող բնատարածքների ու բնության հուշարձանների կադաստրերը:
Գիտականորեն կազմված կադաստրը հնարավորություն է տալիս ճիշտ որոշելու ռեսուրսի օգտագործման ուղղությունն ու բնագավառը:
Բնական ռեսուրսների օգտագործման բնագավառները բազմազան են, որովհետև բազմազան են մարդու պահանջմունքները այդ ռեսուրսների նկատմամբ: Միևնույն ռեսուրսը կարող է օգտագործվել ամենատարբեր նպատակներով: Օրինակ` միևնույն անտառը հետաքրքրում է մարդուն մի դեպքում որպես վառելափայտի ու շինփայտի աղբյուր, մյուս դեպքում` որպես կլիմայաստեղծ գործոն, երրորդ  դեպքում` որպես պտուղների շտեմարան կամ գեղեցկության ու թարմության աղբյուր:
Կամ այլ օրինակ: Ջրային ռեսուրսները գյուղատնտեսության մեջ օգտագործվում են ոռոգման ու ձկնաբուծության համար, էներգետիկայում` որպես էլեկտրաէներգիայի աղբյուր, տրանսպորտում` նավարկության համար, կենցաղում` խմելու և կոմունալ նպատակների կամ մարդկային հանգիստը կազմակարպելու համար:
Հասկանալի է, որ թվարկված տարբեր ոլորտների համար նույն բնական ռեսուրսի նշանակություն, հետևապես արժեքը տարբեր է:
Որպեսզի որոշեն, թե որ բնական ռեսուրսն ինչ նպատակով օգտագործվի, որ դեպքում դրա արդյունավետությունը կարող է ավելի բարձր լինել, կատարում են գնահատում:
Հաշվի են առնվում նաև հասարակություն պահանջմունքները, որոնք ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել: Օրինակ, իր ժամանակին, երբ գնահատում էին Սևանա լճի ջրային ռեսուրսները, հաշվի էին առնում գյուղատնտեսական ոռոգման կարիքները: Ավելի ուշ, երբ հանրապետության ինդուստրացման հետ կապված աճեց էլեկտրաէներգիայի պահանջը, նույն ջրային ռեսուրսները գնահատեցին նաև էներգետիկայի տեսակետից: Ներկայումս հաշվի են առնում այլ պահանջմունքներ ևս, հատկապես բնակչությանը խմելու ջրով ապահովելու և լճի էկոլոգիական հավասարակշռությունը պահպանելու անհրաժեշտությունը:
Գնահատման ժամանակ անհրաժեշտորեն գործ ենք ունենում գնահատման ոչ միայն օբյեկտի` ռեսուրսի տեսակի, այլ սուբյեկտի` ռեսուրս օգտագործողի հետ: Օրինակ, ծառը գնահատման օբյեկտ է, իսկ գնահատման սուբյեկտներն են` գյուղատնտեսությունը, շինարարությունը, էներգետիկան, քաղաքային տնտեսությունը, ռեկրեացիան, բնապահպանությունը: Ջրային ռեսուրսի դեպքում գնահատման սուբյեկտներն են գյուղատնտեսական ոռոգումը, էլեկտրաէներգետիկան, ջրային տրանսպորտը, կենցաղային ու արդյունաբերական ջրամատակարարումը, ռեկրեացին, ձկնաբուծությունը:
Գնահատման ամեն մի սուբյեկտի համար միևնույն օբյեկտը տարբեր արժեք է ներկայացնում: Այդ պատճառով էլ տարբեր են լինում գնահատման չափանիշները և միավորները:
Միևնույն ծառը որպես վառելափայտ կամ շինափայտ օգտագործելու դեպքում չափում ենք փայտանյութի պաշարը, որի չափման միավորը խմ-ն է: Գյուղատնտեսության մեջ օգտագործելիս հաշվում ենք բերքատվությունը` մեկ տարում քանի կգ պտուղ է տալիս: Եթե ծառը մեզ հետաքրքրում է որպես կլիմայաստեղծ գործոն, ապա հաշվում ենք, թե ինչքան թթվածին կարող է արտադրել, ինչպիսին է սաղարթի խտությունը ստվեր առաջացնելու համար և այլ հատկանիշներ, որոնք չափման տարբեր միավորներով են գնահատվում:
Նույն ձևով էլ գետի ջրի էներգետիկական գնահատման համար օգտագործվում է կՎտ, տրանսպորտային գանահատման համար` գետի երկարությունը կմ-ով, խորությունը մ-ով, գյուղատնտեսական գնահատման համար` ջրի ծավալը խմ-ով և սեզոնային բաշխվածությունը:
Տարբերում են բնական ռեսուրսների գնահատման տարբեր տեսակներ: Գլխավոր տեսակներն են` տնտեսական, սոցիալական և էկոլոգիական:
Բնական ռեսուրսների տնտեսական գնահատումը մեծ մասամբ կատարվում է դրամական միավորներով: Գնահատվում է բնական ռեսուրսի տնտեսական օգտակարությունը, այսինքն` այն տնտեսական նշանակությունը, որ այդ բնական ռեսուրսն ունի մարդկանց տարաբնույթ պահանջմունքների բավարարման համար: Հաշվարկվում է, թե բնական ռեսուրսի տվյալ հատկանիշի օգտագործումը ինչպես կազդի աշխատանքի արտադրողականության վրա և ինչքանով կմեծացնի կամ կփոքրացնի արտադրանքի ինքնարժեքը, տնտեսական ինչ արդյունք կարող է տալ:
Բնական ռեսուրսների սոցիալական գնահատման նպատակն է պարզել ռեսուրսի սոցիաական արժեքը, այսինքն, թե իչպես է այն ազդում մարդկանց աշխատանքի, կենցաղի ու հանգստի կազմակերպման վրա, նպաստում է անձի ներդաշնակ զարգացմանը, թե արգելակում է: Ակնհայտ է, որ բոլորովին տարբեր սոցիալական արժեք ունեն, օրինակ, արևադարձային գոտու ծովափնյա շրջանների, տունդրայի ու սավաննաների, դաշտավայրերի ու լեռնային շրջանների բնական ռեսուրսներն ու պայմանները:
Բնական ռեսուրսների սոցիալական արժեքը դրամական միավորներով արտահայտել հնարավոր չէ, ուստի կատարում են համեմատական գանահատում: Տարբեր ռեսուրսներ համեմտելով միմյանց հետ որոշում են, թե որն է ավելի լավ կամ ավելի վատ և որին նախապատվությունը տալ:
Բնական ռեսուրսների էկոլոգիական գնահատման ժամանակ գլխավոր ուշադրությունը դարձվում է օբյեկտի միջավայրաստեղծ նշանակությունը: Փորձում են պարզել, թե բնության տվյալ տարրը կամ երևույթը, օրինակ` լճակը, անտառային պուրակը կամ լեռնալանջի քայքայումը, հողի էրոզիան, ինչ ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի վրա, ինչպես են փոխում դրա որակը:
Բնական ռեսուրսները երկրագնդի վրա բաշխված են խիստ անհավասարաչափ: Կան երկրներ ու տարածաշրջաններ, որոնք աճքի են ընկնում բնական ռեսուրսների մեծ բազմազանությամբ ու հարստությամբ: Այդպիսիք են, օրինակ, Արևմտյան Եվրոպան, Ուրալը, Սիբիրը, ԱՄՆ-ի շատ շրջաններ, Արևելյան Ավստրալիան, Հարավային Աֆրիկան: Դրան հակառակ, քիչ չեն այնպիսիք, որոնք զուրկ են տնտեսության բազմակողմանի զարգացման համար անհրաժեշտ բնական ռեսուրսներից:
Մեծ են նաև բնական պայմանների աշխարհագրական տարբերությունները` մարդկանց բնակության ու տնտեսական գործունեության համար աննպաստ, հավերժական սառույցներից ու տոթակեզ անապատներից մինչև բարեբեր անտառատափաստանները և բազմահարուստ ու բարեշնորհ ծովափնյա շրջանները:
Դրա պատճառով ծիստ տարբեր է երկրագնդի տարբեր մասերի ու երկրների ռեսուրսապահովվածությունը:
Ռեսուրսապահովվածությունը մի ցուցանիշ է, որով որոշվում են, թե որևէ երկիր, շրջան, ձեռնարկություն ինչպես է ապահոված բնական ռեսուրսների տարբեր տեսակներով, օրինակ, ոռոգման ջրով, անտառափայտով, նավթի ու գազի, այլ հանքատեսակների պաշարներով:
Ռեսուրսապահովվածությունը կարող է չափվել պաշարների ծավալով կամ այն ժամանակով, որի ընթացքում տվյալ ռեսուրսը կարող է օգտագործվել-սպառվել:

Պաշարների ծավալը կարելի է որոշել բնակչության մեկ շնչի և միավոր տարածքի հաշվով:

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий