2026/01/29

Հունվար-Ամփոփում

Հունվար ամիսը բավականին արդյունավետ ստացվեց, քանի որ այս ընթացքում հնարավոր եղավ մի շարք կարևոր գործառույթներ իրականացնել։

Ձմեռային ճամբարի շրջանակներում իրականացվեց աշխատարանային ճամբարը, որն այս անգամ նորություն էր․ ճամբարի կազմակերպման այս ձևի առավելությունների ու թերությունների մասին նշել եմ ճամբարի ամփոփիչ հրապարակման մեջ։

Շարունակելով համագործակցությունը «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» հետ՝ հունվարի 18-20-ը կազմակերպել ենք եռօրյա ճամբար։

Չնայած հունվարյան գործունեությունը գրեթե ամբողջովին հագեցած էր ճամբարային ծրագրով, սակայն բավականին լավ աշխատանք է իրականացվել նաև հետազոտական ուղղությամբ։ Մասնավորապես՝ 12-րդ դասարանի սովորողներ Էմիլ Դանիելյանը, Աշոտ Հովեյանը և Ֆելիքս Մանուկյանը պատրաստվում են պաշտպանության։

Հեռավար աշխատանքների շրջանակներում հասցրել եմ աշխատել ընդհանուր առմամբ 8 սովորողի հետ, որոնցից 5-ը՝ 9-րդ դասարանի, մեկը՝ 10-րդ, ևս երկու հոգի՝ 11-րդ դասարանի։

Հունվարին նաև հնարավորություն եղավ 12-րդ դասարանցիներին ուղղորդելու «Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակներում, ովքեր իրենց կրտսեր ընկերների համար հետաքրքիր ինտելեկտուալ խաղեր կազմակերպեցին։

«Քրոնոս» գիտակների ակումբի կողմից էլ տրվեց ինտելեկտուալ թիմային խաղերի ձմեռային մրցաշարի մեկնարկը։

2026/01/27

Ձմեռային ճամբարի ամփոփում


2026 թվականին ձմեռային ճամբարը բավականին երկար քննարկումներից հետո ստացավ «աշխատարանների ճամբարի» կառուցվածք։ Քանի որ աշխատարանի գործունեության հիմնական ուղղությունը ինտելեկտուալ-զարգացնող խաղերն էին, ուստի, ի սկզբանե ծանոթանալով սովորողների խմբի ունակություններին ու հնարավորություններին, ձեռնամուխ եղանք նշված ճամբարային ծրագրի իրականացմանը։

Նախ և առաջ փորձարկեցինք մի քանի տեսակի նոր խաղեր։ Հատկապես «Խաչվող ուղիներ» ձևաչափը բավականին ստացված համարվեց կրտսեր տարիքի սովորողների համար, որի փորձարկումն արդեն իրականացվեց 12-րդ դասարանի սովորողների կողմից՝ «Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակներում։ Որոշակի բարդություններ, հատկապես հարցերի բովանդակային մասով, եղան «Թույլ օղակ» խաղի փորձարկման ժամանակ. հեռուստատեսային տարբերակը դեռևս կիրառելի չէ։ Դեռևս նախորդ տարի սովորողների հավանությանն արժանացած «Հրաշալի քսանյակ» խաղային ձևաչափը շատ դուր եկավ նաև 9-րդ դասարանցիներին։

Ամբողջ ճամբարի ընթացքում մոտ մեկ տասնյակ սովորողների ջոկատներ այցելեցին մեր աշխատարան, իսկ խաղերը սկզբից մինչև վերջ կազմակերպեցին ու անցկացրին սովորողները։ Սովորաբար այս խաղը վարելու ու տեխնիկական սպասարկում իրականացնելու համար 3-4 մասնակից է պետք, ուստի կազմակերպված հերթափոխի շնորհիվ աշխատարանում ընդգրկված գրեթե բոլոր մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց ներդրումն ունենալու այս հարցում։

Ելնելով սովորողների հետ քննարկումից՝ կարիք եղավ ևս մեկ ինտելեկտուալ խաղային ձևաչափի կազմակերպման, որն ավելի ինտերակտիվ է և իրականացվում է բջջային հավելվածով, որի օրինակը սիրով ներկայացնում եմ ընթերցողին։ Ձմեռային ճամբարի ընթացքում հնարավորություն եղավ նաև եռօրյա ուսումնական ճամբար կազմակերպել Ուրցաձորի բնապահպանական կենտրոնում։

Էլ ի՞նչ ճամբար առանց խոհանոցի․․․ Այս անգամ խոհանոցում պատրաստում էին բոլորը (լավ, գրեթե բոլորը), իսկ ուտեստների ու ըմպելիքների տեսականին ուղղակի զարմացնող էր։

Բացի ուղեղը մարզելուց՝ չմոռացանք նաև մարզել մեր մարմինները, քանի որ լիարժեք մարզումներ ունեցանք մարմնամարզության դահլիճում, իսկ ճամբարային գործունեության վերջին շաբաթվա ընթացքում պատվով ընդունեցինք մեզ նետված վոլեյբոլային մենամարտը։

Ամփոփելով ձմեռային ճամբարը՝ կարող եմ ասել, որ գրեթե հասանք մեր առջև դրված բոլոր նպատակներին՝ փորձարկեցինք մի քանի խաղային մոդելներ, ստեղծեցինք նոր ինտելեկտուալ խաղային ձևաչափեր, այլ սովորողների համար կազմակերպեցինք խաղեր, տարածեցինք ինտելեկտուալ շարժումը կրթահամալիրում։

Իհարկե, կան նաև չկատարված կամ կիսատ մնացած նպատակներ, մասնավորապես՝ սովորողների մոտ այս փուլում չի ստացվում լիարժեք հարցաշարերի կազմումը։ Աշխատարանում կային սովորողներ, որոնք բացարձակ գաղափար չունեին աշխատարանի գործունեության մասին և, կարելի է ասել, ոչինչ չարեցին։ Կցանկանայի, որ ինտելեկտուալ խաղերի փորձարկումը (կամ պարապմունքը) դասացուցակի պես ընդգրկված լիներ բոլոր աշխատարաններում, իսկ ինտելեկտուալ խաղերի աշխատարանում լինեին ընդգրկված թեկուզ քիչ, բայց իրապես խաղերի կազմակերպմամբ հետաքրքրվող սովորողներ։ Ի վերջո, ճամբարային գործունեության վերջում՝ սովորողների հետ կլոր սեղան-քննարկման ժամանակ, սովորողների մեծ մասը կողմ էր ճամբարի կազմակերպման ջոկատային սկզբունքին, իսկ ինտելեկտուալ խաղերը կարելի է դարձնել բոլոր ջոկատների համար գործունեության ուղղություններից մեկը։

 


Եռօրյա ճամբարի ամփոփում

Վերջին երկու տարիների ընթացքում արդեն յոթերորդ անգամ եմ կազմակերպում ուսումնական եռօրյա ճամբար «Ուրցաձորի կովկասյան կենսաբազմազանության պահպանման կենտրոնում»: Այս անգամ խիստ ձմեռային պայմանները ու լիովին քուն մտած արջերը փոքր-ինչ կիսատ թողեցին ավանդական դարձած ծրագիրը, բայց մենք փոխարենը այլ ուսումնական գործընթացով լրացրինք այն։

Մինչ ճամբար մեկնելը պարզեցի, որ սովորողների մեծ մասը առաջին անգամ է լինելու ճամբարում, ուստի նախապատրաստական փուլը անցավ «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» գործունեության հետ ծանոթացումով, որից հետո ներկայացվեց նաև ճամբարի տեղանքը։

Եռօրյա ճամբարի ընթացում լիարժեքորեն օգտագործվեցին աշխատարանի գործունեությամբ որոշված անելիքները։ Մասնավորապես՝ փորձարկվեցին ամենատարբեր ինտելեկտուալ խաղային ձևաչափեր, ինչպես նաև աշխատանք է իրականացվել սովորողների կողմից խաղերի կազմման վրա։ Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել սովորողների կողմից տարբեր խաղերի վարման խնդիրների վրա։

Եռօրյա ճամբարը լավ հնարավորություն էր նաև ճանաչելու մինչ այդ ինձ անծանոթ սովորողներին ասեմ, որ այս առումով էլ ճամբարը բավականին ստացված էր։ Ճամբարային գործունեության իրականացումը անհնար կլիներ առանց գործընկերոջս՝ Լուսինե Խաչոյանի ակտիվ ջանքերի հատուկ շնորհակալություն նրան։ Նա և՛ իմ, և՛ սովորողների համար շատ հաճելի բացահայտում էր:


2026/01/15

Եռօրյա ճամբարի ծրագիր

 


Ճամբարի նպատակները


 

1.        Ծանոթացում կեսնաբազմազանության պահպանման կենտրոնի գործունեությանը,

2.        Տարածքի հայրենագիտության ուսումնասիրություն,

3.        էկոտուրիզմի զարգացման հնարավորության ուսումնասիրություն,

4.        էկոտուր 2026-ի շրջանակներում անելիքների քննարկում,

5.        Ուսումնական ֆիլմերի դիտում, քննարկում,

6.        «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի հետ համագործակցության ամրապնդում։

7.        «Քրոնոս» Գիտակների ակումբի ինտելեկտուալ խաղերի կազմում և փորձարկում

 

Օր առաջին-18.01.2026

10:00-մեկնում Մայր դպրոցից
11:30-Կանգառ Խոր Վիրապում
13։30- ժամանում ճամբարի վայր
14։00-Ճաշ
14։30-17։00 ծանոթացում «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահապանության հիմնադրամի» գործունեությանը, բաց դասեր, ինտերակտիվ խաղեր։ 

19:00-19:30 ընթրիք 20:00-22:00 «Վայրի առևտուր» ֆիլմի դիտում, քննարկում
 22:00-23:00 օրվա ամփոփում
23:00-ից քուն

 

Օր երկրորդ 19.01.2026

 8:30-9:00 վերկաց
9:00-9:30 նախավարժանք
9:30-10:00 նախաճաշ
10:00-13:00 Քայլարշավ էկոկենտրոնի տարածքում, այցելություններ կենդանիների ապաստարաններ, այցելություններ ջերմոցներ
14:00-14:30 ճաշ
15:00-17:00 կամավորական աշխատանք կեսնաբազմազանության պահպանման կենտրոնում
17:00-19:00 կլոր սեղան քննարկումներ «էկոտուր 2026»-ի գործունեության շրջանակներում
19:00-19:30- ընթրիք 20:00-22:00 «Սևան Էկովեթինգ» ֆիլմի դիտում, քննարկում

 

Օր երրորդ 20.10.2024

 

8:30-9:00 վերկաց
9:00-9:30 նախավարժանք
9:30-10:00 նախաճաշ
10:00-12:00 Ճամբարային գործունեության ամփոփում, ճամբարային գոտու հանձնում։ 
13:00 ճաշ

14:00 վերադարձ 

 

Ծրագիր իրականացվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր և «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամի համագործակցության արդյունքում։

 

Ճամբարի մասնակցության արժեքը 8000 դրամ յուրաքանչյուր սովորողի հաշվարկով։

 Գիշերակացը տրամադրվում է Ուրցաձորի կեսնաբազմազանության պահպանման կենտրոնի կողմից, տրանսպորատային ծախսերը՝ կրթահամալիրի մասնակի աջակցությամբ սնունդը ՝ ծնողների աջակցությամբ։

 Պատասխանատուներ` Էմանուել Ագջոյան, Լուսինե Խաչոյան

Մասնակից սովորողներ

  1. Կալպակյան Գայանե, 11-րդ դասարան
  2. Օսպիյան Սոֆյա, 11-րդ դասարան
  3. Գալստյան Ալբերտ, 11-րդ դասարան
  4. Սաղաթելյան Աննա, 11-րդ դասարան
  5. Հակոբյան Նարինե, 11-րդ դասարան
  6. Ասադուրյան Դիոն, 11-րդ դասարան
  7. Աթայան Ռոբերտ, 11-րդ դասարան
  8. Եղիկյան Նարե¸11-րդ դասարան
  9. Զոհրաբյան Լիլի, 11-րդ դասարան
  10. Պետրոսյան Մելանյա, 11-րդ դասարան
  11. Քեքեջյան Մելանյա, 11-րդ դասարան
  12. Կարսեցյան Արեն, 11-րդ դասարան
  13. Ղալեչյան Վահե, 11-րդ դասարան
  14. Վաղոյան Հայկ, 11-րդ դասարան
  15. Մնացականյան Նարեկ, 12-րդ դասարան
  16. Վահանյան Ալեքս, 12-րդ դասարան
  17. Դանիելյան Էմիլ, 12-րդ դասարան
  18. Խաչատրյան Էդուարդ, 12-րդ դասարան
  19. Գրիգորյան Նարեկ, Եվրասիա քոլեջ