Աշնանային տաք եղանակը հիանալի առիթ էր եռօրյա ուսումնական ճամփորդություն նախաձեռնելու համար: Այդ պատճառով որպես ուղղություն ընտրվեց Հայաստանի հարավը, մասնավորապես՝ Ջերմուկ քաղաքը։ Հատկանշական է, որ ճամբարի օրերին Երևանում անցկացվում էր COP17-ը՝ ՄԱԿ-ի կենսաբազմազանությանը նվիրված միջազգային համաժողովը, իսկ դրա մեկնարկից առաջ հայտարարվել էր Ամուլսարի շահագործման մասին։
Ճամփորդության նախապատրաստական փուլում հաճելիորեն արձանագրեցի, որ թեև սովորողներից քչերն էին եղել Ջերմուկում, բոլորը քաջածանոթ էին թե՛ քաղաքին և թե՛ Ամուլսարի շուրջ ծավալվող խնդիրներին։ Մեր առաջին կանգառը Գնդեվազն էր, որը, գտնվելով Ամուլսարի անմիջական հարևանությամբ, ըստ բնապահպանական գնահատականների՝ ամենախոցելի բնակավայրերից մեկն է։
Գնդեվազից շարժվեցինք դեպի Գնդեվանք՝ միջնադարյան կառույց, որը հիանալի է պահպանվել և այսօր էլ գործող եկեղեցի է։ Կիրճով անցնող դեպի վանք տանող մոտ 2,5 կմ երկարությամբ արահետը բարեկարգված էր, մաքուր և կահավորված նստարաններով։ Կիրճում շուրջ երկուսուկես ժամ անցկացնելուց և վանքում միասնական Հայրապետական մաղթերգ երգելուց հետո շարունակեցինք ճանապարհը դեպի Ջերմուկ։ Տեղ հասանք արդեն մթնշաղին, և հյուրատանը տեղավորվելուն պես սկսվեց երեկոյան զբոսանքը քաղաքում։
Հաջորդ առավոտը նոր բացահայտումների սկիզբ դարձավ. քաղաքային զբոսանքը վերածվեց քայլարշավի դեպի Ջերմուկի հայտնի ջրվեժը։ Թեև օրը մռայլ էր, այն չխանգարեց քայլքին։ Միայն այն պահին, երբ ողջ խումբն արդեն ջրվեժի մոտ էր, սկսվեց հորդառատ անձրև։ Բարեբախտաբար, հասցրեցինք պատսպարվել ծածկերի տակ, իսկ հյուրատուն վերադարձանք այլընտրանքային ճանապարհով՝ քաղաքի հակառակ կողմով։ Օրվա երկրորդ կեսին այցելեցինք «Ջերմուկ» հանքային ջրերի մայր գործարան, որտեղ աշխատակիցները հանգամանորեն ներկայացրին ջրի արդյունահանման և շշալցման ամբողջ գործընթացը։
Երեկոյան խմբով բարձրացանք հայտնի Եղնիկի բարձունքը, որտեղից հիասքանչ տեսարան էր բացվում դեպի քաղաքը։ Մթության մեջ հեռվից նշմարվում էին լույսերը, որոնք վկայում էին Ամուլսարում եռացող աշխատանքների մասին։ Ողջ օրվա ընթացքում սարը մեր տեսադաշտում էր. թվում էր՝ անվտանգ հեռավորության վրա է, զերծ ամեն տեսակի ռիսկերից, սակայն բարձունքից բացվող համայնապատկերն ու ներքին զգացողությունները բոլորովին այլ էին։
Հուսով եմ, որ այս եռօրյա ճամբարը սովորողներին հնարավորություն տվեց ոչ միայն հարստացնելու իրենց գիտելիքները, այլև կարևոր հարցերի շուրջ ձևավորելու սեփական, հիմնավորված կարծիքը







0 Մեկնաբանություն:
Отправить комментарий