2013/05/13

Թափոնների նվազեցումը


 Թափոնների կուտակումն ու դրանց ոչնչացումն այսօր դարձել է մարդությանը հուզող ամենակարևոր հիմնահարցերից մեկը: Պայքարի լավագույն միջոցներից են թափոնների քանակի նվազեցումն ու թափոնների կրկնակի օգտագործումը: Թափոնների քանակի մեծ մասը կարելի է օգտագործել որպես օգտակար պաշար: Շատ հաճախ պաշարները դիտարկվում և օգտագործվում են միակողմանի` օգտակարից անօգտակար: Մինչդեռ անհրաժեշտ է բոլոր պաշարների համար գտնել սպառիչ կիրառություն:
ՀՀ որոշ հանքավայրերում շինանյութերի արդյունահանման ժամանակ կորուստները կազմում են ավելի քան 60%: Դրա պատճառը արտադրության ոչ կատարյալ եղանակներն ու սարքավորումներն են, որոնք կատարելագործելու դեպքում կորուստները զգալիորեն կարելի է նվազեցնել: Շինանյութերի արտադրության ժամանակ գոյացած տարբեր չափի քարի կտորները և փոշին կարելի է վերամշակել և օգտագործել շինարարության մեջ` որպես երեսպատման սալիկի և ջերմամեկուսիչ միջնապատերի արտադրության հումք: Սակայն շինանյութ արտադրող ձեռնարկությունները չեն ցանկանում լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներդնել քարի մանրվածքի վերամշակման համար: Դրանք, կուտակվելով հանքերի շուրջը, հսկայական տարածքներ են անօգտագործելի դարձնում:
Թափոնների նվազեցման հիմնահարցում մեծ դերակատարում ունեն ճարտարագետները, որոնք պետք է կատարելագործեն բոլոր սարքերն ու տեխնոլոգիաները հնարավորին չափ անթափոն արտադրություններ ստեղծելու համար, իսկ եթե հնարավոր չէ, պետք է մտածեն` ինչպես վերօգտագործեն այդ թափոնները: Թափոնների հսկայական կույտեր են առաջանում նաև մետաղների հանքաքարի արդյունահանման ժամանակ: ՀՀ-ում ամենաշատ արդյունահանվող մետաղները` պղինձն ու մոլիբդենը հանդիպում են բազմամետաղային հանքերում, որտեղ բացի վերոհիշյալ մետաղներից, հանդիպում են նաև շուրջ երկու տասնյակ այլ մետաղներ ու տարբեր օգտակար հանածոներ: Բազմամետաղային հանքից օգտագործվում են միայն պղինձն ու մոլիբդենը, մնացածը` արտանետվում են որպես թափոն: Տեխնոլոգիաների զարգացման և ներդրումների ավելացման պարագայում մնացած օգտակար հանածոները ևս կարելի է օգտագործել:
Թափոնների մի զգալի մասն են կազմում փաթեթավորման նյութերը: Շատ կարևոր է նվազեցնել դրանց քանակը,  հաշվի առնելով, որ փաթեթավորման նյութերից գերակշռող մասը պոլիէթիլենային տոպրակներն են:
Թափոնների հիմնախնդրի լուծման լավագույն միջողներից մեկը դրանց վերամշակումն է: Կոշտ թափոնների վերամշակումից կարելի է ստանալ կոմպոստ: Կոմպոստը արժեքավոր օրգանական պարարտանյութ է, որը  կարելի է ստանալ միայն կենսաքայքայվող աղբից:
Ոչ կենսաքայքայվող թափոնների համար լավագույն միջոցը վերօգտագործումն է: Վերօգտագործելուց առաջ թափոնները անհրաժեշտ է տեսակավորել, որից հետո, որպես երկրոդային հումք ուղարկել վերամշակման:
Բազմաթիվ երկրներում բնակիչներն իրենք են առանձնացնում կենցաղային աղբը` տարբեր թափոններ հավաքելով տարբեր տոպրակների մեջ: Աղբը հիմնականում բաժանվում է հինգ մասի` մետաղ, ապակի, պոլիմերային նյութեր, թուղթ, օրգանական թափոններ: 

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий