Հայաստանի տարածքում հասարակություն-բնություն փոխհարաբերությունների մեջ նոր շրջան ստեղծվեց խորհրդային կարգեր հաստատվելուց հետո: 20-րդ դարի երկրորդ տասնամյակից հետո սկսվեց Հայաստանի տնտեսության վերականգնումը` հատկապես արդյունաբերականացումը, միաժամանակ զարկ տրվեց նաև նյութական ոլորտի մյուս ճյուղի` գյուղատնտեսության զարգացմանը: Այս երկու ոլորտների բուռն զարգացման արդյունքում ավելացավ մարդու ներգործությունը բնական միջավայրի վրա: Այսպես շրջակա միջավայրի վրա մեծ ազդեցություն ունեցող պղնձաձուլությունը հասավ նախապատերազմյան մակարդակի 55 %-ին: Մետաղամշակումը, անտառասղոցումն ու փայտամշակումը և կաշվի արտադրույթունը իրենց համախառն արտադրանքները ավելացրեցին 2-ից մինչև 9 անգամ: Քառապատկվեց էլեկտարէներգիայի արտադրությունը, շահագործման հանձնվեցին Երևանի և Գյումրիի ՋրԷկ-ները:
Այս տարիներին դրվեց քիմիական, տեքստիլ և շինանյութերի արդյունաբերության հիմքը, Ալավերդիում ստեղծվեց կարբիդի կալցիումի արտադրություն, սկսեցին արտադրանք տալ Անիպեմզայի հանքը, որմանքարերի և տեղական մածող նյութերի մի քանի ձեռնարկություններ: Կառուցվեցին Երևանի և Վանաձորի քիմիական գործարանները: Գործարանների շարք մտան նաև պղնձարջասպի գործարանը Ալավերդիում, ցեմենտի գործարանը Արարատում և Հրազդանում, տուֆի մեքենայացված հանքերը Արթիկում: Այդ տարիներին վերականգնվեցին, վերակառուցվեցին և նոր կառուցվեցին թվով 200 արդյունաբերական ձեռնարկություններ: Գործարկվեցին մի շարք ջրաէլեկտրակայաններ, այդ թվում Ձորագետի և Քանաքեռի Ջրէկ-ները, որոնցից խոշորների թիվը ներկայումս գերազանցում է 20-ը: Նոր թափ ստացավ ջրատեխնիկական շինարարությունը: Սկսվեց Սևանա լճի ջրերի համալիրային օգտագործման ծրագրի իրագործումը: Սևան-Հրազդան կասկադի էլեկտրակայանների կառուցման հետ մեկտեղ ծավալվեցին նոր ջրանցքների շինարարության և Արարատյան դաշտի ոռոգման աշխատանքները: 1988 թ. Հայաստանում գործում էին 713 արդյունաբերական խոշոր ձեռնարկություններ: Այս տարիների ընթացքում զարկ տրվեցին արդյունաբերության բոլոր տեսակների զարգացմանը` հնարավորինս հենվելով երկրի ներքին` սեփական ռեսուրսների վրա:
Հատկապես զարգացան լեռնահանքային արդյունաբերությունը և ջրաէլեկտրա-էներգետիկ տնտեսությունը: ԽՍՀՄ շուրջ 70 տարիների ընթացքում տեղի բնական ռեսուրսների լայնորեն օգտագործման և ԽՍՀՄ մյուս հանրապետություններից ներմուծվող հսկայական քանակությամբ հումքատեսակների բազայի վրա, երկրում ստեղծվեց բազմաճյուղ արդյունաբերություն, մեքենայացված գյուղատնտեսություն, բազմաճյուղ տրնասպորտ և շինարարական տնտեսություն: Բնօգտագործման նյութական ոլորտի նմանատիպ զարգացումը բացասաբար ազդեց շրջակա միջավայրի վրա: Տնտեսության և մասնավորապես այս ճյուղերի աճը դանդաղեց Խորհդրային Միության փլուզումից հետո, որի արդյունքում որոշ չափով նվազեց շրջակա միջավայրի վրա մարդածին ազդեցության ուժգնությունը, երբ ՀՀ ենթարկվեց տնտեսական շրջափակման, փակվեցին բազմաթիվ ձեռնարկություններ, իսկ մյուսներն էլ շարունակեցին աշխատել մասնակի հզորությամբ: 90-ական թվականների տնտեսական ճգնաժամից դուրս գալուց հետո սկսեց վերականգնվել ՀՀ արդյունաբերությունը` իր բոլոր բնապահպանական բացասական հետևանքներով: Մեծ արագությամբ զարգացավ ՀՀ հանքարդյունաբերության ոլորտը, որն ինչպես հայտնի է շրջակա միջավայրի աղտոտման ամենավտանգավոր աղբյուրներից է: Այս տարերային զարգացումը` առանց բնապահպանության ոլորտին պատշաճ ուշադրություն դարձնելու, հանգեցրեց էկոլոգիական մի շարք հիմնախնդիրների: Այդպիսին էին հողերի աղտոտման վտանգի ավելացումը, ջրային ռեսուրսների աղտոտումը, մթնոլորտային ավազանի աղտոտումը: ՀՀ տարածքում տարածված պղնձամոլիբդենային հանքավայրերի շահագործումից առաջացած պոչանքները շարունակվեցին նետվել շրջակա միջավայր: Վերջինիս հետևանքով ՀՀ տարածքում ստեղծվել են թվով 19 պոչամբարներ, որի պատճառով որակական սպառման վտանգի տակ են Ողջի և Դեբեդ գետերը ու հարակից տարածքների գյուղատնտեսական հողահանդակները: Լեռնահանքային արդյունաբերության ճյուղի պատճառով նաև շրջանառությունից դուրս են գալիս գյուղատնտեսական նշանակության հողեր: ՀՀ ընդերքի մյուս ռեսուրսների` շինանյութերի օգտագործման նույնպես գյուղատնտեսական շրջանառությունից դուրս են մնում հազարավոր հեկտար հողակտորներ: Ընդհանուր առմամբ հանրապետության ամբողջ տարածքում տուֆաքարերի ու լքված հանքավայրերի տակ գտնվում են 6,5-7,0 հազար հա սևահողային տարածություն: Ընդերքօգտագործման հետևանքով ՀՀ տարածքում հրատապ հիմնախնդիր է ներկայացնում թափոնների բնապահպանական հետևանքերի ուսումասիրումը:
Այսպես, Սևանա լճի ջրային դարավոր պաշարների ոռոգչաէներգետիկ նպատակներով օգտագործելու հետևանքով Սևանա լիճը հայտնվեց էկոլոգիական աղետի առջև` կրճատվեցին ձկնային պաշարները և տեսակները, ափամերձ շրջաններում նկատվեցին ճահճացման երևույթներ, իսկ շրջակա բնակավայրերից բաց թողնվող հոսքաջրերը ավելի սրեցին լճի էկոլոգիական վիճակը: Ջրային ռեսուրսների հետ կապված է մյուս վտանգը արդյունաբերական հոսքաջրերի գետերի մեջ թափվելու հետ: Այս առումով վտանգված են համարվում Դեբեդ և Ողջի գետերը, որոնք թունավորված են տարբեր տեսակի քիմիական նյութերով: ՀՀ տարածքի օգտագործմամբ առաջացած մյուս էկոլոգիական հիմնախնդիրը համարվում է անտառների պահպանությունը: Ներկայումս ՀՀ անտառածածկ տարածքների տակ գտնվում են 334100 հա հողեր: Եղած անտառները ունեն հողապաշտպան, ջրապաշտպան, կլիմայապաշտպան, ռեկրեացիոն նշանակություն: Նման պայմաններում դրանց պահպանությունը համարվում է հրատապ: Ընդհանուր առմամբ ՀՀ-ում էկոլոգիական բնույթի հիմնախնդիրներ են առաջացնում բնօգտագործման երկու տեսակները` արդյունաբերական և գյուղատնտեսական:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий