2013/01/13

Մթնոլորտ: Մթնոլորտի դերն ու նշանակությունը

Մթնոլորտը Երկրագունդը շրջապատող օդի շերտն է՝ մի հսկայական գազային օվկիանոս, որի հատակը Երկրի մակերևույթն է:
Մթնոլորտը, որով պայմանավորված է կյանքի գոյությունը Երկրի վրա, մի քանի գազերի՝ ազոտի (78%), թթվածնի (21%), արգոնի (0,93%), ածխաթթվական գազի (0,03%) խառնուրդ է: Այն աննշան քանակով պարունակում է նաև իներտ գազեր՝ նեոն, հելիում, կրիպտոն և այլն: Գազերից բացի, մթնոլորտում միշտ առկա են նաև ջրային գոլորշիներ, փոշու և ծխի մասնիկներ, սառույցի բյուրեղիկներ:
Ենթադրվում է, որ ժամանակակից մթնոլորտն ունի երկրորդային ծագում, այսինքն՝ այն առաջացել է Երկիր մոլորակի կազմավորումից հետո՝ նրա կարծր կեղևից անջատված գազերից: Ժամանակի ընթացքում մթնոլորտը մի քանի գործոնների ազդեցության հետևանքով կրել է զգալի փոփոխություններ: Մթնոլորտի զարգացումը սերտորեն կապված է երկրաբանական և երկրաքիմիական շարժընթացների, կենդանի օրգանիզմների գործունեության հետ:
Մարդկանց համար մեծ կարևորություն ունի հատկապես մթնոլորտի ստորին շերտը՝ ներքնոլորտը (տրոպոսֆերա), որի բարձրությունը Երկրի մակերևույթից 8–17 կմ է: Այստեղ են կուտակված մթնոլորտի զանգվածի 80%-ը և ջրային գոլորշիները, այս շերտում են առաջանում ամպերը, ծնվում ամպրոպները, անձրևներն ու ձյունը: Ներքնոլորտում,  որպես օրինաչափություն, ըստ բարձրության` յուրաքանչյուր 1 կմ-ի վրա ջերմաստիճանը նվազում է 5–60C-ով:
Մթնոլորտի հաջորդ շերտը՝ վերնոլորտը (ստրատոսֆերա), հասնում է մինչև 50–55 կմ բարձրության: Օդն այնտեղ խիստ նոսր է, իսկ երկինքը՝ մուգ մանուշակագույնից մինչև գրեթե սև:
Հաջորդ շերտը՝ միջնոլորտը (մեզոսֆերա), հասնում է մինչև 80 կմ բարձրության: Այդ շերտում երբեմն առաջանում են փայլուն, նուրբ ամպեր: Դրանք կոչվում են արծաթափայլ ամպեր և կազմված են սառցի բյուրեղիկներից ու տիեզերական մանրագույն փոշու մասնիկներից:
Ջերմոլորտը (թերմոսֆերա) կամ իոնոլորտը (իոնոսֆերա) հասնում է մինչև 1000 կմ բարձրության: Այնտեղ օդը չափազանց նոսր է, շատ են գազի առանձին լիցքավորված մասնիկները՝ իոնները: Այդ բարձրությունում են առաջանում բևեռափայլերը, որի աղեղները ձգվում են արևելքից արևմուտք և երբեմն անցնում 5 հզ. կմ-ից, իսկ երկնքում փայփլում են մի քանի ժամ շարունակ:
Մթնոլորտի ամենավերին շերտն արտաքին ոլորտն է (էկզոսֆերա): Այնտեղ գրեթե օդ չկա:
Մթնոլորտը մեր մոլորակի և նրա օրգանական աշխարհի համար ունի չափազանց կարևոր նշանակություն:  Երկրի վրա առանց մթնոլորտի կյանքը չէր առաջանա:
Մթնոլորտը Երկրագնդի և նրա աշխարհագրական թաղանթի ջերմության կարգավորիչն է: Դրա շնորհիվ է, որ Երկրի մակերևույթն Արեգակի ճառագայթներից ցերեկն ուժեղ չի տաքանում, գիշերն էլ շուտ չի սառչում: Դրա համար էլ մթնոլորտը հաճախ անվանում են Երկրագնդի վերմակ:
Մթնոլորտը Երկրագունդը պաշտպանում է երկնաքարերից, որոնք, անցնելով մթնոլորտի միջով, շփումից շիկանում են, այրվում և միայն մանր քարերի ու փոշու ձևով թափվում Երկրի վրա՝ չվնասելով նրան (միայն առանձին դեպքերում են ընկնում մեծ երկնաքարեր, որոնք մեծ զանգվածի պատճառով չեն հասցնում լրիվ այրվել, և Երկրագնդի վրա առաջանում են մեծ խառնարաններ): Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի շրջապտույտ, իրականացվում է կենդանի օրգանիզմների գազափոխանակություն և լուսասինթեզ: Մթնոլորտի գրեթե բոլոր բաղադրիչ գազերն անարգել թողանցում են արեգակնային ճառագայթումը, սակայն, բարեբախտաբար, 24–30 կմ բարձրության վրա ոչ մեծ քանակությամբ կենտրոնացված է օզոն կոչվող գազի շերտը, որը և կասեցնում է Արեգակի` կյանքի համար կործանարար անդրամանուշակագույն ճառագայթների մեծ մասը:
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով փոխվում է նաև մթնոլորտի գազային կազմը: Պարզվել է, որ ածխաթթվական գազի պարունակությունն անընդհատ ավելանում է (վերջին 100 տարում՝ 3–15%-ով), ինչի հետևանքով ուժեղանում է մթնոլորտի ջերմոցային էֆեկտը, և տեղի է ունենում կլիմայի տաքացում: Ներկայումս դա համամոլորակային լուրջ վտանգ է, հետևաբար չափազանց կարևոր են արտանետվող գազերի զտումն ու քանակների սահմանափակումը:
Մթնոլորտի` մասնավորապես մթնոլորտում եղած ջերմոցային գազերի շնորհիվ է, տեղի է ունենում ջերմոցային էֆետկը: Այս առումով մթնոլորտը երկրագնդի համար կատարումէ վերմակի դեր


0 Մեկնաբանություն:

Отправить комментарий