2017/04/19

Մեր քաղաքով հոսող գետը

Առանձին ուսումնասիրության արժանի է Հրազդանի հունի երևանյան հատվածը: Քաղաքի տարբեր ճանապարհներ միանգամից մի քանի րոպեում տանում են դեպի գետի կիրճը, որտեղ կարծես քաղաքի անմիջապես հարևանությամբ բոլորովին այլ աշխարհ է բացվում:
 Երբ ուսումնասիրում ենք աշխարհի մի շարք բնակավայրերի առաջացման ու զարգացման պատմությունը, ապա արձանագրում ենք, որ բազմաթիվ դեպքերում քաղաքները հիմնականում ձևավորվել են խոշոր գետերի ափերին, իսկ Երևանն էլ բացառություն չէ: Փորձեմ ասածս հիմնավորել պատմական փաստերով. պատմական հետազոտություններն ու պեղումները պարզել են, որ այս տարածաշրջանի հնագույն բնակատեղիներից մեկը՝ Շենգավիթ բնակավայրը, որը որպես այդպիսին ձևավորվել է դեռևս մ. թ. ա. 6-4-րդ հազարամյակներում, գտնվել է Երևանի հարավ-արևմտյան մասում՝ Հրազդան գետի ձախակողմյան ափին: Մի քանի հազարամյակ հետո ևս Հրազդանի հունի այս հատվածը կրկին վերագտնում է իր պատմական արժեքը, քանի որ գետից ոչ հեռու հիմնադրվում է նաև Էրեբունի ամրոցը, որի գոյության ստույգ ժամանակագրությունը արտահայտում են Կարմիր բլուրում կատարված պեղումները: Հիշտակման արժանի հաջորդ կառույցը՝ դեռևս 7-րդ դարից հիշատակվող Երևանի բերդն է, որ մի քանի դար շարունակ  կարևոր ռազմական,  ռազմավարական նշանակություն է ունեցել: Թերևս այս շարքը կարելի է էլի ու էլի շարունակել, սակայն այսքանն էլ բավական է, որպեսզի կատարենք հետևյալ պարզ եզրակացությունը, որ պատմական տարբեր ժամանակներում առաջացած այս բնակավայրերի այս տարածքում հայտնվելու ու զարգանալու վրա անուրանալի ազդեցություն է ունեցել մոտակայքով հոսող Հրազդանը:
 Նորագույն պատմության շրջանում էլ գետը չի կորցրել իր նշանակությունն ու մինչ օրս էլ
էապես նպաստել է իր ավազանում մի շարք հայտնի բնակավայրերի, ինչպես նաև միլիոնանոց Երևանի առաջացմանը՝  անմիջապես նպաստելով նրա զարգացմանը:
Երևանի և հարակից բնակավայրերի համար Հրազդան գետն ունի ոչ միայն ոռոգչական ու էներգետիկ նշանակություն, այլ նաև հանդիսանում է հսկայական, չօգտագործվող ռեկրեացիոն ռեսուրս, որի օգտագործումը պետք է դառնա նպատակակետ:
«Մեր քաղաքով հոսող գետը» նախագիծն ուղղված է Հրազդանի հունի երևանյան հատվածի մանրամասն ուսումասիրմանը, էկոլոգիական խնդիրների բարձրաձայնմանը, գետի հարակից տարածում մաքրման աշխատանքների իրականցմանը, ավազանում ապրողի ճանաչմանը:
Նախագծի ընթացքում նախօրոք մշակված կազմակերպելու ենք քայլարշավներ, որոնք հնարավորություն կտան ավելի մանրամասն ուսումնասիրել գետն ու ամենինչ տեսնել սեփական աչքերով:
Ուսումնական ճամփորդությունների հիմնական ուղղությունները:
Գետի հունին հակառակ՝ Արգավանդ գյուղից մինչև Բագրատունյանց փողոց: Երևանից դուրս գալուց հետո Արգավանդն առաջին բնակավայր է, որտեղով հոսում է Հրազդան գետը, այս աբողջ հատվածում, որը ձգվում է մոտ 4 կիլոմետր, անցնում է  Երևանի ամենահայտների երկու բլուրների՝ Կարմիր բլուրի ու Եռաբլուրի միջև՝ անընդհատ դիտակետում պահելով ինչպես Հրազդան գետն, այնպես էլ նրան զուգահեռ հոսող արհեստական ջրանցքները: Հունի այս հատվածը հարուստ է սառած լավային հոսքերից առաձացած ոչ խոշոր ժայռերով, որոնք ավելի հայտնի են «քարերի սիմֆոնիա» անվանմամբ:
 Արգավանդից մինչ Բագրատունյաց փողոց քայլելողին չեն կարող խիստ հակասական զգացողություններ չպատել, քանի որ ականատես ենք լինում մարդու և բնության հարաբերությունների տարբեր դրսևորումների, մի կողմից կանաչած ու ծաղկող այգիներ ու գետի ջրում լողացող ընտանի թռչունները են, մյուս կողմից՝ անհասկանալի արգելքներ ու պատնեշներ, ինչպես նաև լքված ու կիսավեր շինություններ: Գետը այս հատվածում բավականին վարար է՝ մանավանդ գարնան ամիսներին, ու հենց այդ հանգամանքով է պայմանավորված, որ տեղ-տեղ շատ են կենցաղային աղբի մնացորդները, որոնք այդքան աղավաղում են տեսարանը: Այս հատվածի վերջնամասում կարող ենք ականատես լինել երկու աներևակայելի տեսարանի, նախ՝ փոքր-ինչ բարձունքում հայտնվելով նկատվում են օձաձև ձգվող գետի գալարներն ու հրազդանյան այգեստանները, և, իհարկե, երևում է, թե ինչպես են մարդիկ դեռևս մի քանի դար առաջ գործող եղանակով ջուր մղում գետից:

Երևանյան լճի հատված: Երևանյան լիճը Հրազդան գետի վրա կառուցված հսկայական ջրամբար է, որը կառուցվել է այստեղ գոյություն ունեցած բնակավայրի՝ Նոր Կողբ գյուղի տարածքում: Չնայած որ ջրամբարի կառուցումն ուղղաված էր գետի հոսքը կարգավորելուն, ու հիմնական նպատակը չոր ժամանակահատվածում ոռոգում կազմակերպելն էր, ջրամբարը պետք է ունենար նաև ռեկրեացիոն նշանակություն:
Երևանյան լճի հատված կարելի մուտք գործել մի քանի ճանապարհով՝ քայլարշավ կազմակերպելով ինչպես գետի աջ, այնպես էլ ձախ ափին: Գետի այս հատվածում մշակող այգիները շատ քիչ են, դրանք ի հայտ են գալիս հունով մի փոքր ավելի վեր շարժվելուց հետո: Չնայած որ ջրամբարի հատվածը բնակավայերի անմիջապես հարևանությամբ չէ, սակայն էկոլոգիական խնդիրները այս հավածում ավելի քան արտահայտիչ են: Նախ և առաջ լճի բոլոր հատվածներում հսկայական են ամենատարբեր թափոնները, որոնց միայն մի մասն է երևում ջրի երեսին: Բացի այդ պարբերաբար բարձրացնելով ու իջեցնելով ջրամբարի մակարդակը՝ (դա կատարվում է գետի հոսքը կարգավորելու համար, ամռանն ավելի շատ ջուր է բաց թողնվում, գարնանը՝ կուտակվում) նպաստում ենք լճի տարածքում ցամաքային բույսերի զարգացմանը՝  հանգեցնելով ճահճացման երևույթի:

Երևանյան լճի հատվածում շատ սուր են էկոլոգիական խնդիրները, սակայն հսկայական է այն պոտենցալիալը, որը կարող էր ծառայել երևանցիների հանգիստը կազմակերպելու, ջրամբարի բարիքներից օգտվելու համար:

Հրազդան մարզադաշտից մինչև Երևան մտնող հատված: Նախորդ նշված ուղղությունների համեմատ այս ճանապարհը բավականին երկար է ու ձգվում է ավելի քան 8 կիլոմետր, սակայն այս հատվածն էլ ունի իր յուրահատկությունները, որոնց չէինք հանդիպում նախորդ հատվածներում: Նախ և առաջ նշված ճանապարհով անցնելիս նկատում ենք, որ այն բավականին յուրացված  է, ու առկա են ամենատարբեր շինություններ: Գետի հունի այս հատվածը քիչ թե շատ օգտագործվում է երևանցիների հանգիստը կազմակերպելու համար, մանավանդ, որ այս հատվածում գործում է Մանկական երկաթուղին, սակայն դա էլ չէ կարելի համարել պոնենցիալի լիարժեք և ճիշտ օգտագործում:
 Որքան հունով շարժվում ենք վեր, այնքան ավելի սակավ են դառնում այգիները, քանի որ այս հատվածում ժայռերն ավելի զառիթափ են դառնում: Դեպի հունն ի վեր շարժվելիս նաև նկատելի է դառնում, թե ինչպես է գետն ավելի սակավաջուր դառնում: Ճամփորդության վերջում ականատես ենք լինում նաև, թե ինչպես են միմյանց խառնվում Հրազդան գետի ու Քանաքեռի ՀԷԿ-ի ջրերը, որից մի փոքր էլ վեր Հրազդանն ընդամենը մի փոքրիկ առվակ է հիշեցնում: 


0 Մեկնաբանություն:

Отправить комментарий