Հողերի աղտոտումը արտադրական
թափոններով: Օդի և ջրի նման հողը ևս ենթակա է
աղտոտման: Դրա աղտոտման աղբյուրներից մեկը մթնոլորտն է: Մթնոլորտի վնասակար խառուրդները
նստում են հողի մակերեսին, թափանցում են գրունտային ջրերի մեջ, իսկ դրանց մի մասն էլ
փոշու ձևով վերադառնում է մթնոլորտ:
Հողի աղտոտման աղբյուրներն են նաև մետաղաձուլական գործարանների,
նավթարդյունաբերական և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները: Նման աղտոտումները
տարածվում են հսկայական տարածությունների վրա և նկատվում են երկրագնդի ամենահեռավոր
վայրերում: Ընդ որում հողի մակերեսային բերրի շերտում կարող են կուտակվել մանգանի,
քրոմի, պղնձի, կոբալտի, նիկելի և կապարի վտանգավոր միացություններ, ինչը 20 – 50%-ով
իջեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը:
Հողերի աղտոտումը ռադիոակտիվ
նյութերով: 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած
առաջացավ ռադիոակտիվ տարրերով հողի աղտոտման իրական վտանգ: Ռադիոակտիվ նյութերը կարող
են թափանցել հող և կուտակվել այնտեղ ատոմային պայթյուններից հետո տեղումների արդյունքում:
Տեղ-տեղ հողը կարող է աղտոտվել ատոմային էլեկտրակայանների և այլ ձեռնարկությունների
թափոնների ռադիոակտիվ տարրերով:
Հողի աղտոտումը պեստիցիդներով: Պեստիցիդները քիմիական միացությունների խումբ են, որոնք կիրառվում
են մարդու համար անցանկալի օրգանիզմները ոչնչացնելու կամ դրանց թվաքանակը կրճատելու
նպատակով: Այս քիմիկատներից ոչ մեկ օժտված չէ բացարձակ ընտրողականությամբ այն օրգանիզմի
նկատմամբ, որի դեմ կիրառվում է: Այդ բոլոր միացությունները օտար են բոլոր օրգանիզմների
և, ընդհանրապես, կենսոլորտի համար:
Ժամականակակից գյուղատնտեսությունը չի կարող չկիրառել պեստիցիդներ,
քանի որ դրանց բացակայության դեպքում բերքի մեծ կորուստներ ունենալու վտանգ է առաջանում:
Հետևաբար, պեստիցիդներն անհրաժեշտ է կիրառել մեծ զգուշությամբ և պետք է կարողանալ կանխագուշակել
կենդանի օրգանիզմների, էկոլոգիական համակարգերի և մարդու վրա դրանց ունեցած բացասական
ազդեցության հնարավոր էկոլոգիական հետևանքները:
Պարարտանյութերի օգտագործումը: Աշխարհում ներկայումս տարեկան կտրվածքով արտադրվում է շուրջ 200
մլն տ հանքային պարարտանյութ, կամ 1 շնչին մոտավորապես 40 կգ: Սակայն այդ պարարտանյութերի
կիրառումից սպասվող ցանկալի արդյունքին հասնելու համար անհրաժեշտ է ավելացնել մինչև
500 մլն տ, ինչը կկազմի մոտ 90 կգ 1 շնչին մեկ տարվա ընթացքում:
Հանքային պարարտանյութերով հողի պարարտացումը ինտենսիվ հողագործության
անխուսափելի հետևանք է: Առանց պարարտանյութերի գյուղատնտեսական արտադրանքը խիստ կնվազի,
ինչն անխուսափելիորեն կբերի ծանր սոցիալական հետևանքների: Սակայն անհրաժեշտ է հաշվի
առնել և այն էկոլոգիական հետևանքները, որոնք ծագում են հանքային պարարտանյութերի
կիրառման ժամանակ:
Հանքային պարարտանյութերի օգտագործման կաննոների խախտման դեպքում
մեծանում է հողի թթվայնությունը, փոխվում է հողային օրգանիզմների տեսակային կազմը,
խախտվում է նյութերի շրջապտույտը, քայքայվում է հողի կառուցվածքը: Արդյունքում հողի
բերրիությունը ընկնում է: Պարարտանյութերը բացասաբար են ազդում ոչ միայն հողի, այլև
մթնոլորտի և ջրային էկոհամակարգերի վրա:
Մարդու և կենդանիների առողջության վրա բացասաբար են ազդում պարարտանյութերի
բոլոր խմբերը, մասնավորապես քլոր պարունակող և ֆոսֆորական պարարտանյութերը:
Этот комментарий был удален администратором блога.
ОтветитьУдалить