2025/06/30

Ստեփանավանյան եռօրյա ճամբարի ամփոփում

 

 

Յուրաքանչյուր ուսումնական տարին ունի իր ձեռքբերումները, և այս ուսումնական տարվա կարևոր ձեռքբերումներից էր Պուշկինո գյուղի բացահայտումը։
Պուշկինոն գտնվում է Ստեփանավան քաղաքի
 հարավ-արևմուտքում և աչքի է ընկնում իր գողտրիկությամբ, մեղմ կլիմայով ու հիասքանչ բնապատկերներով։ Գյուղը շրջապատված է կանաչապատ բլուրներով, բացատներով և փարթամ անտառներով, որոնք գրավում են այցելուների ուշադրությունը և ստեղծում հանգստի համար իդեալական միջավայր։ Գյուղի մասին տեղեկանալով՝ մենք որոշեցինք այն ընդգրկել մեր այս տարվա ուսումնահայրենագիտական ծրագրում, քանի որ այն հնարավորություն էր տալիս սովորողներին տեսնել ու զգալ բնության իրական հմայքը, բացահայտել Լոռվա մարզի կենսաբազմազանությունը և էկոտուրզմի զարգացման հնարավորությունները։ 
Մոտ մեկ ամիս առաջ մեր խմբի մի մասը այցելել էր Լոռվա արևելյան հատված, որտեղ ականատես եղանք մարդ-բնություն հարաբերությունների բացասական հետևանքներին՝ հանքարդյունաբերության ազդեցությամբ առաջացած բնապահպանական խնդիրներին։ Այս անգամ նպատակ ունեինք Լոռվա մարզը բացահայտել դրական, ավելի բնական ու անաղարտ կողմերից։ Մարզի արևմտյան հատվածը համեմատաբար քիչ է ենթարկվել մարդու միջամտությանը, ուստի մեզ համար սա եղավ յուրահատուկ հնարավորություն տեսնելու, թե ինչպես է բնությունը զարգանում առանց մարդու կտրուկ միջամտության։

Ճամբարի առաջին օրը նախատեսված կանգառներից հետո մենք բարեհաջող հասանք Պուշկինո։ Սովորողները մեծ հետաքրքրությամբ շրջեցին գյուղի փողոցներով, ծանոթացան տեղի բնակիչների հետ, որոնք պատրաստակամորեն պատմեցին գյուղի պատմության, ավանդույթների և մշակույթի մասին։ Երեկոյան կազմակերպեցինք փոքրիկ քննարկում՝ ամփոփելով օրվա տպավորությունները և նախապատրաստվելով հաջորդ օրվա փորձությանը։

Երկրորդ օրը մեզ սպասվում էր բավականին մեծ փորձություն

պետք է հասնեինք Կուրթանի ձոր՝ Հնեվանք։ Այս անգամ որոշվեց ճանապարհն անցնել քայլելով՝ կտրել կիրճը և մոտիկից տեսնել բնության հարստությունը։ Ճանապարհը դժվար ու երբեմն վտանգավոր էր, բայց հենց դա էլ դարձնում էր մեր քայլարշավը ավելի հետաքրքիր։ Մենք շարժվում էինք նեղ արահետներով, անցնում քարքարոտ հատվածներով, լսում գետի ձայնը, որը ուղեկցում էր մեր ճանապարհը։ Սովորողները հնարավորություն ունեցան ուսումնասիրելու տեղական բուսական և կենդանական աշխարհը, նկարելու հետաքրքիր բույսեր ու հավաքելու տվյալներ հետագա դասերի համար։

Մոտ 8 կմ քայլելուց և ավելի քան երեք ժամ ծախսելուց հետո հասանք Հնեվանք։ Տպավորիչ վանքային համալիրի պատմությունը մենք քննարկեցինք հենց այնտեղ՝ վանքի պատերի կողքին նստած։ Սովորողները հարցեր տվեցին, լսեցին պատմական տեղեկություններ և գրառումներ կատարեցին իրենց տետրերում։

Վերադարձի ճանապարհին կանգ առանք Վարդաբլուրի հայտնի լճերի մոտ։ Այդ վայրում մենք ավելի երկար մնացինք, քանի որ լճերի հանդարտ ջուրը և անտառապատ լանջերը հանգստության ու խաղաղության զգացում էին փոխանցում։ Մի քանի սովորողներ ջրում նետեցին քարեր, մյուսները լուսանկարեցին բնությունը, իսկ մենք, որպես խմբավարներ, քննարկեցինք հաջորդ այցերի հնարավորությունները։

Ճամփորդության երրորդ օրը մեր խումբը վերադարձավ Դիլիջան–Սևան–Երևան երթուղով։ Այս օրն ավելի հանգիստ բնույթ ուներ։ Մենք կանգ առանք Սևանա լճի ափին, որտեղ սովորողները հնարավորություն ունեցան լողալու, խաղալու և վայելելու լճի սառնությունը։ 

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий