Հողերի պահպանման գլխավոր ուղղությունը էրոզիայի դեմ պայքարն է: Էրոզիայի դեմ պայքարը բազմաբնույթ միջոցառումների համալիր է, որի նպատակն է պաշտպանել հողի վերին` առավել բերրի շերտը տեղատարումից, վերականգնել և բարելավվել հողատարածությունները: Հակաէրոզիոն և բարելավման միջոցառումների շարքում առանձնանում են հետևյալ առավել կարևորները.
·
Առաջավոր ագրոտեխնիկան
·
Հողաբարելավումը
·
Հողերի վերականգնումը
·
Պայքարը հողերի աղտոտման դեմ
Առաջավոր ագրոտեխնիկան հատուկ նշանակություն է տալիս հողի մշակմանը,
որի ընթացքում ոչ միայն բացառվում է դրա քայքայումն ու տեղատարումը, այլև բարելավում
է հողի վերին շերտի կառուցվածքը, հողը դառնում է ավելի արգավանդ: Լավ արդյունք է տալիս,
օրինակ, թեք լանջերի հերկումը ոչ թե վերից վար, այլ լայնակի: Լայնակի վարուցանքի դեպքում
դանդաղում է ջրի հոսքը, հետևաբար և նվազում հողի էրոզիան:
Միջոցառումների մի ամբողջ համալիր է իրանից ներկայացնում հողաբարելավումը`
հողերի մելիորացիան: Հողաբարելավման բոլոր միջոցառումների հիմնական նպատակն ու արդյունքը
նույնն է` հողային շերտի պահպանություն և բերրիության բարձրացում:
Հողերի մելիորացիայի տեսակները բազմազան են` մինչև 30 տեսակ: Դրանցից
մի քանիսն ունեն նաև կարևոր հողապաշտպան, հակաէրոզիոն նշանակություն: Հատկապես աչքի
է ընկնում ագրոանտառամելիորացիան, երբ ստեղծվում են դաշտապաշտպան անտառաշերտեր, կատարվում
է զառիթափ լանջերի, ձորակներ և ավազուտների անտառապատում: Ագրոանտառամելիորացիան լավ
արդյունք տալիս հատկապես տափաստանային և անտառատափաստանային զոնաներում:
Հարյուրավոր կիլոմետրեր ձգվող դաշտապաշտպան արհեստական անտառներ
են ստեղծվել Ամերիկայում, Կանադայի հարավային նահանգներում, Միջին, Հարավային և Արևելյան
Եվրոպայում, Ուկրաինայում, Ռուսաստանում և Ղազախստանում: Դաշտապաշտպան անտառաշերտեր
ստեղծելու համար օգտագործում են հատուկ ծառատեսակներ: Որպես գլխավոր ծառատեսակներ են
ծառայում կաղնին, սոճին, բարդին, հացենին, սպիտակ ակացիան, կվենին: Այս ամենի շնորհիվ
հողը ոչ միայն պաշտպանվում է էրոզիայից, այլ տեղի է ունենում բարելավում, աճում է բերրիությունը:
Անտառաշերտերով պաշտպանված դաշտերում, օրինակ, աշնանացան ցորենի, եգիպտացորենի, մի
շարք տեխնիկական մշակաբույսերի և ցանովի խոտերի բերքատվությունը 20-25%-ով ավելին է
լինում, քանի չպաշտպանված դաշտերում:
Հողերի պահպանության տարածված եղանակ է հողերի վերականգնումը (ռեկուլտիվացիա):
Հողերի ռեկուլտիվացիան միջոցառումների մի համալիր է, որն ուղղված է մարդու կողմից խախտված
հողերի վերականգնմանը: Հողաշերտը ամենից շատ խախտվում է բաց հանքերի շահագործման և
լայնածավալ շինարարական աշխատանքների ժամանակ: Շինարարական աշխատանքների ավարտից հետո
և արդեն սպառված հանքերի տեղում կատարում են հողի ռեկուլտիվացիա: Հողերի ռեկուլտիվացիան
բաղկացած է երկու փուլից` տեխնիկական և կենսաբանական: Տեխնիկական ռեկուլտիվացիայի փուլում
կատարվում է տարածքի հատակագծում և հարթեցում, այն ծածկվում է բերրի հողաշերտով: Դա
այլ վայրերից բերվող կամ էլ նախկինում, շինարարական աշխատանքներն սկսելուց առաջ հավաքված
ու տեղում կուտակված բերրի հողն է: Կենսաբանական փուլում կատարվում է քարերի հավաքում,
հարթեցում, հողի վարուցանք, պարարտացում: Վերջնական փուլում կատարվում է ծառատունկ,
բույսերի մշակում և խոտացանություն:
Հողային ռեսուրսները պահպանելու և վերականգնելու հետ միասին մարդիկ
շահագրգռված են այդ ռեսուրսների ռացիոնալ օգտագործումով: Դա հողերի այնպիսի օգտագործումն
է, երբ ոչ միայն պահպանվում ու բարելավվում են հողի հատկությունները, այլև ստացվում
է տնտեսական բարձր արդյունք: Հողային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ռացիոնալ միջոցներից
են արհեստական ոռոգումը (իռիգացիա), գերխոնավ հողերի ցամաքեցումը, աղակալած հողերի
լվացումը (քիմիական մելիորացիա), հողերի մաքրումը քարերից, ծառերի ու թփուտների կոճղերից:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий