2014/01/13

20-րդ դարի խոշոր աղետները


Ժամանակակից աշխարհում, որտեղ օրեցօր ավելի արագ  զարգացող գիտությունն ու տեխնիկան անխուսափելի են դարձնում տեխնոլոգիական աղետներն ու արտադրական վթարները, որոնք երբ եմն իրենց հասցրած վնասների ծավալով բազմաթիվ անգամ գերազանցում են բնական աղետներին: Հատկապես շատ վտանգավոր են տարբեր արտադարամասերում տեղի ունեցող վթարները: Ինչպես ցույց տվեց անցած 20-րդ դարը ժամանակակից աշխարհը լի է պայթունավտանգ երևույթներով:  Հսկայական է նաև տրանսպորտային վթարների հասցրած վնասը, մանավանդ երբ խոսքը գնում է հսկայական նավթատարնավերի վթարման մասին:  





































Տեխնածին աղետներն առաջացել են նոր տեխնոլոգիաների հայտնաբերմանը զուգահեռ։ Նման պատահարներն այն անխուսափելի փոխհատուցումն են, որ մարդիկ ստիպված են վճարել տեխնոլոգիական առաջընթացի բարիքներից օգտվելու դիմաց։ ՄԱԿ-ի փաստաթղթերում տեխնածին աղետները դասակարգվում են երեք հիմնական խմբի. «արդյունաբերական» (քիմիական և ռադիացիոն վարակում, պայթյուններ, այլ պատճառներով ավերածություններ), «տրանսպորտային» (վթարներ օդում, ծովում, երկաթուղային ճանապարհներին) և «խառը» (տեղի են ունենում այլ օբյեկտներում)։  Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ տարերային աղետների շարքում զոհերի թվով տեխնածին աղետները զբաղեցնում են երրորդ տեղը։ Աղետների հետազոտությունների միջազգային կենտրոնի պատրաստած վիճակագրությունը վկայում է, որ 1970-ականների վերջից աշխարհում կտրուկ աճել է տարբեր տեխնածին աղետների թիվը։ Հատկապես հաճախակի են դարձել տրանսպորտային և առաջին հերթին՝ ծովային վթարները։ Ընդ որում, թեև Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներն ունեն ավելի զարգացած տրանսպորտային և արդյունաբերական ենթակառուցվածք, տեխնածին աղետներն ավելի շատ մարդկային կյանքեր են խլում Աֆրիկայում և Ասիայում։ Բրիտանացի հայտնի գիտնական Մարտին Ռիզը կարծում է, որ մարդկությունն ինքն իր համար գերեզման է փորում, քանզի տեխնիկական առաջընթացն անպայմանորեն հանգեցնում է նոր տեխնոլոգիական ռիսկերի առաջացման, որոնց առջև վաղ թե ուշ հասարակությունը կարող է լիովին անպաշտպան դառնալ։ 
Թունավորում սնդիկից
: 20-րդ դարի կեսերին ճապոնական Կյուսյու կղզու Մինամատա քաղաքի ձկնորսներն ականատես դարձան տարօրինակ մի երևույթի. կատուները ծովափից ընկնում էին ջուրը և խեղդվում։ Հետագայում պարզվեց, որ կենդանիները թունավոր ձուկ էին կերել, ինչն էլ ազդել էր նրանց նյարդային համակարգի վրա։ Ավելի ուշ՝ 1953 թվականին գրանցվեցին մարդկանց նմանատիպ հիվանդության առաջին դեպքերը։ Հիվանդներից շատերը մահացան, մյուսների մեջ առաջացան լսողության և տեսողության խանգարումներ, երեխաները ծնվում էին ֆիզիկական և մտավոր թերություններով։

Հետաքննությունը ցույց տվեց, որ ճապոնական «Չիսո կորպորեյշն» ընկերության քիմիական գործարանը Մինամատի ծովախորշ էր արտանետել սնդիկ պարունակող կեղտաջրեր։ Ընկերության ղեկավարությունը հերքեց գործարանի կեղտաջրերի և տեղի բնակչության հիվանդությունների միջև կապը։ Մահացու ջրերի արտանետումը շարունակվեց։ Երկրի ղեկավարությունը նախընտրեց չմիջամտել հարցին։
 

Տուժածներից շատերը դիմեցին դատարան։ Ամիսներ ձգձգված պարզաբանումների արդյունքում դատարանի վճռով պատասխանատվության ենթարկվեց ընկերության երկու ծառայող։
 
Պայթյուն քիմիական գործարանում
 
Շատերը գիտեն, թե ինչի հանգեցրեց Առաջին աշխարհամարտի տարիներին թունավոր գազի օգտագործումը, և դրա համար կասկածանքով են վերաբերվում քիմիական արդյունաբերությանը։ Դժբախտաբար, այդ մտավախություններն արդարացան, երբ 1921 թվականին Գերմանիայի քիմիական և նավթաքիմիական արդյունաբերության կենտրոն Լյուդվիգսհաֆենի մերձակայքում պայթեց արհեստական պարարտանյութեր արտադրող գործարանը։ Ավելի քան չորս տոննա նիտրատների պայթյունի զոհ դարձավ 500 հազար մարդ։ Պայթյունի ալիքը հողին հավասարեցրեց տասնյակ գյուղեր։
 
Պայթյուն պայթյունի հետևից: 1947 թվականին Տեխասի նավահանգիստներից մեկում տեղի ունեցան մի քանի պայթյուն և ուժեղ հրդեհ, որոնք դարձան ԱՄՆ-ի պատմության ամենամեծ աղետներից մեկը։ Նախ հրդեհ բռնկվեց պարարտանյութերով լեցուն նավի վրա։ Անձնակազմը, չկարողանալով սեփական ուժերով մարել կրակը, օգնության կանչեց հրշեջներին։ Բայց հանկարծ նավը պայթեց։ Ըստ ականատեսների՝ պայթյունի ալիքը նավի առանձին բեկորներ օդ բարձրացրեց մոտ հինգ հազար մետր։ Բեկորները հարվածեցին այդ պահին նավահանգստի վրայով թռչող երկու ինքնաթիռի, որոնք նույնպես բռնկվեցին ու պայթեցին։ Շուտով առաջին նավից կրակը տարածվեց մերձակա նավթի պահեստներ և քիմիական գործարան։ Պարարտանյութերով բեռնված մեկ այլ նավ, փորձելով դուրս գալ հրեղեն դժոխքից, բախվեց մի երրորդ նավի։ Հաշված րոպեներ անց երկու նավերն էլ արժանացան առաջինի ճակատագրին։

Վերջին պայթյունին ի հետևանք հրդեհ բռնկվեց նավահանգստի պահեստներից մեկում։ Իսկ կրակն արդեն ընդգրկեց քաղաքի մեկ երրորդը, շատ շինություններ ամբողջովին այրվեցին։ Պաշտոնական տվյալներով զոհվեց 561 մարդ, ավելի քան երեք հազարը ստացան վնասվածքներ։ Նյութական վնասը գերազանցեց մեկ միլիարդ դոլարը։
 

1948 թվականին Լյուդվիգսհաֆենի մերձակայքում կրկին տեղի ունեցավ ուժեղ պայթյուն։ Ինչպես հայտնի դարձավ հետագայում՝ արտահոսել էր 30 տոննա թունավոր գազ։ Այս անգամ քիմիական հերթական աղետին զոհ գնաց 200 մարդ, տուժեց ավելի քան երեք հազարը։
 
Առաջին ատոմային վթարը:
 Ատոմային էներգետիկայի պատմության մեջ առաջին ատոմային վթարը տեղի ունեցավ 1957 թվականին Անգլիայի քաղաքներից մեկում, որն այսօր կոչվում է Սելլեֆիլդ։ Ատոմային ռեակտորում բռնկված հրդեհը չհաջողվեց մարել շուրջ 16 ժամ։ Վթարի հետևանքով ռադիոակտիվ վարակման ենթարկվեց 500 քառակուսի կլիոմետր տարածք։ Ստացված ճառագայթումից մահացավ 33 մարդ։ Ոստիկաններն ու հրշեջներն անհավատալի ջանքեր գործադրեցին հրդեհը մարելու և աղետը կանխելու համար։ Պատահարի մանրամասները հայտնի դարձան միայն 30 տարի անց։ 
Սնդիկն օվկիանոսում:
 1971 թվականին Ուրուգվայի ափերի մոտ խորտակվեց 25 տոննա սնդիկ տեղափոխող «Տագնարի» նավը։ Չնայած վտանգավոր բեռի առկայությանը՝ որոշվեց նավը չբարձրացնել օվկիանոսի հատակից, քանի որ փրկարար գործողությունները բավական մեծ գումար էին պահանջում։ Բացի այդ, փորձագետների եզրակացությամբ նման խորության վրա թունավոր նյութը վտանգավոր չէր, ուստի սնդիկը թողեցին ճակատագրի քմահաճույքին։ 1978-ին տեղի ունեցավ սնդիկի տարաների ապահերմետիկացում, որի հետևանքով տարահանվեց մի քանի գյուղ։ Ալիքներն ափ հանեցին հազարավոր սատկած ծովային կենդանիների։ Անզգուշորեն թունավոր ձուկ կերած մարդիկ մահացան տանջալլուկ մահով։ Մինչ այսօր ծովի թունավորված հատվածը և մերձակա ափը փակ տարածքներ են համարվում։ 
Մահացու գազ:
 1984 թվականի դեկտեմբերի երեքի գիշերը Հնդկաստանի Բհոպալ քաղաքում տեղի ունեցավ 42 տոննա թունավոր գազի արտահոսք։ Շատ արագ տարածվելով՝ գազը թափանցեց բնակելի տներ՝ մարդկանց մեջ առաջացնելով շնչուղիների, մաշկի և աչքերի այրվածքներ։ Վթարի զոհ դարձավ 2500 մարդ, հարյուր հազարավոր մարդիկ կուրացան կամ ստացան ծանր վնասվածքներ։ Ամիսներ անց նրանցից շատերը մահացան։

Բազմաթիվ հետազոտությունները չօգնեցին բացահայտել քիմիական գործարանում տեղի ունեցած պատահարի պատճառները։ Վթարի պահին ձեռնարկությունը գտնվում էր ֆինանսական խոր ճգնաժամում, մասնագետներից շատերը հեռացված էին գործարանից։ Այդպես էլ անհայտ մնաց՝ որն էր գազի արտահոսքի պատճառը՝ տեխնիկական անսարքությու՞նը, թե՞ մարդկային անփութությունը։
 

Գաղտնիքով պարուրված աղետ
 : 1992 թվականի հոկտեմբերի 4-ին Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամի բնակելի թաղամասերից մեկի վրա ընկավ բեռնատար մի ինքնաթիռ՝ տանելով 43 մարդու կյանք։ Վնասված տները վաղուց քանդել են, բայց աղետի հետևանքները զգացվում են նաև այսօր։ Ինքնաթիռի ընկնելուց հետո շատացել են տարբեր ֆիզիկական թերություններով երեխաներ ծնվելու դեպքերը։ Հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ էր տեղափոխում վթարի ենթարկված ինքնաթիռը։ Տուժածներից շատերը պատմում են, որ աղետից հետո գիշերվա քողի տակ սպիտակ զգեստներով և դիմակներով մարդիկ զննում էին դեպքի վայրը, ինչ-որ բան տեղադրում արկղերում և տեղափոխում։ Ինքնաթիռի այսպես կոչված սև արկղը և բոլոր փաստաթղթերն անհետ կորել էին։ 
Վերջերս նոր տեխնոլոգիաները և դրանց հետ կապված տեխնածին աղետները կարծես հետ են մղել այլ բնույթի արտակարգ իրավիճակները։ Թվում է` նախորդ դարերում մարդկանց մեջ սարսափ առաջացնող համաճարակներն այլևս չեն կարող լուրջ սպառնալիք լինել։ Սակայն չնայած նորագույն արդյունավետ դեղամիջոցների կիրառմանը և պատվաստումների համատարած իրականացմանը` աշխարհի տարբեր երկրներում պարբերաբար բռնկվում են վարակիչ հիվանդությունների համաճարակներ` մալարիա, խոլերա, տիֆ, իսկ այսօր նաև թռչնագրիպ։

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий