2013/05/12

Թունավոր թափոններ


Թունավոր թափոն է համարվում յուրաքանչյուր նյութ, որը մահաբեր է կամ լուրջ հիվանդության պատՃառ է հանդիսանում (օրինակ` այրվածք, շնչառական ուղիների հիվանդություններ, քաղցկեղ, գենետիկական մուտացիաներ): Թունավոր թափոնների մեծ մասը շրջակա միջավայր է արտանետվում արդյունաբերության կողմից: Հայտնի են թունավոր թափոնների մոտ 600 տարբեր նյութեր: Դրանցից առավել վտանգավորներն են`
·         Պեստիցիդներ (բույսերի պաշտպանության քիմիական միջոցների բաղադրիչներն են),
·         Ռադիոակտիվ թափոններ (հիմնականում գոյանում են ատոմային էլեկտրակայաններում),
·         Սնդիկ և սնդիկի միացություններ (պարունակվում են էլեկտրալամպերի և ներկանյութերի թափոններում),
·         Կապարի միացություններ (առավել հաճախ հանդիպում են նավթամշակման, լաքերի և ներկերի գործարանների թափոններում),
·         Արսեն և արսենի միացություններ (պարունակվում են մետաղամշակման գործարանների, ՋԷԿ-երի թափոններում)
Բոլոր այս թափոնները բնորոշ են մեր հանրապետությանը: Թունավոր թափոնների հիմնականում հնարավոր չէ օգտագործել կամ վերամշակել, ինչպես նաև դրանք համարվում են ոչ կենսաքայքայվող նյութեր: Թունավոր թափոնների խնդիրը լուծելու համար պետք է նախ և առաջ կրճատել դրանց արտանետման ծավալները: Երկրորդ` մտածել ոչնչացնելու և վնասազերծելու մասին: Այս խնդրի լուծում կախված է նրանից, թե մեր կենսագործունեության ինչ փուլում են դրանք առաջանում: Օրինակ` ՋԷԿ-երում էլեկտրաէներգիայի արտադրության ժամանակ կամ մետաղաձուլման ընթացքում օդ են արտանետվում թունավոր գազեր: ԱԷԿ-ներում միջուկային վառելիքի <<այրումից>> արտանետվում են միջուկային թափոններ, ռադիոէլեկտրոնային արդյունաբերության մեջ առաջանում են ծանր մետաղների միացություններ և թթուների լուծույթներ, քիմիական ներկանյութերի մնացորդներ, արդյունաբերական զանազան լուծիչներ և այլ թունավոր նյութեր:  Այս դեպքում պետք է`
·         Խուսափել թափոններից, օգտագործել այնպիսի տեխնոլոգիաներ և սարքեր, որոնք հնարավորություն կտան նվազեցնել թափոնները,
·         Օգտագործել արտանետումները կլանող սարքեր` գազային ֆիլտրեր, ջրամաքրման համակարգեր
·         Հնարավորության սահմաններում հրաժարվել այն ապրանքների արտադրությունից, որոնք թունավոր նյութերի արտանետման պատճառ են դառնում
Երբ թունավոր թափոնները արդեն առաջացել են, մնում է հոգալ, որ դրանք հնարավորին չափ ապահով տեղաբաշխվեն կամ ոչնչացվեն: Սա ժամանակակից ամենադժվար գլոբալ էկոլոգիական հիմնախնդիրներից է: Երբեմն այդ թափոնները հատուկ տարաների մեջ ամփոփելուց հետո նետվում են համաշխարհային օվկիանոս:
Թունավոր պինդ և հեղուկ թափոնների ոչնչացումը պետք է վերահսկվի և իրականացվի որոշակի և խիստ կանոններով: Այս նյութերի որոշ մասը այրում են հատուկ կայաններում, մի մասն էլ հարկ է լինում պահել բաց աղբավայրերում` պահպանելով խիստ նախազգուշական միջոցներ: Ավելի ապահով է համարվում թափոնների զետեղումը գետնի տակ. օրինակ ` շահագործումից դուրս եկած հանքերում: Բայց հաճախ այդ նպատակների համար միջոցները չեն բավականացնում: Եվ վերջապես թունավոր թափոնները <<վաճառում են>> աղքատ երկրներին: Հարուստ երկրները, որոշ փոխհատուցման դիմաց համաձայնության են գալիս աղքատ երկրների հետ իրենց թափոնները նրանց տարածքում տեղաբաշխելու մասին: 

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий