2026 թվականին ձմեռային ճամբարը բավականին երկար քննարկումներից հետո ստացավ «աշխատարանների ճամբարի» կառուցվածք։ Քանի որ աշխատարանի գործունեության հիմնական ուղղությունը ինտելեկտուալ-զարգացնող խաղերն էին, ուստի, ի սկզբանե ծանոթանալով սովորողների խմբի ունակություններին ու հնարավորություններին, ձեռնամուխ եղանք նշված ճամբարային ծրագրի իրականացմանը։
Նախ և առաջ փորձարկեցինք մի քանի տեսակի նոր խաղեր։
Հատկապես «Խաչվող ուղիներ»
ձևաչափը բավականին ստացված համարվեց կրտսեր տարիքի սովորողների համար, որի
փորձարկումն արդեն իրականացվեց 12-րդ դասարանի սովորողների կողմից՝
«Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակներում։ Որոշակի բարդություններ, հատկապես
հարցերի բովանդակային մասով, եղան «Թույլ օղակ» խաղի փորձարկման ժամանակ.
հեռուստատեսային տարբերակը դեռևս կիրառելի չէ։ Դեռևս նախորդ տարի սովորողների
հավանությանն արժանացած «Հրաշալի
քսանյակ» խաղային ձևաչափը շատ դուր եկավ նաև 9-րդ դասարանցիներին։
Ամբողջ ճամբարի ընթացքում մոտ մեկ տասնյակ սովորողների
ջոկատներ այցելեցին մեր աշխատարան, իսկ խաղերը սկզբից մինչև վերջ կազմակերպեցին ու
անցկացրին սովորողները։ Սովորաբար այս խաղը վարելու ու տեխնիկական սպասարկում
իրականացնելու համար 3-4 մասնակից է պետք, ուստի կազմակերպված հերթափոխի շնորհիվ
աշխատարանում ընդգրկված գրեթե բոլոր մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց
ներդրումն ունենալու այս հարցում։
Ելնելով սովորողների հետ քննարկումից՝ կարիք եղավ ևս մեկ
ինտելեկտուալ խաղային ձևաչափի կազմակերպման, որն ավելի ինտերակտիվ է և
իրականացվում է բջջային հավելվածով, որի օրինակը սիրով ներկայացնում եմ ընթերցողին։ Ձմեռային ճամբարի
ընթացքում հնարավորություն եղավ նաև եռօրյա ուսումնական ճամբար կազմակերպել
Ուրցաձորի բնապահպանական կենտրոնում։
Էլ ի՞նչ ճամբար առանց խոհանոցի․․․ Այս անգամ խոհանոցում պատրաստում էին բոլորը (լավ, գրեթե բոլորը), իսկ ուտեստների ու ըմպելիքների տեսականին ուղղակի զարմացնող էր։
Բացի ուղեղը
մարզելուց՝ չմոռացանք նաև մարզել մեր մարմինները, քանի որ լիարժեք մարզումներ
ունեցանք մարմնամարզության դահլիճում, իսկ ճամբարային գործունեության վերջին
շաբաթվա ընթացքում պատվով ընդունեցինք մեզ նետված վոլեյբոլային մենամարտը։
Ամփոփելով
ձմեռային ճամբարը՝ կարող եմ ասել, որ գրեթե հասանք մեր առջև դրված բոլոր
նպատակներին՝ փորձարկեցինք մի քանի խաղային մոդելներ, ստեղծեցինք նոր ինտելեկտուալ
խաղային ձևաչափեր, այլ սովորողների համար կազմակերպեցինք խաղեր, տարածեցինք
ինտելեկտուալ շարժումը կրթահամալիրում։
Իհարկե, կան
նաև չկատարված կամ կիսատ մնացած նպատակներ, մասնավորապես՝ սովորողների մոտ այս
փուլում չի ստացվում լիարժեք հարցաշարերի կազմումը։ Աշխատարանում կային
սովորողներ, որոնք բացարձակ գաղափար չունեին աշխատարանի գործունեության մասին և,
կարելի է ասել, ոչինչ չարեցին։ Կցանկանայի, որ ինտելեկտուալ խաղերի փորձարկումը
(կամ պարապմունքը) դասացուցակի պես ընդգրկված լիներ բոլոր աշխատարաններում, իսկ
ինտելեկտուալ խաղերի աշխատարանում լինեին ընդգրկված թեկուզ քիչ, բայց իրապես
խաղերի կազմակերպմամբ հետաքրքրվող սովորողներ։ Ի վերջո, ճամբարային գործունեության
վերջում՝ սովորողների հետ կլոր սեղան-քննարկման ժամանակ, սովորողների մեծ մասը
կողմ էր ճամբարի կազմակերպման ջոկատային սկզբունքին, իսկ ինտելեկտուալ խաղերը
կարելի է դարձնել բոլոր ջոկատների համար գործունեության ուղղություններից մեկը։







0 Մեկնաբանություն:
Отправить комментарий