Սկսում ենք նոր ուսումնական նախագիծ՝ քայլարշավ Հրազդանի ափերով: Մարտի 29-ին, ժամը՝10-ին, փոքրիկ խմբով վերոհիշյալ երթուղով մեկնարկում ենք մեր հետազոտական ճամփորդությունը: Ողջ ճամփորդությունը անցնելու է Հրազդան գետի հոսքն ի վեր՝ սկսելով Երևանք մուտք գործող հատվածից: Մինչ ճանապարհի նկարագրությունը սկսելը ուզում եմ հիշեցնել, որ Հրազդան գետի ջրերը, բացի իր բնական հունով հոսելուց, հոսում են արհեստական կառուցված ջրանցքով, որը կառուցվել է Սևան-Հրազդան կասկադի մեջ մտնող էլեկտրոկայանների աշխատանքը կարգավորելու համար: Ընդ որում, ջրանցքի մի մասը ստորերկրյա է, և առաջին կանգառը Քանաքեռի լիճ կոչվող ջրամբարի մոտ է, որտեղից իր աշխատանքն է սկսում Քանաքեռի ՀԷԿ-ը: Քանաքեռի ՀԷԿ-ից հետո ճանապարհը շարունակում ենք գետի հոսքին հակառակ ուղությամբ և հայտնվում Վերին Պտղնի գյուղի հարակից տարածքում, այս հատվածում հնարավորություն կունենանք տեսնելու, թե ինչպես է Հրազդան գետից առանձնացված ջուրը արհեստական ջրանցքով հոսում և այդ հատվածում դուրս է գալիս ընդերքից: Շարունակելով ճանապարհը և շրջանցելով ջրանցքի ստորերկյա հատված՝ հնարավորություն ունենք տեսնելու այն հատվածը, որտեղ ջրանցքը անցնում է գետնի տակ. դա տեղի է ունենում Գետամեջ գյուղում: Հաջորդ կանգառն արդեն տեղի կունենա Արզնի բնակավայրում, որտեղ իր աշխատանքն է սկսում Արզնիի ՀԷԿ-ը: Արզնի ՀԷԿ-ից հետո Հրազդան գետը ճյուղավորում է, ջրի մի մասը հոսում է գետի բնական հունով, իսկ մյուս մասն անցնում է ջրանցքով: Նույն պատկերին ականատես կլինենք, երբ հայտնվենք արդեն հաջորդ էլեկտրոկայանի՝ Արգելի մոտ: Վերջին կանգառը տեղի կունենա արդեն Հրազդան քաղաքում՝ Հրազդանի ջրամբարի մոտ, որը ոչ միայն բավականին խոշոր ջրամբար է, այլ նաև յուրահատուկ է նրանով, որ այստեղ են լցվում ինչպես Հրազդան գետի բնական հունով հոսող ջրերը, այնպես էլ գետի գետաբերանից ոչ հեռու՝ Սևանի ՀԷկ-ից հետո սկսվող ջրանցքի ջրերը:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий