2013/05/16

ՀՀ արգելավայրերը


Պետական արգելավայրերը գիտական, կրթական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող տարածքներ են, որտեղ ապահովվում են էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների բնական վերարտադրությունը:
Արգելավայրերի տարածքում արգելվում է ամեն մի գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերը կամ սպառնում է հատուկ գիտական և մշակույթային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:
Այստեղ սահմանափակվոււմ կամ արգելվում է ցանկացած գործունեություն, որը հակասում է արգելավայրի  սահմանափակումներին:
Ի տարբերություն պետական արգելոցների, որտեղ խիստ ռեժիմով պահպանության են վերցվում  ամբողջ էկոհամակարգեր և արգելվում է ցանկացած տեսակի տնտեսական գործունեություն՝  արգելավայրերում կարող են պահպանվել  էկոհամակարգի առանձին տեսակներ կամ նույնիսկ մեկ էկոհամակարգ:
Այստեղ թույլ է տրվում նաև տնտեսական գործունեություն, եթե այն չի նասում պահպանման ենթակա տեսակները:
Պետական արգելավայրերն ունեն կանոնադրություն, ըստ որի էլ կազմակերպվում է արգելավայրի կենսագործունեությունը:
Ներկայումս Հայաստանում կա 26 արգելավայր, որոնք միասին զբաղեցնում են ավելի քան 102 հազ հա տարածք, կամ ՀՀ տարածքի մոտ 3.5%-ը: Ցավոք, այս արգելավայրերի մի մասում չեն պահպանվում մի շարք նորմերը, և դրանց գոյությունը ուղղակի ձևական բնույթ է կրում:
ՀՀ արգելավայրերից առավել հայտնի են

«Սոսու պուրակ» արգելավայր
Պահպանվում է Կովկասի տարածքի արևելյան սոսու ամենախոշոր պուրակը:Այն ստեղծվել է 1958 թ-ին և այժմ զբաղեցնում է 64.2 հա տարածք: Մինչև 2004 թ. այն գտնվում էր Կապանի անտառտնտեսության ենթակայության տակ, իսկ հետո բնապահպանական գործունեությունը խստացնելու նպատակով հանձնվել էր «Շիկահող» արգելոցին: Արգելավայրը գտնվում է «Շիկահող» արգելոցին կից Ծավ գետի հովտում` Ներքին Հանդ գյուղի մոտ` ծովի մակարդակից 700-800 մ բարձրության վրա: 
Սուսու պուրակը ունի ձգված տեսք` Ծավ գետի երկայնքով 50-200 մ լայնությամբ և 10 կմ երկարությամբ: Պուրակի հիմքում ընկած են 200-250-ամյա հազարից ավել ծառեր, որոնք հասնում են 30-35 մ բարձրությանը և պահպանվել են մինչ այժմ: Կան նաև շատ հին, մեջը դատարկ ծառեր: Բացի սոսուց, այստեղ աճում են նաև այլ արժեքավոր և հազվագյուտ տեսակներ` հունական ընկուզենին, արաքսյան կաղնին, հունական շրջահյուսը, թավշային իլենին և այլն: Էնդեմիկներից ու հազվագյուտ տեսակներից պետք է նշել Վորոնովի գնարբուկը և Կոմարովի գնարբուկը, ինչպես նաև զանգեզուրյան տանձենին:
Ողնաշարավորների ֆաունայից բավականին բազմազան են սողունները` 7 տեսակի մողեսներ, 8 տեսակի օձեր և 2 տեսակի կրիաներ: Հազվագյուտ տեսակներից հանդիպում են շերտավոր մերկաչքը, և անդրկովկասյան սահնօձը: Ծավ գետի և դրա վտակների ջրերում բնակվում են կարմրախայտը, Քուռի բեղլուն և այլ տեսակներ:

«Որդան կարմիր» արգելավայր:Աղուտ հողերում պահպանվում է որդան կարմիր էնդեմիկ միջատը, որի թվաքանակի կրջատմանը նպաստել է Արարատյան դաշտի աղուտների ազազերծման գործընթացը:
«Արջատխլենու» արգելավայր: Արգելավայր Տավուշի մարզում, Իջևանի լեռների արևելյան լանջերին, Աղստև գետի ձախափնյակում, Իջևան քաղաքից արևմուտք: Հիմնադրվել է 1958 թ., տարածքը` 40 հա:
Արջատխլենին բազմանում է բնական վերաճով`սերմերից: Այստեղ արջատխլենու առանձնյակները շատ են: Սակայն, արջատխլենու գեղեցիկ ամուր բնափայտը գործածվում է որպես շինանյութ նեղ կենցաղային պայմանների համար, որն էլ պատճառը է հանդիսանում թվաքանակի կրջատման:

«Զանգեզուր» արգելավայր
«Զանգեզուր» արգելավայրը ստեղծվել է 2009 թ. հոկտեմբերի 15-ին և հանդիսանում է նոր պահպանվող տարածքներից մեկը: Չնայած այն տեղադրված է հարավային Հայաստանի հակառակ պետական սահմանի վրա, այն գտնվում է «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ենթակայության տակ:Արգելավայրի տարածքը կազմում է 17300 հա, զբաղեցնում է Զանգեզուրի լեռնաշղթայի Ողջի և Գեղի գետավազաններն ու Բարգուշատի լեռնաշղթայի հարավային լանջերը և սահմանակցում է Քաջարան քաղաքի լեռնագործական շրջանին և Մեղրու լեռնաշղթային` արևելքում ու Ադրբեջանի Նախիջևանի Հանրապետության «Օրդուբադ» ազգային պարկին` հարավ-արևմուտքում:


Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակը Զանգեզուրի և Բարգուշատի լեռնաբազուկների հարավային լեռնալանջերի բարձր լեռնային, ջրային և ցամաքային էկոհամակարգերի յուրահատուկ բուսական և կենդանական աշխարհը, ինչպես նաև արգելավայրի տարածքում առկա պատմամշակութային ժառանգության պահպանությունն է:

2013/05/13

Թափոնների նվազեցումը


 Թափոնների կուտակումն ու դրանց ոչնչացումն այսօր դարձել է մարդությանը հուզող ամենակարևոր հիմնահարցերից մեկը: Պայքարի լավագույն միջոցներից են թափոնների քանակի նվազեցումն ու թափոնների կրկնակի օգտագործումը: Թափոնների քանակի մեծ մասը կարելի է օգտագործել որպես օգտակար պաշար: Շատ հաճախ պաշարները դիտարկվում և օգտագործվում են միակողմանի` օգտակարից անօգտակար: Մինչդեռ անհրաժեշտ է բոլոր պաշարների համար գտնել սպառիչ կիրառություն:
ՀՀ որոշ հանքավայրերում շինանյութերի արդյունահանման ժամանակ կորուստները կազմում են ավելի քան 60%: Դրա պատճառը արտադրության ոչ կատարյալ եղանակներն ու սարքավորումներն են, որոնք կատարելագործելու դեպքում կորուստները զգալիորեն կարելի է նվազեցնել: Շինանյութերի արտադրության ժամանակ գոյացած տարբեր չափի քարի կտորները և փոշին կարելի է վերամշակել և օգտագործել շինարարության մեջ` որպես երեսպատման սալիկի և ջերմամեկուսիչ միջնապատերի արտադրության հումք: Սակայն շինանյութ արտադրող ձեռնարկությունները չեն ցանկանում լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներդնել քարի մանրվածքի վերամշակման համար: Դրանք, կուտակվելով հանքերի շուրջը, հսկայական տարածքներ են անօգտագործելի դարձնում:
Թափոնների նվազեցման հիմնահարցում մեծ դերակատարում ունեն ճարտարագետները, որոնք պետք է կատարելագործեն բոլոր սարքերն ու տեխնոլոգիաները հնարավորին չափ անթափոն արտադրություններ ստեղծելու համար, իսկ եթե հնարավոր չէ, պետք է մտածեն` ինչպես վերօգտագործեն այդ թափոնները: Թափոնների հսկայական կույտեր են առաջանում նաև մետաղների հանքաքարի արդյունահանման ժամանակ: ՀՀ-ում ամենաշատ արդյունահանվող մետաղները` պղինձն ու մոլիբդենը հանդիպում են բազմամետաղային հանքերում, որտեղ բացի վերոհիշյալ մետաղներից, հանդիպում են նաև շուրջ երկու տասնյակ այլ մետաղներ ու տարբեր օգտակար հանածոներ: Բազմամետաղային հանքից օգտագործվում են միայն պղինձն ու մոլիբդենը, մնացածը` արտանետվում են որպես թափոն: Տեխնոլոգիաների զարգացման և ներդրումների ավելացման պարագայում մնացած օգտակար հանածոները ևս կարելի է օգտագործել:
Թափոնների մի զգալի մասն են կազմում փաթեթավորման նյութերը: Շատ կարևոր է նվազեցնել դրանց քանակը,  հաշվի առնելով, որ փաթեթավորման նյութերից գերակշռող մասը պոլիէթիլենային տոպրակներն են:
Թափոնների հիմնախնդրի լուծման լավագույն միջողներից մեկը դրանց վերամշակումն է: Կոշտ թափոնների վերամշակումից կարելի է ստանալ կոմպոստ: Կոմպոստը արժեքավոր օրգանական պարարտանյութ է, որը  կարելի է ստանալ միայն կենսաքայքայվող աղբից:
Ոչ կենսաքայքայվող թափոնների համար լավագույն միջոցը վերօգտագործումն է: Վերօգտագործելուց առաջ թափոնները անհրաժեշտ է տեսակավորել, որից հետո, որպես երկրոդային հումք ուղարկել վերամշակման:
Բազմաթիվ երկրներում բնակիչներն իրենք են առանձնացնում կենցաղային աղբը` տարբեր թափոններ հավաքելով տարբեր տոպրակների մեջ: Աղբը հիմնականում բաժանվում է հինգ մասի` մետաղ, ապակի, պոլիմերային նյութեր, թուղթ, օրգանական թափոններ: 

2013/05/12

ՀՀ ազգային պարկերը


  «Սևան» ազգային պարկը ստեղծվել է 1987թ., ընդգրկում է Սևանա լճի հայելին և դրա շրջակայքը: Զբաղեցնում է շուրջ 150 հզ. հա տարածք: «Սևան» ազգային պարկը բնապահպանական գիտահետազոտական վայր է և իրականացնում է Սևանա լճի և դրա ավազանի բնական էկոհամակարգերի և բնական պաշարների պահպանությունը և օգտագործման վերահսկողությունը, ինչպես նաև վերահսկում է հանգստի ու տուրիզմի կազմակերպումը, աջակցում է պարկի տարածքի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության մասին է:
Պարկը բաժանվում է երեք ֆունկցիոնալ գոտիների` արգելոցային, ռեկրեացիոն և տնտեսական: Պարկի տարածքում առանձնացված են 4 արգելոցներ` 3700 հա ընդհանուր մակերեսով 10 արգելավայր, ինչպես նաև 7200 հա ռեկրեացիոն գոտի:

Պահպանության օբյեկտ են Սևանա լիճը և դրա ջրհավաք ավազանի եզակի ու էնդեմիկ կենդանական ու բուսական համակեցությունները: Սևանի ավազանի աշխարհագրական դիրքը, կլիման և բույսերի բազմազանությունը բարենպաստ միջավայր են ստեղծել կենդանական աշխարհի համար: Այստեղ հանդիպում են կաթնասունների 34, թռչունների 267 (որից 48-ը բնադրող), երկկենցաղների 3, սողունների 17, ձկների 9 տեսակ: Պարկի տարածքում հանդիպող բնադրող թռչուններն են` սև փարփարը, կռնչան բադը և հայկական որորը: Թռչուններից Կարմիր գրքում են գրանցված մեծ ձկնկուլը, փոքր ձկնկուլը, կանչող կարապը, սովորական ֆլամինգոն: Սողուններից հանդիպում են նաիրյան, հայկական և սպիտակափոր մողեսները: Օձերից հանդիպում են` ջրային լորտուն, պղնձօձը, իժը: Երկկենցաղներից առկա են կանաչ դոդոշը, լճագորտը և փոքրասիական գորտը: Ձկներից գրանցված են կարմրախայտը, Սևանի իշխանը` իր չորս տեսակներով, սիգը, Սևանի բեղլուն, կողակը և ծածանը:


«Դիլիջան»  ազգային պարկ: «Դիլիջան»  ազգային պարկը ստեղծվել է 2002թ., գտնվում է հանրապետության հյուսիսային հատվածում` Փամբակի, Արեգունու, Միափորի, Գուգարաց լեռնաշղթաների լանջերին, Աղստև և Գետիկ գետերի ավազաններում` զբաղեցնելով շուրջ 28 հզ. հա տարածք, գտնվում է ծովի մակարդակից 1000-2300 բարձրության սահմաններում: Այստեղ պահպանվում են կաղնու և հաճարենու համակեցությունները, կենու պուրակը, անտառային հազվագյուտ ֆաունան և պատմաճարտարապետական ու բնության եզակի հուշարձանները:

Ազգային պարկի բուսական աշխարհը կազմված է մոտ 900 բուսատեսակից, որոնցից 35-ը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Այստեղ հանդիպում են երկկենցաղների 4, սողունների 13, թռչունների 147 և կաթնասունների 43 տեսակ: Ձկներից  կարելի է նշել կարմրախայտը և Կուրի բեղլուն, թռչուններից` քարարծիվն ու գառանգղը: Կաթնասուններից այստեղ բնակվում են խլուրդը, կզաքիսը, աքիսը, լուսանը, անտառակատուն, սկյուռը: Հաճախակի հանդիպում են վարազը և կխտարը, իսկ գետամերձ տարածքներում նաև ՀՀ Կարմիր գրքում գրանցվախ ջրասամույրը: 
Հարավային Հայաստանի տարածքը, մասնավորապես Սյունիքի մարզը աչքի է ընկնում եզակի էկոհամակարգերով և բնական հուշարձաններով:



Մեղրու տարածաշրջանում առկա բնապահպանական հիմնախնդիրների հաղթահարման նպատակով 2010 թ.-ին ստեղծվեց «Արևիկ» ազգային պարկը, որն ընդգրկում է Մեղրի, Նյուվադի և Շվանիձոր գետերի վերին և միջին հոսանքներում: Տարածքը կազմում է շուրջ 34401.8 հա:
Ազգային պարկի տարածքում ներկայացված են լանդշաֆտային գոտիների գրեթե ողջ համակարգը՝ սկսած ցածր և միջին լեռնային կիսաանապատներից մինչև բարձր լեռնային տափաստաններն ու Մեղրի գետի վերին հոսանքների մերձալպյան տիպի լանդշաֆտը:
Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանը առանձնանում է կենսաբանական և լանդշաֆտային հարուստ բազմազանությամբ, որն առաջացել է շնորհիվ նրա աշխարհագրական տեղադիրքի, ռելիեֆի խիստ կտրտվածության, լեռնալանջերի տարբեր դիրքադրության, ռելիեֆի բարձրունքային մեծ տատանումների` (450 մ-ից մինչև 3300-3500 մ ծովի մակերևույթից) և հանդիսանում է Կովկասի բուսականության տեսակառաջացման կարևորագույն կենտրոններից մեկը:



Թունավոր թափոններ


Թունավոր թափոն է համարվում յուրաքանչյուր նյութ, որը մահաբեր է կամ լուրջ հիվանդության պատՃառ է հանդիսանում (օրինակ` այրվածք, շնչառական ուղիների հիվանդություններ, քաղցկեղ, գենետիկական մուտացիաներ): Թունավոր թափոնների մեծ մասը շրջակա միջավայր է արտանետվում արդյունաբերության կողմից: Հայտնի են թունավոր թափոնների մոտ 600 տարբեր նյութեր: Դրանցից առավել վտանգավորներն են`
·         Պեստիցիդներ (բույսերի պաշտպանության քիմիական միջոցների բաղադրիչներն են),
·         Ռադիոակտիվ թափոններ (հիմնականում գոյանում են ատոմային էլեկտրակայաններում),
·         Սնդիկ և սնդիկի միացություններ (պարունակվում են էլեկտրալամպերի և ներկանյութերի թափոններում),
·         Կապարի միացություններ (առավել հաճախ հանդիպում են նավթամշակման, լաքերի և ներկերի գործարանների թափոններում),
·         Արսեն և արսենի միացություններ (պարունակվում են մետաղամշակման գործարանների, ՋԷԿ-երի թափոններում)
Բոլոր այս թափոնները բնորոշ են մեր հանրապետությանը: Թունավոր թափոնների հիմնականում հնարավոր չէ օգտագործել կամ վերամշակել, ինչպես նաև դրանք համարվում են ոչ կենսաքայքայվող նյութեր: Թունավոր թափոնների խնդիրը լուծելու համար պետք է նախ և առաջ կրճատել դրանց արտանետման ծավալները: Երկրորդ` մտածել ոչնչացնելու և վնասազերծելու մասին: Այս խնդրի լուծում կախված է նրանից, թե մեր կենսագործունեության ինչ փուլում են դրանք առաջանում: Օրինակ` ՋԷԿ-երում էլեկտրաէներգիայի արտադրության ժամանակ կամ մետաղաձուլման ընթացքում օդ են արտանետվում թունավոր գազեր: ԱԷԿ-ներում միջուկային վառելիքի <<այրումից>> արտանետվում են միջուկային թափոններ, ռադիոէլեկտրոնային արդյունաբերության մեջ առաջանում են ծանր մետաղների միացություններ և թթուների լուծույթներ, քիմիական ներկանյութերի մնացորդներ, արդյունաբերական զանազան լուծիչներ և այլ թունավոր նյութեր:  Այս դեպքում պետք է`
·         Խուսափել թափոններից, օգտագործել այնպիսի տեխնոլոգիաներ և սարքեր, որոնք հնարավորություն կտան նվազեցնել թափոնները,
·         Օգտագործել արտանետումները կլանող սարքեր` գազային ֆիլտրեր, ջրամաքրման համակարգեր
·         Հնարավորության սահմաններում հրաժարվել այն ապրանքների արտադրությունից, որոնք թունավոր նյութերի արտանետման պատճառ են դառնում
Երբ թունավոր թափոնները արդեն առաջացել են, մնում է հոգալ, որ դրանք հնարավորին չափ ապահով տեղաբաշխվեն կամ ոչնչացվեն: Սա ժամանակակից ամենադժվար գլոբալ էկոլոգիական հիմնախնդիրներից է: Երբեմն այդ թափոնները հատուկ տարաների մեջ ամփոփելուց հետո նետվում են համաշխարհային օվկիանոս:
Թունավոր պինդ և հեղուկ թափոնների ոչնչացումը պետք է վերահսկվի և իրականացվի որոշակի և խիստ կանոններով: Այս նյութերի որոշ մասը այրում են հատուկ կայաններում, մի մասն էլ հարկ է լինում պահել բաց աղբավայրերում` պահպանելով խիստ նախազգուշական միջոցներ: Ավելի ապահով է համարվում թափոնների զետեղումը գետնի տակ. օրինակ ` շահագործումից դուրս եկած հանքերում: Բայց հաճախ այդ նպատակների համար միջոցները չեն բավականացնում: Եվ վերջապես թունավոր թափոնները <<վաճառում են>> աղքատ երկրներին: Հարուստ երկրները, որոշ փոխհատուցման դիմաց համաձայնության են գալիս աղքատ երկրների հետ իրենց թափոնները նրանց տարածքում տեղաբաշխելու մասին: