2013/08/25

Բնական միջավայրի մարդածին աղտոտումը: Աղտոտման տեսակները



Երկիր մոլորակի աշխարհագրական թաղանթը և, մասնավորապես, կենսոլորտը միակ նպաստավոր միջավայրն է, որտեղ ծագել և զարգանում է մարդկությունը: Բայց հենց մարդկությունն է, որ իր գործունեությամբ խախտում է այդ միջավայրի հավասարակշռությունը, աղտոտում է միջավայրը, դարձնում պակաս նպաստավոր, իսկ առանձին դեպքերում էլ` աննպաստ և ուղղակիորեն մարդկանց կյանքի համար վտանգավոր:
Աղտոտում է կոչվում բնական միջավայրի այնպիսի փոփոխությունը, որը հանգեցնում է երկրահամակարգի էկոլոգիական հավասարակշռության խախտմանը և կենդանի օրգանիզմների, այդ թվում` մարդկանց գոյության պայմանների վատթարացմանը:

Բնական միջավայրի աղտոտումը կարող է լինել ինչպես բնածին, այնպես էլ մարդածին:
Բնական միջավայրի ներկայիս վատթարացման գլխավոր և առավել վտանգավոր պատճառը մարդածին աղտոտումն է և կապված է մարդու արտադրական գործունեության բացասական հետևանքների հետ:
Բնական միջավայրի մարդածին աղտոտման աղբյուրները, բուն աղտոտիչները և դրանց հետ էլ կապված աղտոտման տեսակները բազմազան են:
Տարբերում են աղտոտման 3 տեսակ` ֆիզիկական, քիմիական և կենսաբանական, թեև դրանք հաճախ միասնական ձևով են հանդես գալիս:
Ֆիզիկական է կոչվում այն աղտոտումը, որի հետևանքով փոփոխվում են միջավայրի ֆիզիկական ցուցանիշները, օրինակ` ջերմությունը, խոնավությունը, լուսավորվածությունը, աղմուկի մակարդակը, ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը, էլեկտրամագնիսականությունը:

Քիմիական աղտոտման դեպքում տեղի է ունենում միջավայրի քիմական հատկանիշների փոփոխություն: Միջավայր են թափանցում այնպիսի քիմիական նյութեր, որոնք չեն մարսվում բնության կողմից և մյուս նյութերի հետ քիմիական ռեակցիայի մեջ մտնելով` միջավայրը վտանգավոր են դարձնում կենդանի օրգանիզմների համար:
Կենսաբանական աղտոտում կոչվում են բնական միջավայրի այն փոփոխությունները, երբ միջավայր են թափանցում և բազմանում մարդու համար ոչ ցանկալի կենդանի օրգանիզմներ: Այդ օրգանիզմները կարող են մարդու առողջության համար ուղղակի վտանգ ծառայել կամ էլ փոխել կենսահամակեցությունների զարգացման ընթացքը անբարենպաստ ուղղությամբ և ի վերջո հանգեցնել բնական պայմանների ընդհանուր վատթարացման:
Բնական միջավայրի մարդածին աղտոտման ամենատարածված աղբյուրներն են` արդյունաբերություն, ավտոմոբիլային տրանսպորտը, շինարարությունը: Օրինակ, քարածխով աշխատող ջերմաէլեկտրակայանը արտանետում է մեծ քանակությամբ խարամ, թունավոր գազեր, մոծիր, ջրային գոլորշիներ, որոնք աղտոտում են շրջակա բնատարածքը: Ցեմենտի գործարանը օդային ավազան է մղում մեծ քանակությամբ փոշի, որը քամիների օգնությամբ կարող է տարածվել տասնյակ կմ շառավղով և նստել շրջապատի վրա:
Հանքարդյունաբերության ձեռնարկությունները ոչ միայն ավերում են այն բնական համակեցությունները, որտեղ հանքեր են բացվում, այլև իրենց թափոնները կուտակում են հանքի շրջակայքում` ամբողջովին փոխելով բնական լանդշաֆտը:
Ավտոմոբիլային տրանսպորտը հատկապես մեծ չափով աղտոտում է օդային ավազանը, որ թափանցում են ներքին այրման շարժիչների արտադրած գազերը:
Բնական միջավայրի ֆիզիկական ցուցանիշները նկատելի փոփոխություններ են կրում շինարարության ազդեցությամբ: Ամեն մի կառույց, գյուղեր, քաղաքներ, խոշոր ջրամբարներ, հիդրոէլեկտրակայաններ, փոխում են շրջապատի միկրոկլիման, ջերմության ու խոնավության ռեժիմը, ազդում մակերեսային և նույնիսկ ստորերկրյա ջրերի վրա, ստեղծում նոր տիպի` տեխնածին լանդշաֆտներ:
Բնական միջավայրի ֆիզիկական, ինչպես նաև մեխանիկական աղտոտման հետևանքներն անզեն աչքի համար մեծ մասամբ տեսանելի են և հաղթահարելի:
Այլ է վիճակը քիմիական ու կենսաբանական աղտոտման ժամանակ: Այս դեպքում բնական միջավայրըավելի բարդ և միանգամից դժվար նկատելի փոփոխություններ է կրում: Հետևանքների վերացումն էլ ավելի դժվարին բնապահպանական խնդրի է վերածվում:
Բնական միջավայրն աղտոտող նյութերը հաշվվում են հարյուրներով և իրենց բնույթով ու ծագմամբ շատ բազմազան են: Բազմազան է նաև դրանց բացասական ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա:
Բնական միջավայրի աղտոտում թույլ չտալու և աղտոտված միջավայրը մաքրելու համար անհրաժեշտ է ծանոթ լինել դրանցից գոնե գլխավորներին:
Ինչպես աղտոտման տեսակները, այնպես էլ աղտոտող նյութերը ըստ ծագման բաժանվում են երկու խմբի` բնական և արհեստական:
Բնական ծագման աղտոտող նյութերը տարածվում են հրաբխային գործունեության, հողի և լեռնապարների լվացման ու տեղատարման, անտառային հրդեհների, ծովի ալեկոծության ու ալեբախության, բույսերի ու մանրէների քայքայման և այլ բնական երևույթների հետևանքով:
Արհեստական ծագման նյութերը գոյանում են հանածո վառելիքի, արդյունաբերական ու կենցաղային թափոնների ցրման-տարածման, ինչպես նաև այրման հետևանքով: Մեծ չափով այդպիսի նյութեր են առաջանում ներքին այրման շարժիչներում, ջերմաէլեկտրակայաններում, հնոցներում ու արդյունաբերական վառարաններում, էներգակիրների այրումից, դրանք կենցաղային նպատակներով օգտագործելիս:
Մարդածին աղտոտող նյութերում մեծ բաժին ունեն քիմիական արդյունաբերության ու ատոմային էներգետիկայի թափոնները, ատոմային զենքի փորձարկումների հետևանքով գոյացած նյութերը:
Ըստ բնական միջավայրի վրա ունեցած ազդեցության` աղտոտող նյութերը բաժանվում են երկու հիմնական խմբի` ֆիզիկական և քիմիական:

Ֆիզիկական նյութերի մեջ մտնում են`
·         Գետերի պինդ հոսքը,
·         Ռադիոակտիվ տարրերը,
·         Ջերմային աղտոտում առաջացնող նյութերը,
·         Աղմուկի ու ցածր հաճախականության վիբրացիայի աղբյուրները:
Ավելի մեծաքանակ են միջավայրն աղտոտող և մարդու առողջության համար վտանգավոր քիմիական նյութերը:
Բոլոր աղտոտող նյութերը բնական միջավայր են թափանցում գազային, հեղուկ և պինդ վիճակում:

Բնական միջավայրի տարբեր բաղադրիչների աղտոտմանը այդ նյութերի մասնակցության բաժինը տարբեր է: Օրինակ, մթնոլորտն աղտոտող նյութերի շարքում գլխավորը գազային վիճակում գտնվող նյութերն են, մինչդեռ ջրերն ու հողերն աղտոտողների մեջ` հեղուկ և պինդ նյութերը:

Բնական ռեսուրսների և բնական պայմանների գնահատումը

 
Սկզբնական շրջանում բնական ռեսուրսներն ու պայմանները մարդկանց կողմից օգտագործվել են տարերայնորեն: Այժմ, երբ խիստ մեծացել է մարդու ճնշումը բնական միջավայրի վրա, անհրաժեշտ է բնական ռեսուրսները և բնական պայմանները ճիշտ օգտագործելու համար դրանք բազմակողմանիորեն ուսումնասիրել և գնահատել: Գնահատել նշանակում է որևէ բան արժեքավորել, որոշել դրա հարգը` արժեքը:
Գնահատել, արժեքավորել կարելի է այն, ինչին արդեն ծանոթ ես, ինչի քանակն ու որակը արդեն հայտնի է: Մինչև գնահատելը հարկավոր է կատարելի գույքագրում, պարզել օբյեկտի քանակն ու որակը, գտնվելու տեղը և պայմանները, այսինքն` կազմել բնական ռեսուրսների և բնական պայմանների կադաստր:
Կադաստր է կոչվում բնական օբյեկտների կամ երևույթների այն համակարգված ցուցակը, որն ընդգրկում է դրանց նկարագրությունը, քանակական ու որակական բնութագիրը:
Ներկայումս աշխարհի բոլոր երկրներում կազմվում են բնական օբյեկտների ու երևույթների տարբեր բնույթի կադաստրեր: Հատկապես լայն տարածում  ունեն հողային ռեսուրսների, օգտակար հանածոների, ջրային ռեսուրսների, կլիմայական ռեսուրսների, անտառային ռեսուրսների, լանդշաֆտների, հատուկ պահպանվող բնատարածքների ու բնության հուշարձանների կադաստրերը:
Գիտականորեն կազմված կադաստրը հնարավորություն է տալիս ճիշտ որոշելու ռեսուրսի օգտագործման ուղղությունն ու բնագավառը:
Բնական ռեսուրսների օգտագործման բնագավառները բազմազան են, որովհետև բազմազան են մարդու պահանջմունքները այդ ռեսուրսների նկատմամբ: Միևնույն ռեսուրսը կարող է օգտագործվել ամենատարբեր նպատակներով: Օրինակ` միևնույն անտառը հետաքրքրում է մարդուն մի դեպքում որպես վառելափայտի ու շինփայտի աղբյուր, մյուս դեպքում` որպես կլիմայաստեղծ գործոն, երրորդ  դեպքում` որպես պտուղների շտեմարան կամ գեղեցկության ու թարմության աղբյուր:
Կամ այլ օրինակ: Ջրային ռեսուրսները գյուղատնտեսության մեջ օգտագործվում են ոռոգման ու ձկնաբուծության համար, էներգետիկայում` որպես էլեկտրաէներգիայի աղբյուր, տրանսպորտում` նավարկության համար, կենցաղում` խմելու և կոմունալ նպատակների կամ մարդկային հանգիստը կազմակարպելու համար:
Հասկանալի է, որ թվարկված տարբեր ոլորտների համար նույն բնական ռեսուրսի նշանակություն, հետևապես արժեքը տարբեր է:
Որպեսզի որոշեն, թե որ բնական ռեսուրսն ինչ նպատակով օգտագործվի, որ դեպքում դրա արդյունավետությունը կարող է ավելի բարձր լինել, կատարում են գնահատում:
Հաշվի են առնվում նաև հասարակություն պահանջմունքները, որոնք ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել: Օրինակ, իր ժամանակին, երբ գնահատում էին Սևանա լճի ջրային ռեսուրսները, հաշվի էին առնում գյուղատնտեսական ոռոգման կարիքները: Ավելի ուշ, երբ հանրապետության ինդուստրացման հետ կապված աճեց էլեկտրաէներգիայի պահանջը, նույն ջրային ռեսուրսները գնահատեցին նաև էներգետիկայի տեսակետից: Ներկայումս հաշվի են առնում այլ պահանջմունքներ ևս, հատկապես բնակչությանը խմելու ջրով ապահովելու և լճի էկոլոգիական հավասարակշռությունը պահպանելու անհրաժեշտությունը:
Գնահատման ժամանակ անհրաժեշտորեն գործ ենք ունենում գնահատման ոչ միայն օբյեկտի` ռեսուրսի տեսակի, այլ սուբյեկտի` ռեսուրս օգտագործողի հետ: Օրինակ, ծառը գնահատման օբյեկտ է, իսկ գնահատման սուբյեկտներն են` գյուղատնտեսությունը, շինարարությունը, էներգետիկան, քաղաքային տնտեսությունը, ռեկրեացիան, բնապահպանությունը: Ջրային ռեսուրսի դեպքում գնահատման սուբյեկտներն են գյուղատնտեսական ոռոգումը, էլեկտրաէներգետիկան, ջրային տրանսպորտը, կենցաղային ու արդյունաբերական ջրամատակարարումը, ռեկրեացին, ձկնաբուծությունը:
Գնահատման ամեն մի սուբյեկտի համար միևնույն օբյեկտը տարբեր արժեք է ներկայացնում: Այդ պատճառով էլ տարբեր են լինում գնահատման չափանիշները և միավորները:
Միևնույն ծառը որպես վառելափայտ կամ շինափայտ օգտագործելու դեպքում չափում ենք փայտանյութի պաշարը, որի չափման միավորը խմ-ն է: Գյուղատնտեսության մեջ օգտագործելիս հաշվում ենք բերքատվությունը` մեկ տարում քանի կգ պտուղ է տալիս: Եթե ծառը մեզ հետաքրքրում է որպես կլիմայաստեղծ գործոն, ապա հաշվում ենք, թե ինչքան թթվածին կարող է արտադրել, ինչպիսին է սաղարթի խտությունը ստվեր առաջացնելու համար և այլ հատկանիշներ, որոնք չափման տարբեր միավորներով են գնահատվում:
Նույն ձևով էլ գետի ջրի էներգետիկական գնահատման համար օգտագործվում է կՎտ, տրանսպորտային գանահատման համար` գետի երկարությունը կմ-ով, խորությունը մ-ով, գյուղատնտեսական գնահատման համար` ջրի ծավալը խմ-ով և սեզոնային բաշխվածությունը:
Տարբերում են բնական ռեսուրսների գնահատման տարբեր տեսակներ: Գլխավոր տեսակներն են` տնտեսական, սոցիալական և էկոլոգիական:
Բնական ռեսուրսների տնտեսական գնահատումը մեծ մասամբ կատարվում է դրամական միավորներով: Գնահատվում է բնական ռեսուրսի տնտեսական օգտակարությունը, այսինքն` այն տնտեսական նշանակությունը, որ այդ բնական ռեսուրսն ունի մարդկանց տարաբնույթ պահանջմունքների բավարարման համար: Հաշվարկվում է, թե բնական ռեսուրսի տվյալ հատկանիշի օգտագործումը ինչպես կազդի աշխատանքի արտադրողականության վրա և ինչքանով կմեծացնի կամ կփոքրացնի արտադրանքի ինքնարժեքը, տնտեսական ինչ արդյունք կարող է տալ:
Բնական ռեսուրսների սոցիալական գնահատման նպատակն է պարզել ռեսուրսի սոցիաական արժեքը, այսինքն, թե իչպես է այն ազդում մարդկանց աշխատանքի, կենցաղի ու հանգստի կազմակերպման վրա, նպաստում է անձի ներդաշնակ զարգացմանը, թե արգելակում է: Ակնհայտ է, որ բոլորովին տարբեր սոցիալական արժեք ունեն, օրինակ, արևադարձային գոտու ծովափնյա շրջանների, տունդրայի ու սավաննաների, դաշտավայրերի ու լեռնային շրջանների բնական ռեսուրսներն ու պայմանները:
Բնական ռեսուրսների սոցիալական արժեքը դրամական միավորներով արտահայտել հնարավոր չէ, ուստի կատարում են համեմատական գանահատում: Տարբեր ռեսուրսներ համեմտելով միմյանց հետ որոշում են, թե որն է ավելի լավ կամ ավելի վատ և որին նախապատվությունը տալ:
Բնական ռեսուրսների էկոլոգիական գնահատման ժամանակ գլխավոր ուշադրությունը դարձվում է օբյեկտի միջավայրաստեղծ նշանակությունը: Փորձում են պարզել, թե բնության տվյալ տարրը կամ երևույթը, օրինակ` լճակը, անտառային պուրակը կամ լեռնալանջի քայքայումը, հողի էրոզիան, ինչ ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի վրա, ինչպես են փոխում դրա որակը:
Բնական ռեսուրսները երկրագնդի վրա բաշխված են խիստ անհավասարաչափ: Կան երկրներ ու տարածաշրջաններ, որոնք աճքի են ընկնում բնական ռեսուրսների մեծ բազմազանությամբ ու հարստությամբ: Այդպիսիք են, օրինակ, Արևմտյան Եվրոպան, Ուրալը, Սիբիրը, ԱՄՆ-ի շատ շրջաններ, Արևելյան Ավստրալիան, Հարավային Աֆրիկան: Դրան հակառակ, քիչ չեն այնպիսիք, որոնք զուրկ են տնտեսության բազմակողմանի զարգացման համար անհրաժեշտ բնական ռեսուրսներից:
Մեծ են նաև բնական պայմանների աշխարհագրական տարբերությունները` մարդկանց բնակության ու տնտեսական գործունեության համար աննպաստ, հավերժական սառույցներից ու տոթակեզ անապատներից մինչև բարեբեր անտառատափաստանները և բազմահարուստ ու բարեշնորհ ծովափնյա շրջանները:
Դրա պատճառով ծիստ տարբեր է երկրագնդի տարբեր մասերի ու երկրների ռեսուրսապահովվածությունը:
Ռեսուրսապահովվածությունը մի ցուցանիշ է, որով որոշվում են, թե որևէ երկիր, շրջան, ձեռնարկություն ինչպես է ապահոված բնական ռեսուրսների տարբեր տեսակներով, օրինակ, ոռոգման ջրով, անտառափայտով, նավթի ու գազի, այլ հանքատեսակների պաշարներով:
Ռեսուրսապահովվածությունը կարող է չափվել պաշարների ծավալով կամ այն ժամանակով, որի ընթացքում տվյալ ռեսուրսը կարող է օգտագործվել-սպառվել:

Պաշարների ծավալը կարելի է որոշել բնակչության մեկ շնչի և միավոր տարածքի հաշվով:

Բնական ռեսուրսներ և բնական պայմաններ


Բնական ռեսուրսներ: Ռեսուրսը ինչ-որ բանի հնարավորություն, պաշար, նախադրյալ է: Ընդհանրապես ռեսուրս է նաև այն ամենը, ինչը մարդկանց անհրաժեշտ նյութական ու հոգևոր բարիքների ստացման աղբյուր և նախադրյալ է: Այդպիսի աղբյուր ու նախադրյալ են մեզ շրջապատող բնության բազմաթիվ նյութեր ու երևույթներ` օգտակար հանածոները, անտառի հարստությունները, վարելահողն ու մարգագետինը, գետերն ու լճերը, քամին ու անձրևը, արևի լույսն ու ջերմությունը:
Բնական ռեսուրսները բնական միջավայրի այն նյութերն ու երևույթներն են, որոնք օգտագործվում են կամ կարող են օգտագործվել որպես աշխատանքի առարկա ու գործիք և սպառման առարկա:
Գոյություն ունի բնականա ռեսուրսների մի քանի դասակարգում: Դրանցից յուրաքանչյուրի հիմքում ընկած են բնական ռեսուրսների տարբեր հատկանիշներ: Բնական ռեսուրս հասկացությունը պատմական կատեգորիա է: Դա նշանակում է, որ ներկայումս օգտագործման ենթակա բնության տարրերն ու երևույթները միշտ չէ, որ ռեսուրս են եղել: Դրանք այդպիսիք դարձել են մարդկային հասարակության պատմական զարգացման շնորհիվ: Սկզբնական շրջանում մարդու համար ռեսուրս են ծառայել բնության պատրաստի բարիքները` հատապտուղները, որսի կենդանիները, ավելի ուշ` մետաղային հանքատեսակները, քարածուխը, նավթը, գետերի անկման էներգիան:
Այդ երևույթը հատկապես ինտենսիվ է զարգացել վերջին հարյուրամյակների ընթացքում: Երկաթի դարում մարդը կարողանում էր բնությունից կորզել և օգտագործել ընդամենը մի քանի քիմիական տարր, 18-րդ դարում ` 30, 19-րդ դարում` 50, իսկ ներկայումս արդեն ավելի քան 90:
Գիտության ու տեխնիկայի զարգացման շնորհիվ արագորեն ավելանում է ոչ միայն օգտագործվող բնական ռեսուրսների տեսականին, այլև նույն ռեսուրսի օգտագորխման բնագավառները և ծավալը:
Հատկապես արագ է աճում հանքատեսակների և Համաշխարհային օվկիանոսի ձկնային ռեսուրսների օգտագործումը:
Լայն տարածում ունի բնական ռեսուրսների դասակարգումն ըստ սպառման հնարավորության: Տարբերվում են` սպառվող ռեսուրսներ և չսպառվող ռեսուրսներ:
Չսպառվող ռեսուրսներ են, օրինակ, արեգակնային էներգիան, ծովային ալեկոծությունների, տեղատվության ու մակընթացության, քամու էներգիան:
Մնացած բոլոր ռեսուրսները սպառվող են: Բայց դրանց մեջ տարբերում են այնպիսիները, որոնք որոշակի ժամանակաընթացքում վերականգնվում են, և այնպիսիները, որոնք չեն վերականգնվում և օգտագործելու դեպքում կարող են սպառվել ամբողջովին, օրինակ` օգտակար հանածոները:
Վերականգնվող ռեսուրսներ են, օրինակ, բույսերը, կենդանիները, գետերի ու լճերի ջրային պաշարները: Դրանք այն ռեսուրսներն են, որոնք գոյանում են նյութի շրջապտույտի շնորհիվ և ունեն ցիկլային զարգացում: Բուսական ու կենդանական ռեսուրսները վերականգնվում են նյութի կենսաբանական շրջապտույտի, իսկ ջրային ռեսուրսները` ջրի շրջապտույտի շնորհիվ:

Կարևոր նշանակություն ունի բնական ռեսուրսների դասակարգումն ըստ ծագման: Առանձնացնում են ռեսուրսների հետևյալ խմբերը`
·         Հանքային (հանածո)
·         Ջրային
·         Հողային
·         Կենսաբանական
·         Կլիմայական
Այդ ռեսուրսները տարբերվում են ոչ միայն ծագումով: Դրանք տարբերվում են նաև գլխավոր ֆիզիկաքիմիական հատկանիշներով և այն դերով ու տեղով, որ ունեն աշխարհագրական միջավայրում ու մարդու կյանքում: Երկրի վրա ռեսուրսները տեղաբաշխված են խիստ անհավասարաչափ և տարբեր վայրերում տարբեր արժեք ունեն:
Կարևոր է գիտենալ նաև բնական ռեսուրսների դասակարգումն ըստ օգտագործման եղանակի: Առանձնացվում է երկու խումբ.
Առաջին` ռեսուրսներ, որոնք օգտագործվում են որպես արտադրամիջոց,
Երկրորդ` ռեսուրսներ, որոնք օգտագործվում են որպես սպառման առարկա:
Նախորդ դասակարգման բոլոր խմբերը կարող են ծառայել կամ ուղղակիորեն որպես արտադրամիջոց, այսինքն` աշխատանքի առարկա ու գործիք, կամ էլ որպես դրանց ստացման աղբյուրներ:
Անհամեմատ սահմանափակ են երկրորդ խմբի մեջ մտնող ռեսուրսները: Դրանք հիմնականում սննդի մեջ օգտագործվող ռեսուրսներն են` խմելու ջուրը, ձկները, որսի մսատու կենդանիները, սնկերը, վայրի հատապտուղները, ուտելու բույսերը, հանքային ջուրը:
Մի ուրիշ դասակարգման համաձայն` բնական ռեսուրսները բաժանվում են փոխարինելիի և անփոխարինելիի: Օրինակ` մարդկանց, կենդանիների ու բույսերի շնչառության համար անփոխարինելի է մթնոլորտի թթվածինը, խմելու համար` քաղցրահամ ջուրը: Բայց բավական շատ են բնական ռեսուրսների այն տեսակները, որոնք կարելի է փոխարինել այլ բնական ռեսուրսներով կամ արհեստական նյութերով: Գիտության ու տեխնիկայի զարգացման հետ դրանց թիվը մեծանում է:
Փոխարինելի ռեսուրսներից են մետաղը, փայտանյութը, բնական կաշին ու մորթին, բնական թելերը:

Բնական պայմաններ: Բնութանյան տարրը ռեսուրս է, եթե մասնակցում է կամ կարող է մասնակցել արտադրության պրոցեսին որպես աշխատանքի առարկա ու գործիք կամ սպառման առարկա: Շատ են այն դեպքերը, որբ բնության տարրը կամ հատկանիշը չմասնակցելով արտադրության պորցեսին` մեծապես ազդում է, կամ կարող է ազդել հասարակական կյանքի զարգացման վրա: Այդ դեպքում այն հանդես է գալիս որպես պայման: Օրինակ` մթնոլորտային ճնշումը, խոնավությունը, Երկրի ձգողականության ուժը, երաշտը, եղանակը, սառնամանիքը, տեղանքի բացարձակ բարձրությունը:
Բնական ռեսուրսի և բնական պայմանի միջև անանցանելի սահման գոյություն չունի, այդ սահմանը պայմանական է:
Բնական միջավայրի նույն տարրը միաժամանակ կարող է լինել թե’ ռեսուրս և թե’ պայման: Օրինակ` բնատարածքը, որն իր վրա է կրում մարդուն, ինչպես նաև այն ամենը, ինչ ստեղծված ` մարդու և բնության կողմից: Բնատարածքը հատուկ տեսակի բնական ռեսուրս է, առանց որի մարդկային հասարակությունը գոյություն ունենալ չի կարող:
Բայց բնատարածքը նաև բնական պայման է: Պայման է, որովհետև կախված որակից` այն տարբեր ազդեցություն է ունենում արտադրության վրա: Շատ կարևոր է` այն լեռնո՞տ է, թե՞ հարթավայրային, լանջերը զառիթա՞փ են, թե՞ մեղմաթեք, ինչպիսի՞ն է բացարձակ բարձրությունը, լանջերի կողմնադրությունը, ինչպիսի՞ն է բնական լանդշաֆտը:
ՄԻաժամանակ և’ բնական ռեսուրս, և’ բնական պայման են նաև կլիման, մանրէները, մթնոլորտի ու ջրավազանների ջուրը և այլն:
Եթե խոսքը բնության առանձին տարրի մասին է, ապա բարդ խնդիր չէ ամեն մի կոնկրետ դեպքում պարզել դրա ռեսուրս կամ պայման լինելը: Բայց ինչպե՞ս վարվել, երբ խոսքը ոչ թե առանձին տարրի, այլ տարբեր բնական տարրերի ամբողջության, դրանց համալիրի մասին է: Ի՞նչ պետք է հասկանալ, երբ, օրինակ, ասում ենք` Սևանի ավազանի բնական պայմանները ռացիոնալ չեն օգտագործվում կամ Արալի լճի բնական պայմանները խիստ վատացել են:
Ո՞րն է տարածքի, երկրահամակարգի բնական պայմաններ հասկացության բովանդակությունը:
Բնական պայմանները տվյալ տարածքի բնական ռեսուրսների, աշխարհագրական դիրքի և բնական միջավայրի մյուս տարրերի ամբողջությունն են, որոնք ի մի վերցված` կարող են նպաստել հասարակական զարգացմանը կամ խոչընդոտել այն:

Տվյալ տարածքի բնական պայմանների խոր իմացությունը ռացիոնալ բնօգտագործման և արդյունավետ բնապահպանության անհրաժեշտ նախադրյալն է: 

Բնօգտագործում և բնապահպանություն հասկացությունները

Ի սկզբանե մարդն օգտվել է իրեն շրջապատող բնությունից, օգտագործել է բնության ուժերն ու բարիքները հանուն իր գոյատևման ու բարօրության:
Բնօգտագործում է կոչվում ընդհանրապես բնական ռեսուրսների և բնական պայմանների օգտագործումը մարդու կողմից:
Բնօգտագործումը կարող է լինել ոչ ռացիոնալ և ռացիոնալ:
Բնօգտագործումը համարվում է ոչ ռացիոնալ, եթե բնական ռեսուրսը և դրա օգտակար հատկությունները օգտագործվում են ոչ լրիվ չափով, և այդ ընթացքում էական վնաս է հասցվում միջավայրին, խախտվում է էկոհամակարգերի բնական հավասարակշռությունը:

Հակառակ դրան, ռացիոնալ բնօգտագործման դեպքում բնական ռեսուրսները (անտառափայտը, հանքանյութը, գետի ջուրը և այլն) և դրա օգտակար հատկությունները օգտագործվում են ամնացորդ, և միաժամանակ նվազագույն վնաս է հասցվում բնական միջավայրին: Էկոհամակարգը չի կորցնում իր բնական հավասարակշռության ինքնավերականգնման հատկությունը:
Մարդը բնությունն օգտագործում է աշխատանքի, աշխատանքային գործունեության միջոցով, այսինքն՝ շրջակա բնության հետ մտնելով որոշակի հարաբերությունների մեջ: 
Մարդկային հասարակության զարգացմանը զուգընթաց մեծանում է մարդու ներգործությունը շրջակա բնական միջավայրի վրա, ուժեղանում է հասարակության և բնական միջավայրի միջև կատարվող նյութափոխանակությունը:

Բնական միջավայրի վրա մարդու ներգործության ուժեղացումը թողնում է երկու կարևոր բացասական հետևանք`
        1.   Բնության տարրերն ու երևույթները կորզվում, անջատվում են իրենց բնական միջավայրից, մշակվում են, փոխում են իրենց նախնական վիճակը և դառնում աշխատանքի երկրորդային առարկա ու միջոց: Բնական միջավայրը աղքատանում է, և էկոհամակարգի հավասարակշռությունը խախտվում:
      2.      Բնությունից կորզված տարրերն ու երևույթները ամբողջությամբ չէ, որ օգտագործվում, սպառվում են մարդու կողմից: Դրանց մշակման ու վերամշակման արդյունքում գոյանում են մնացուկներ, անջատվում են թափոններ, որոնք աղտոտում են շրջակա միջավայրը` դարձյալ խախտելով համալիրի բնական հավասարակշռությունը, և հաճախ մարդկանց առողջության համար դառնում են վտանգավոր:
Ուրեմն, երկու դեպքում էլ երկրահամակարգի ներսում և դրանց միջև տեղի է ունենում նյութի ընդհանուր շրջապտույտի խախտում: Իսկ դա նշանակում է, որ երկրահամակարգը կորցնում է իր ամենագլխավորին` ինքնավերականգնման ու ինքնամաքրման հատկությունը:
Ուրեմն` բնօգտագործումը մարդու միջամտությունն է նյութի բնական շրջապտույտին: Եթե այդ միջամտությունը շատ ծավալուն չէ, ապա շրջապտույտը, խախտվելով հանդերձ, չի վնասում բնական միջավայրի ինքնավերականգնմանն ու ինքնամաքրմանը, միջավայրի որակը չի վատանում:
Բայց ներկայումս բնօգտագործումը, հետևապես և մարդու միջամտությունը նյութի բնական շրջապտույտին վիթխարի չափեր է ընդունել: Երկրագնդի մի շարք շրջաններում այն գերազանցում է բնական միջավայրի ինքնավերականգնման և ինքնամաքրման կարողությունը: Այդ շրջանները հայտնվել են էկոլոգիական ճգնաժամի մեջ:

Էկոլոգիակն ճգնաժամ է կոչվում միջավայրի այն վիճակը, երբ խախտվում են նյութի բնական շրջապտույտը, համակարգի կապերը, միջավայրը սկսում է քայքայվել, դեգրադացիայի ենթարկվել, երբ նախկին բնական լանդշաֆտներն իրենց տեղը զիջում են ավելի ցածր արդյունավետություն ունեցող լանդշաֆտներին: Անհետանում են բուսական ու կենդանակն տեսակները, շատանում են մարդկանց հիվանդությունները:
Սովորաբար, որևէ տարածքի էկոլոգիական և վտանգավոր էկոլոգիակն վիճակները:
Էկոլոգիական ճգնաժամը կանխել, իսկ եթե այն սկսել է, ապա վերացնել կարելի է բնապահպանության միջոցով:
Ուրեմն` ի՞նչ է բնապահպանությունը:
Բնապահպանությունը միջոցառումների համակարգ է, որն ապահովում է բնական միջավայրի էկոլոգիական հավասարակշռությունը, բնական ռեսուրսների պահպանումը և վերականգնումը: Բնապահպանական միջոցառումները բազմաթիվ են, նաև բազմաբնույթ:


Աշխարհագրական թաղանթը և մարդը



Մարդն իր զարգացման սկզբնական շրջանում, երբ զբաղվում էր լոկ հավաքչությամբ և պարզունակ երկրագործությամբ, բնության վրա նկատելի հետք չէր թողնում: Նա միայն յուրացնում էր բնության պատրաստի բարիքները: Դա, այսպես կոչված, յուրացնող տնտեսության ժամանակաշրջանն էր:
Հետագայում յուրացնող տիպի տնտեսությունը վերաճեց արտադրող տնտեսության: Մարդը սկսեց ակտիվորեն միջամտել բնության երևույթներին, օգտագործել բնության տարրերը և նյութական բարիքներ արտադրել: Մարդկային հասարակության և բնական միջավայրի միջև ծագեց հակասություն: Արտադրության զարգացման հաջորդ փուլերում այդ հակասությունը ավելի խորացավ, որը երևում է ստորև բերված աղյուսակից:
ԲՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԵՐԸ
1
Հավաքչություն, որսորդություն – մարդը հարմարվել է բնական միջավայրին, առանց այն վերափոխելու
շուրջ 30 հզ. Տարի առաջ
2
Գյուղատնտեսական հեղափոխություն – անցում որսորդությունից դեպի երկրագործություն: Բնական լանդշաֆտների մասնակի փոփոխություն
6-8 հզ տարի առաջ
3
Երկրագործության ընդարձակում, արհեստագործության զարգացում, բնական ռեսուրսների օգտագործման ընդլայնում:
միջին դարեր
4
Արդյունաբերական հեղափոխություն – բնական լանդշաֆտների արագ վերափոխում: Բնական միջավայրի վրա մարդու ազդեցության կտրուկ մեծացում:
300 տարի առաջ
5
Գիտատեխնիկական հեղափոխության արդի փուլ – արտադրության տեխնիկական բազայի արմատական զարգացում: Կտրուկ տեղաշարժեր «Հասարակություն – բնական միջավայր» համակարգում:
20-րդ դարի կեսերից սկսած

Հասարակական արտադրության զարգացման արդի փուլում այդ հակասությունն ընդունել է վիթխարի չափեր և սպառնում է մարդկային հասարակության գոյությանը:
Հակասությունը խորանում է այն ժամանակ, երբ մարդը մտածում է բնությունից առավելագույնը վերցնելու մասին միայն, գիտակցված կամ չգիտակցված խախտում է բնական պրոցեսների հավասարակշռված ընթացքը:
Մարդու գործունեությունից տուժում է Երկիր մոլորակի՝ ձեզ հայտնի այն շերտը, որը կոչվում է աշխարհագրական թաղանթ:
 

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԹԱՂԱՆԹ
Մթնոլորտի ստորին շերտեր (25-30 կմ)
Քարոլորտի վերին շերտեր (մինչև 4-5 կմ)
Ջրոլորտ
Կենսոլորտ
Մարդոլորտ

Աշխարհագրական թաղանթի բաղադրիչների միջև տեղի է ունենում նյութի էներգիայի անընդհատ փոխանակում: Աշխարհագրական թաղանթի բաղադրիչները Երկրի վրա գոյացնում են տարբեր զուգորդություններ, որոնք հայտնի են երկրահամակարգեր անունով:
Համակարգի որևէ բաղադրիչի փոփոխությունը հանգեցնում է մյուս բաղադրիչների, ուստի և ամբողջ համակարգի փոփոխությանը: Դա ամեն մի համակարգի, հետևապես և երկրահամակարգի գլխավոր հատկանիշն է:
Կենսոլորտը և մարդոլորտը, լինելով աշխարհագրական թաղանթի ոլորտային բաղադրիչներ, միաժամանակ հատուկ տեսակի երկրահամակարգեր են: Հատուկ տեսակի, որովհետև դրանց կազմը, կառուցվածքը և ներքին պրոցեսները, ի տարբերություն այլ երկրահամակարգերի, պայմանավորված են գլխավորապես կենդանի օրգանիզմների կենսագործունեությամբ և մարդկանց (հասարակության) արտադրական գործունեությամբ:
Կենսոլորտի սահմաններում է, որ ծագել է մարդը և, զբաղվելով արտադրական գործունեությամբ, վերափոխվել է բնական միջավայրն ու ստեղծել մի նոր ոլորտ՝ մարդոլորտը:
Կենսոլորտում և մարդոլորտում է, որ մարդու ներգործության հետևանքով խախտվում է էկոլոգիական հավասարակշռությունը, և ծագում են էկոլգիական հիմնախնդիրներ:
Էկոլոգիա տերմինը տարբեր իմաստներով է օգտագործվում: Մի դեպքում էկոլոգիան (հուն. Oikos – բնակարան, կացարան և logos – ուսմունք, գիտություն բառերից) գիտություն է կենդանի օրգանիզմների՝ միմյանց և շրջակա միջավայրի հետ ունեցած փոխհարաբերությունների մասին: Այն ձևավորվել է որպես կենսաբանության ենթաճյուղ, մտնում է կենսաբանական գիտությունների համակարգի մեջ և ուսումնասիրում է միջավայրի ու դրանում կատարվող փոփոխությունների ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա:
«Էկոլոգիան» օգտագործվում է այլ, ավելի լայն իմաստով ևս: Դա գիտության տարբեր ճյուղերում (կենսաբանություն, աշխարհագրություն, ֆիզիկա, քիմիա և այլն), սահմանագլխին ձևավորված մի համալիր ուղղություն է, որը զբաղվում է բնական աշխարհագրական միջավայրում մարդու, մարդկային բնութայն փոխազդեցությունների ուսումնասիրությամբ:
Կենդանի օրգանիզմների ամեն մի համակեցություն ունի իր հատուկ բնական միջավայրը, որի հետ կազմում է մի ամբողջություն: Այդ ամբողջությունը հայտնի է էկոհամակարգ անունով:
Էկոհամակարգի գլխավոր հատկանիշներն են ինքնակարգավորումը և ինքնավերականգնումը, որոնց իմացությունն անհրաժեշտ է բնօգտագործման ու բնապահպանության հարցերի լուծման ժամանակ:
Մարդու ներգործության հետևանքով էկոհամակարգի հավասարակշռությունը՝ հետևապես և ինքնակարգավորումը կարող է խախտվել:
Էկոլոգիան կամ նույնն է, թե աշխարհագրական հավասարակշռությունը էկոհամակարգի և ընդհանրապես շրջակա միջավայրի այն վիաճկն է, երբ բաղադրիչների փոխազդեցությունը հավասարակշռված է, և տեղի է ունենում համակրգի կայուն բնական զարգացում:
Այպես ուրեմն, նյութի շրջապտույտ են կոչվում բնության մեջ նյութի փոխակերպման և տեղափոխման օրինաչափորեն կրկնվող պրոցեսները:
Ամեն անգամ, երբ ինչ-ինչ պատճառներով խախտվում է նյութի շրջապտույտը, խախտվում է նաև էկոլոգիական հավասարակշռությունը, և փոխվում է շրջապատի որակը:
Ներկայումս մարդու ազդեցությամբ նյութի շրջապտույտի վտանգավոր խախտում նկատվում է թե՛ համամոլորակային, թե՛ ռեգիոնալ և թե՛ տեղական մակարդակներով:
Բնության վրա մարդու վնասակար ազդեցություն թույլ չտալու և դրա հետևանքները չեզոքացնելու համար անհրաժեշտ է խորապես ճանաչել մեր շրջակա բնական իջավայրում տեղի ունեցող նյութի շրջապտույտը և բոլոր տնտեսական – արտադրական միջոցառումները համապատասխանեցնել այդ շրջապտույտին: Դա մարդ – բնություն հարաբերություննը ճիշտ կառուցելու անհրաժեշտ պայմանն է: